«Լրագրողին կերակրում են ոտքերը» հայտնի ասացվածքը հիմա էլ արդիական է: Հաճախ մենք վկա ենք դառնում մի տեսարանի, երբ մեր մեդիա դաշտի բազմաչարչար լրագրողները ասուլիսից ասուլիս են «վազում» ՝ հետագայում իրար հետ անկեղծ զրույցում այդ պրոցեսը որակելով որպես ձանձրալի զբաղմունք:
Լինում են դեպքեր, երբ լրագրողը, հապճեպ ժամանելով ինչ–որ քաղաքական գործչի ասուլիսի, նույնիսկ չի էլ հասցնում նախօրոք իմանալ նրա անունը՝ ստիպված լինելով իր կողքին նստած գործընկերոջ ականջին շշուկով հարցնել՝ «Էս ո՞վ ա»: Հետո էլ այդ նույն ասուլիսում նա տալիս է իր հերթապահ հարցը, որը տվել էր առավոտյան, ինք էլ չի հիշում, ինչ–որ մի պատգամավորի մեկնաբանություն ստանալու համար:
«Վազող ոտքերը»՝ մեծ մասամբ գեղեցիկ սեռի ներկայացուցիչները, մեր լրատվական դաշտի գերակշռող մասն են կազմում: Թեպետ պետք է նշել, որ մեր գործում սեռը եւ սեռական օրիենտացիան բոլորովին էլ նշանակություն չունեն, կարեւորը՝ «ոտքերի» տիրոջ գլուխը լավ աշխատի:
Երբ այդպիսի վայ լրագրողը, կատարելով իր «քրտնաջան» աշխատանքը, վերադառնում է խմբագրություն, նրա պատասխանը խմբագրի՝ «Ի՞նչ հետաքրքիր բան կար» հարցին, գրեթե նույն է՝«Հեչ, ոչ–մի հետաքրքիր բան էլ չկար, հերթական ասուլիսներից էր»:
Բայց եթե մեդիա ճակատի այդ ներկայացուցիչը ըստ պատշաճի պատրաստվեր այդ իրադարձությանը, դա հերթական ասուլիս չէր լինի, ավելին՝ նա միջոցառումից կարող էր վերադառնալ լավ ավարով, նույնիսկ դառնալ սենսացիայի հեղինակ: Ասուլիսի մեխը կարող էր լինել նրա տված լավ հարցի պատասխանը: Սակայն հետաքրքիր հարց տալու համար պետք է շատ լուրջ նախապատրաստական աշխատանք տանել:
Չընկնենք առաջ եւ ամեն ինչ ներկայացնենք ըստ հերթականության: Եվ այսպես, լրագրողին խմբագրությունում տեղեկացնում են, որ վաղը առավոտյան նա պետք է գնա ինչ–որ հայտնի դեմքի ասուլիսի: Ինչպիսի՞ առաջնահերթ գործողությունների նա պետք է դիմի: Դե բնական է, որ առաջին հերթին նա պիտի ստուգի՝ ինչ վիճակում է իր ձայնագրիչը, անհրաժեշտության դեպքում նոր մարտկոցներ տեղադրի: Ընկնելով ասուլիս տանող ճամփան՝ անպայման իր հետ պետք է վերցնի գրիչ եւ գրատետր, քանի որ բոլոր դեպքերում տեխնիկային լիովին վստահել չի կարելի:
Անհրաժեշտ է նաեւ դեպքի վայր ժամանել մի քիչ շուտ՝ տեղ զբաղեցնելով առաջին շարքերում. այդպես ավելի մեծ հնարավորություն է ընձեռնվում հարցը առաջիններից տալ, քանի որ հռետորը կարող է սահմանափակել հարցերի քանակը: Իգական սեռի ներկայացուցիչները ասուլիսի հռետորին չպետք է շոկի մեջ գցեն իրենց կարճ շրջազգեստով, մանավանդ, եթե մտադիր են նստել առաջին շարքում: Վերջիվերջո քաղաքական գործիչն էլ է / եթե նա արական սեռի ներկայացուցիչ է/ տղամարդ:
Իսկ ինչպե՞ս պատրաստել լավ հարց, դա արդեն այլ բան է: Նախեւառաջ կարեւոր է մինչեւ ասուլիսի գնալը համացանցով ուսումնասիրել ասուլիսի հերոսի կենսագրությունը, ծանոթանալ նախկինում նրա կողմից հնչեցված հայտարարություններին: Քաղաքական գործիչները վախենում եւ միեւնույն ժամանակ հարգում են տեղեկացված լրագրողներին:
Բերեմ մի վառ օրինակ, թե ինչպես սուր հարցը հնարավորություն տվեց ինձ հարցազրույց անցկացնել տվյալ ժամանակաշրջանի աշխարհի ազդեցիկ մարդկանցից մեկի հետ:
90-ական թավականների վերջերին Հայաստան ժամանեց այն ժամանակվա ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանան: Մեկնելով նրա ասուլիսին՝ մի հարց պատրաստեցի՝ կապված ՆԱՏՕ–ի՝ դեպի Արեւելք ընդլայնվելու հետ, որը շատ արդիական էր այն տարիներին: Երբ այդ հարցը հնչեցրի /այն ժամանակ աշխատում էի Հայաստանում որպես ԻՆՏԵՐՖԱՔՍԻ սեփական թղթակից/ Սոլանան փրփրեց, կարմրեց, սկսեց արդարանալ՝ ասելով, որ ՆԱՏՕ–ն երբեք դեպի արեւելյան երկրներ ընդլայնվելու քաղաքական նպատակ չի հետապնդել /իհարկե ժամանակը ցույց տվեց այլ բան/ եւ ոչ մեկին չի պարտադրում անդամակցել այդ կազմակերպությանը, այդ կառույցն էլ ուղղակի օգնում է տվյալ տարածաշրջանի որոշ երկրներին հոգալ իրենց անվտանգությունը:
Երեւում էր, որ ես «կպա» նրա թույլ լարերին: ՆԱՏՕ–ի քարտուղարի պատասխանը տեւեց երեւի մոտ 10-15 րոպե: Բայց դրանով Սոլանան չսահմանափակվեց. ասուլիսի ավարտին ինձ մոտեցավ նրա օգնականը՝ խնդրելով բարձրանալ նույն շենքի /կառավարական ընդունելությունների տան/ երրորդ հարկ, քանի որ Սոլանան ցանկանում էր ինձ հետ առանձին հանդիպել:
Զարմանքիս չափ չկար. իմ երկարատեւ լրագրողական պրակտիկայում առաջին անգամ էր այդպիսի բան պատահում: Երբ օգնականի ուղեկցությամբ մտա երրորդ հարկի այդ սենյակը, ինձ արդեն սպասում էր ամենակարող ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարը:
Նա արդեն նստել էր բազմոցին, սեղանին դրված էր մրգով լի սկուտեղը: Բայց նա ամենեւին էլ չէր պատրաստվում զբաղվել իմ հյուրասիրությամբ եւ միանգամից անցավ գործի. «Ես Ձեզ հրավիրել եմ, որ առանձին հարցազրույց տամ»,- սկսեց նա: Որոշ դադարից հետո նա անսպասելի հարցրեց՝ «Իսկ Դուք ազգությամբ ռու՞ս եք»: Ստանալով բացասական պատասխան՝ նա կարգադրեց, որ շտապ գտնեն եւ բերեն թարգմանիչ, քանի որ կուզենար հայտնել իր տեսակետը ասուլիսում հնչեցրած իմ հարցի վերաբերյալ եւ, եթե անհրաժեշտություն կա, պատասխանել իմ հարցերին:
Երբ պատրաստի նյութը փոխանցեցի «ԻՖ» խմբագրություն, ինձ անմիջապես զանգահարեց մեր գործակալության նախագահի առաջին տեղակալը՝ ճշտելու, թե ինչպես հաջողվեց ինձ բացառիկ հարցազրույց վերցնել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարից:
Եղել են նաեւ բազմաթիվ այլ ասուլիսներ, որտեղ հռետորին աշխատել եմ ուղղել սուր հարցեր: Կարեւորը՝ երբեք չեմ համարել, որ ասուլիսը զուտ ժամանակ վատնելու տեղ է, պարզապես միշտ զինանոցում պետք է սուր եւ հրատապ հարց ունենալ:
Տիգրան Հովհաննիսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: