2011.10.14,

Քննադատ

Մամուլի ուժը․ կա՞ տենց բան

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Սովետական իրականությունից որպես ժառանգություն մեզ հասել է «չորրորդ իշխանություն» արտահայտությունը, ինչից մենք պետք է հասկանայինք եւ առ այսօր հասկանում ենք, որ մամուլը հզոր ուժ է, որի հետ պետք է հաշվի նստել։

Հոկտեմբերի տասին մի քանի ֆեյսբուքչիներով հավաքվել էինք ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի տան մոտ։ Ավելի ճիշտ՝ այն կիսաքանդ շինության մոտ, որի տեղը պետք է կառուցվի «հուրանոցային բազմաֆունկցիոնալ շենք» (ուղղագրությունը տրված է ըստ շինարարական պաստառի)։

Մեքենաները քանդում էին, հավաքվածները փորձում էին այստեղ-այնտեղ զանգահարել, որպեսզի աշխատանքները գոնե ինչ-որ ժամանակով կանգ առնեն, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչ անել եւ այլն։

Ինչեւէ, շուտով դեպքի վայրում սկսեցին հավաքվել լրագրողները։ Մի մասը Ֆեյսբուքից էր իմացել։ Այսինքն՝ աղմուկն ապահովված էր։ Շատ դեպքերում ասուլիսներին ավելի քիչ լրագրողներ են լինում, քան այստեղ էին։ Տարբեր գերատեսչություններից պատասխանում էին զանգերին եւ հայտնում, որ արդեն մարդ են ուղարկել, որպեսզի տեղում հարցին ծանոթանա եւ այլն։

Եվ ի՞նչ։ Ոչինչ։ Քանդողները մի կես ժամով դադարեցրին իրենց գործը, դուրս եկան, խոսեցին առանց թաքնվելու։ Հայտնեցին, որ իրենք հարյուր տոկոսով ճշգրիտ գիտեն, որ Բեթհովենը ապրել է 90 տներում, որոնցից 40 քանդվել է, եւ ոչ ոք չի բողոքել։

Իսկ հետո տունը քանդեցին։

Ոչ ոք մամուլից չվախեցավ։ Ոչ ոք չնեղվեց։ Չնեղվեց այնքան, որ իրադարձություններն այլ հունով շարժվեին։ Բա էլ ո՞րն է այստեղ «չորրորդ իշխանության» ուժը։

Թե՞ մամուլը օգտակար է միայն այն դեպքերում, երբ հակահասարակական դավադիրների շարքերում արդեն պառակտում կա, եւ մնում է հնարավորություն տալ կողմերից մեկին որպես պատրվակ օգտվել աղմուկից, կամ էլ երբ գումարային պահը չի գերակշռում։

Այսպես թե այնպես, այս դեպքում մամուլն անզոր եղավ միջամտել։ Էլ չասած, որ այսօր ամեն մեկը կարող է տասը օրում եւ հարյուր հազար դրամով մի տեղեկատվական կայք բացել, մեկ ու կես լրագրող պահել եւ պաշտպանել իր իրավունքները մնացածների ոտնձգություններից։

Իսկ քաղաքի պատմական դեմքը պահպանելը նույնպես կարող է դիտվել որպես ոտնձգություն։ Ինչպես դեպքի վայրում այդ մասին հայտնեց քանդողներից անհայտ, բայց շատ հետաքրքրված մի անձնավորություն․«Հայի խասիաթ ա, ուրիշը մի լավ բան անում ա, միանգամից հավաքվում են․․․»

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *