2011.10.20,

Քննադատ

Հեռուստադիտակ-մանրադիտակ

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Մեր հայրենական հեռուստաընկերությունները գրեթե լիովին հրաժարվել են պրոֆեսիոնալներից: Եվ խոսքը միայն լրագրողների մասին չէ (նրանց համար պրոֆեսիոնալիզմի չափման մեկնակետը ազատությունն է, և եթե նրանք ազատ չեն, ուրեմն մասնագետ լինելու պահանջ իրենց չի ներկայացվում), այլ այն կորիզի, որը բոլոր ֆորմատների հաղորդումների պատրաստման ընթացքում պատասխանատու է կադրի, ձայնի, լույսի որակի համար:

Իրականում օպերատորները, լուսային և ձայնային ռեժիսորները հենց այն մարդիկ են, որոնց շնորհիվ կայանում է հեռուստաէկրանի վրա հայտնվող գործողությունը: Նրանք են կադր կառուցում, և նրանց հայացքի միջոցով ենք մենք տեսնում կատարվածը: Թեման և նյութի ընտրությունը մի կողմ դնենք, եկեք դիտենք միայն պատկերը (այսպես ասած` «կարտինկան») ու հետևենք միկրոֆոնների դասավորմանն ու կադրերի մոնտաժին: Որպես կանոն մենք տեսնում ենք լղոզված պատկեր, սխալ կոմպոզիցիա ու վատ լույս:

Վերջերս, օրինակ, «Կենտրոն» ալիքի եթեր էր դուրս եկել մի հաղորդում, որտեղ խախտված էին հեռուստակադրի կառուցման տարրական կանոնները. տեսախցիկները տեղադրված էին այնպես, որ հյուրն ու վարողը ոչ թե իրար, այլ նույն ուղղությամբ էին նայում (չէր պահպանվել այսպես կոչված` հեռուստաաչքի «ութի» դասավորումը), իսկ [[wysiwyg_imageupload:117:]] դեկորացիայի բեկորները հիշեցնում էին գյուղական ակումբների պաստառները:
 
Նույնիսկ երբ քեզ հետաքրքրող մի բան ես ուզում դիտել էկրանին (ասենք, բացառության կարգով, քեզ գրավել է թեման), ապա դիսկոմֆորտ ես զգում, քանի որ աչքդ որսում է խոսնակի «վառված» դեմքը, ականջդ լսում է միկրոֆոնի խշխշոցը կամ էլ նկատում ես, որ ախր չի կարելի կադրերի նման անցում կատարել (օրինակ, նույն մարդու միջին պլանից անցնել խոշոր պլանի` առանց «պերեբիվկայի»):

«Շողակաթ» ալիքով մի կին էր խոսում, ում տարիքին այդ ալիքը առնվազն մի տասնամյակ էր գումարել, քանի որ նրան պարզապես անխնա լույսով էին ողողել, առանց հաշվի առնելու, որ հիմնական լույսը հարկ է լրացնել, փափկեցնել, որպեսզի մարդու դեմքին չհայտնվեն ստվերներն ու ինքն էլ չձուլվի ֆոնին:

Եվ հաստատ շատերը նկատած կլինեն, որ երբ բոլորս (ազգովի) դիտում էինք Հայաստանի ֆուտբոլային հավաքականի խաղը մեր դաշտում, մենք գրեթե չէինք տեսնում ֆուտբոլիստների դեմքերը` խոշոր պլաններով: Նույնիսկ միջին պլաններն էին հազվադեպ, ողջ հանդիպումը միայն ընդհանուր պլանի միջոցով էր ընկալվում:

Դետալների անտեսումն ու մասնագիտական խոտանը իրականում շատ լուրջ խնդիրներ են, որոնք առավել ցայտուն երևում են ուղիղ եթերների ընթացքում: Եվ քանի որ ուղիղ եթերի մենաշնորհը տրված է «Հ1»-ին, ամենատխուր պատկերը հենց այդ ալիքում է: Պաթետիկ իշխանական համերգների կամ սպորտային հանդիպումների ժամանակ հաճախ օպերատորների ու ռեժիսորի «խոհանոցային» զրույցի ունկնդիրը կարող ես դառնալ կամ էլ մի քանի րոպե շարունակ դատարկ պատկեր դիտել (ասենք, ռեժիսորը քնել է պուլտի մոտ կամ էլ ռացիան չի աշխատում և հնարավոր չէ օպերատորի հետ կապ պահպանել): Եվ դա այն դեպքում, երբ հանրային ալիքը ամենաթանկ եթերային ժամանակն ունի:

Մեր հեռուստատաընկերությունները հեռարձակվող պատկերի որակը ապահովող պրոֆեսիոնալներից հեշտությամբ են ազատվել, քանի որ ենթադրել են, որ եթե կա խցիկ, ապա նկարահանող կգտնվի: Վերջիվերջո, կարելի է պարզապես խցիկը տեղադրել ու մի ողջ հաղորդում առանց օպերատորի, միայն ընդհանուր պլանով նկարահանել: Իսկ լույս ու ձայն կառուցողներն ընդհանրապես ավելորդ շքեղություն են:

Այդ պատճառով էլ հիմա, երբ արդեն 20-ամյա անկախություն ունենք և այլևս չենք ենթարկվում Մոսկվայի կողմից առաջ քաշած մասնագիտական վերապատրաստման պահանջին, հեռուստատեսության հիմնական կազմի լրացման խնդրի առջև ենք կանգնել: Այսօր նույնիսկ մեծ ցանկության դեպքում չենք կարողանա բոլոր հայրենական ալիքների աշխատակիցներից մեկ ամբողջական, պրոֆեսիոնալ խումբ կազմել: Մասնագետներ պարզապես չկան, կամ էլ այնքան են սովորել իմիջիայլոց աշխատել, որ նրանց որակավորումը դարձել է կասկածելի:

Բոլոր ալիքները լոկալ հարցեր են լուծում, ասենք մրցում են իրար հետ երաժշտական շոուների, սերիալների (շուտով նաև ընտրությունների սպասարկման) դաշտում, սակայն պատկերի որակն ու խոտանից ազատվելը մրցակցությունից դուրս է: Դա իրողություն է, որը շտկելու համար ոչ ցանկություն, ոչ էլ ներուժ կա:

Աշխատանքային պատրանքը ստեղծվում է հիմնականում տարբեր ուղղվածություն ունեցող միջազգային շոու-պրոեկտների խղճուկ կրկնօրինակմամբ: Դրանում առաջատարն, օրինակ «ATV»-ն է, որը արագ-արագ մի նոր նախագիծ է «թխում» ու խմորման փուլը չանցած` եթեր ուղարկում: Կադրը դողաց, ձայնը ընդհատվեց, լույսը պայթեց, տեքստը մոռացվեց: Ոչինչ, այդպես էլ «կուտվի»:
 
Եվ ստացվում է, որ չունենալով որակյալ մասնագիտական ռեսուրս (սցենարիստներ, խմբագիրներ, օպերատորներ, ռեժիսորներ և այլն), ամեն մի նոր նախագիծ դատապարտված է լինում հանպատրաստից եթեր դուրս գալ և «պղտոր» հեռուստաարտադրանք մնալ: Որի համար ի դեպ` ոչ ոք պատասխանատվություն չի կրում:

Երբ վերջերս «Հ1»-ով ստիպված եղանք լսել հեռուստադիտողի համար չնախատեսված խոսքերը («Արա ի՞նչ ես անում, կադրը պահի, տո ես քո…»), կարելի էր սպասել, որ խոտան թույլ տված մասնագետը պետք է նվազագույնը ավարտի իր կարիերան: Սակայն դա նորմալ երևույթ համարվեց:

Դա նույնն է, ինչ իմ ճաշասենյակում կամերա դնեմ ու եթեր դուրս գամ: Անունն էլ դնեմ «հեռուստաընկերություն»:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *