2011.12.08,

Քննադատ

Էթիկայի խնդիրը հայկական հեռուստադաշտում

Այնպես չէ, որ էթիկան հայկական հեռուստադաշտի ամենապարզաբանված թեման է: Սակայն խնդիրն այն չէ, որ հեռուստաընկերությունների ներկայացուցիչներից ոչ ոք առանձին վերցրած չգիտի, թե էթիկան ինչ է, այլ որ դա չգիտի իբրեւ տվյալ հեռուստաընկերության ներկայացուցիչ:

«Կենտրոն» հեռուստաընկերության մեկնաբանը «Ուրվագիծ» հաղորդաշարին հրավիրել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գագիկ Մելիքյանին եւ տանջում է, ըստ իս, ճիշտ, բայց հեռուստահարցազրույցի տեսանկյունից բացարձակապես սխալ տոնայնություն ունեցող հարցերով: Ընդ որում` հիմնականում չի էլ լսում նրա պատասխանները: Այլ հարց է, որ պատասխաններից ոչ մեկը մեկնաբանի հարցի արդյունք չեն:

Այսքանով հանդերձ` խնդիրը «Ուրվագծի» մեկնաբանը չէ, այլ այն, որ նրա ներկայացրած հեռուստաընկերությունը պատկանում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, ինչից ենթադրելի է, որ ԲՀԿ ամբողջ խմբակցությունը «Ուրվագծի» մեկնաբանի առնվազն հաճելի հյուրերն են, այլ խոսքով` անձեռնմխելի են ոչ միայն «Ուրվագծի» համար, այլեւ տվյալ հեռուստաընկերության լրատվականի՝ «Էպիկենտրոնի»:

Հ1-ի «Հարցազրույցի» հաղորդավարը 2008-ի մարտի 1-ից 3,9 տարի հետո ՀԱԿի համակարգողի հետ զրուցելիս փորձում է ճշտել՝ «դուք արտահերթ ընտրությունների կողմնակի՞ց եք»: Այս ճշտումը հեռուստաեթերում հակաէթիկայի գլուխգործոցն է, որովհետեւ Հ1-ի աշխատակիցն իր հարցով ընդդիմության ներկայացուցչին հիշեցնում է, որ ամբողջ 3, 9 տարի արհամարհել է նրանց այդ դիրքորոշումը եւ միայն հիմա է փորձում հասկանալ այդպե՞ս է, թե՞ այդպես չէ:

«Երկիր Մեդիայի» «Երկրի հարցը» թողարկման հյուրերի տեսականին քաղաքականապես բազմերանգ է, սակայն ոչ ոք մեկնաբանի հարցաշարի քմահաճությունից պաշտպանված չէ, թեպետ հարցաշարի մեջ պարզ երեւում է մեկնաբանի ծայրահեղ անպատրաստվածությունը: ՀԱԿ համակարգողը հիշեցնում է «Երկրի հարցի» մեկնաբանին, որ իրենց հիշում են միայն ծայրահեղ դեպքերում, իսկ մեկնաբանն ուղղակի շպրտում է նրա երեսին. «Մենք շահագրգռված ենք խոսել ցանկացածի հետ, երբ որ հանրային հետաքրքության բան կա՝ անկախ նրանից՝ դուք եք, թե ովքեր են»:

Մեկնաբանը կարող է ճիշտ լինել, բայց եթե նա «հանրային հետաքրքրության» հարցեր ունի, քան իր հեռուստաընկերությանն ուղղված մեղադրանքներին պատասխանելն է, չպետք է ագրեսիվանա, այլ նույնիսկ պետք է ներողություն խնդրի հյուրից, կրկնում եմ՝ անգամ եթե մեկնաբանը ճիշտ է: Ինչու՞:

Տարրական էթիկան ասում է՝ քո հյուրը իր հեռուստահրապարակը չունի՝ ի տարբերություն ՀՅԴի, այդքանով նա արդեն ճիշտ է: Երբ հյուրը սադրում է՝ ասելով, որ մեկնաբանի հեռուստաընկերությունը մրցակից կուսակցության հանդեպ իրեն հրեշտակի պես չի պահել, մեկնաբանը չարախնդում է՝ դուք եք ձեզ հրեշտակի նման պահել:

Այդպես չի լինում, նա պարտավոր չէ հրեշտակ լինել, ավելին՝ քո գործը անտիհրեշտակին աղավնու կերպարով ներկայացողի մեջ բացահայտելն է՝ պայմանով, եթե աղավնին դու ես: Նախ ինքներդ ձեզ հարց տվեք՝ ինչու՞ պիտի քաղաքական գործիչը լրագրողին մեղադրի աչառու լինելու մեջ, եւ փաստը, որ նա մեղադրանքն ուղղում է իրեն հակառակորդ կուսակցական լրատվամիջոցին, ինչու՞ պիտի ճիշտ չլինի նա, երկրորդ՝ ինչու՞ պետք է մեղադրանքին լրագրողը հակադարձի «հրեշտակը դուք եք» ձեւակերպմամբ:

Էթիկան ասում է՝ խոսափող չունեցող ընդդիմության ներկայացուցիչը չի կարող հրավիրվել հեռուստաեթեր զուտ իր սխալները երեսին շպրտելու համար, երկրորդ՝ չի կարող ընդդիմությունը սխալվել, իսկ ՀՅԴականը «Երկիր Մեդիայում», ԲՀԿականը «Կենտրոնում», Հրանտ Վարդանյանի կլանը` «Ար»ում, գլխավոր դատախազի թիմը` Երեւան հեռուստաընկերությունում, ՀՀԿականը Հ1-ում լինել անսխալական:

Եթե ոչ մի հեռուստաընկերություն իրեն հարց չի տալիս, թե հայկական հեռուստադաշտում ով է ամենաանխոցելի քաղաքական դեմքը, ի՞նչ իրավունքով է նա հարձակվում խոցելիների վրա: Որտե՞ղ է լրագրողի էթիկան:

Եթե հեռուստադաշտում կա մեկ անխոցելի մարդ (այդ մարդը բոլոր ալիքներով հյուրեր է ընդունում աշխարհի տարբեր ծայրերից, նրանց ներկայացնում մեր երկրի պաշտոնական տեսակետը այս կամ այն հարցի մասին, ընդունում նույնիսկ արտասահմանյան հեռուստալրագրողների, բայց չի խոսում հայ ոչ մի հեռուստալրագրողի հետ), մյուսների խոցելիությանն անդրադառնալն անազնիվ է, էթիկապես սխալ:

Մհեր Արշակյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *