2011.09.14,

Քննադատ

Ինչպես Ֆեյսբուքը վերացրեց հեղինակությունը

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Խոսքը պարզ է, որ մամուլի հեղինակության մասին է։ ԶԼՄ-ների հեղինակությունը ընդունված էր չափել մոտավորապես այնպես, ինչպես կոնյակի կամ գինու հեղինակությունը՝ որքան հին, այնքան հեղինակավոր (իհարկե բազմաթիվ ուրիշ չափանիշներ էլ կան, սակայն այս մեկը լուրջ կշիռ ունի)։ Առ այսօր տպագիր մամուլի լավագույն օրինակները մեծ հպարտությամբ առաջին էջում նշում են լույս տեսնելու առաջին տարին։

Հնության մոգական ուժը շատ լավ երեւաց վերջերս, երբ մեդիա օլիգարխ Ռուփերթ Մերդոքը փակեց իր թերթերից մեկը՝ «News of the World»-ը։ Փակեց շատ երկար քրեական սկանդալի պատճառով։ Թերթը բացարձակ վարկաբեկված էր։ Սակայն շատերը ափսոսանք էին տալիս միայն մի բանի համար՝ այն բրիտանական ամենահին թերթերից մեկն էր, որը 168 տարվա պատմություն ուներ:

Երբ ասպարեզ եկավ օնլայն մամուլը, հեղինակության չափանիշը պարզ պատճառներով դադարեց լինել պատմական անցյալը։ Առավել եւս այն պատճառով, որ ավանդական տպագիր մամուլը շատ դանդաղ եւ դժվարություններով էր մտնում ցանց: Այս ոլորտում հիմնական դերակատարը եղավ հենց մաքուր նորաստեղծ օն-լայն մամուլը։

Հեղինակության չափանիշների սանդղակը ցանցային մամուլի դեպքում արագ ձեւավորվեց։ Փնտրող մեքենաները (Search engines), որոնք 2000-ականներին դարձան ցանցում տեղեկատվության հոսքերի մենաշնորհային տիրակալները, մտցրեցին իրենց դասակարգման սանդղակները։ Google PageRank-ը կամ Яндекс ТИЦ-ն այն չափանիշներն էին, որոնք դարձան օնլայն մամուլի հեղինակության որակավորման միավորները։ Առավել եւս, որ փնտրող մեքենաները վարկանիշները կազմելուց հիմնվում են նման տրամաբանական չափանիշների վրա, թե որքան են մյուս կայքերը հղում տալիս տվյալ լրատվամիջոցին, որքանով որակյալ են գրառումները եւ այլն։ Ըստ այս վարկանիշի էլ համակարգերը ցանցային մամուլում եղած հրապարակումները բարձրացնում կամ իջեցնում են փնտրողների համար։ Ինչն էլ, բնականաբար, կայքերը դարձնում է ավելի այցելվող, կամ հակառակը։

Որքան հարգված ես Google-ի կողմից, այնքան շատ մարդ կընթերցի քեզ. սա ցանցի հիմնական օրենքներից մեկն էր, որն էլ ձեւավորում էր նոր ժամանակների հեղինակությունը՝ «հեղինակություն 2.0»:

Բայց վերջին մեկ-երկու տարվա մեջ իրավիճակը կտրուկ փոխվեց։ Այսօր ընթերցողների շատ քիչ տոկոս է փնտրող մեքենաներով հասնում ցանցային մամուլ։ Ընթերցողների հիմնական հոսքը գալիս է սոցիալական ցանցերից, մեր դեպքում՝ Ֆեյսբուքից։ Այսօր հայկական ցանցային մամուլն իր այցելուների կեսը, եթե ոչ ավել, ստանում է Ֆեյսբուքից։ Լրատվական կայքերն այսօր ագրեսիվ գովազդային արշավներ են անցկացնում՝ տանելով մարդկանց դեպի իրենց կայքերը։ Յուրաքանչյուր սկանդալային պատմություն գովազդի տեսքով անմիջապես լցվում է Ֆեյսբուք։ Որպես հետեւանք՝ լրատվամիջոցները այցելուների զանգվածներ են կորզում, որոնք տենչանքով լի նստած են սոցիալական ցանցերում եւ սպասում են, թե ով իրենց կտանի։

Եվ արդեն երկար ժամանակ է՝ կապ չունի, թե կայքդ քանի տարեկան է, որքան են մեջբերում քեզ մյուս լրատվամիջոցները։ Կարեւորն այն է, թե որքանով ես հաջողացնում գովազդի միջոցով մարդկանց տանել քեզ մոտ։ Մի կողմից այս հեղինակություն 2.0-ն իր դրական պահն ունի՝ երիտասարդ, դինոզավրների դիրքով  չկաշկանդված ԶԼՄ-ներին թույլ է տալիս առաջ գնալ: Սակայն մյուս կողմից՝ նման ֆեյսբուքյան մրցավազքը ակնհայտորեն բերում է հայկական մամուլի սպեկտրային շեղման դեպի դեղին գույնը։ Աչքներիս առաջ այսօր շատերը ցանցում զբաղված են ամենացածր բնազդների գովազդով։ Որովհետեւ դա է թրաֆիկ բերում։ Աչքներս լույս։

Սամվել Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *