2011.07.25,

Քննադատ

Կայքերի մեծ մասն էլ է կառավարվում նույն կենտրոնից

Համենայնդեպս այդ եզրակացությանը կգաս՝ համեմատելով նրանց լրահոսը:

Վաղուց նորաձեւ չէ քննադատել հեռուստաընկերություններին` նորություն չես ասի, եթե պնդես մեր եթերում բազմակարծության պակասի մասին: Արդեն երկրորդ աստիճանի թարմության է նաեւ տպագիր մամուլի քննադատությունը` փաստարկները նույնպես հանրահայտ են, որ թերթերի մեծ մասն արտահայտում է այս կամ այն քաղաքական խմբի շահերը, եւ իրադարձությունները լուսաբանում է տվյալ քաղաքական կողմնորոշմանը համահունչ:

 Լրատվամիջոցների այս տեսակների մեջ քննադատությունից դուրս է մնացել առցանց լրագրությունը` կայքերը համարվում են համեմատաբար ավելի ազատ, օպերատիվ, բազմազան եւ այլն: Բայց իրո՞ք այստեղ ամեն ինչ այդքան ծիածանագույն է, ինչքան կարող է թվալ առաջին, դե գոնե երկրորդերրորդ հայացքից: Հլը մի կայքերին էլ քննենք:

Աշխատանքի բերումով հետեւում եմ այն էլեկտրոնային փոստարկղին, որի հասցեով բազմազան գերատեսչությունների մամուլի ծառայությունները, ուղղակի կազմակերպությունները եւ այլն մեր խմբագրությանն են ուղարկում իրենց հաղորդագրությունները: Եվ այդպես է ստացվել, որ ես մի լուրը կարդում եմ մեկ գումարած անսահմանություն անգամ, ավելի ճիշտ` այնքան, որքան լրատվական կայքեր ունենք:

Նրանք բոլորն ուղղակի նույնությամբ պատճենում են այն հաղորդագրությունները, որոնք ստանում են ՀՀ նախագահի, կառավարության, այլեւայլ նախարարությունների մամուլի ծառայություններից, անփոփոխ տեղադրում են հայտարարությունները, որոնք ուղարկում են տարբեր կուսակցությունները կամ նախաձեռնությունները: Կայքերի բովանդակության առյուծի բաժինը կազմում են հենց նման պատճենումտեղադրումները:

Մի զգալի մաս էլ կազմում է ասուլիսների կամ զանազան միջոցառումների լուսաբանումը: Այ, այստեղ արձանագրել եմ երեւույթներ, որոնք տեղիք են տալիս առնվազն հարցականների: Արդյոք ինչպե՞ս է ստացվել, որ կայքերի մեծամասնությունը լուսաբանում է հատկապես նույն ասուլիսները եւ միջոցառումները, եւ համերաշխորեն չի լուսաբանում որոշ այլ ասուլիսներ ու միջոցառումներ: Կայքերի գրեթե բոլոր խմբագիրներն, ի՞նչ է, առավոտյան արթնանում են նույն որոշումն ընդունած, որ չեն լուսաբանելու, օրինակ, Ա1+ի գործով հերթական դատավարությունը:

Կամ ինչպե՞ս է ստացվել, որ ամենաբազմազան կայքերի լրագրողները հրապարակման համար ընտրում են հատկապես նույն հատվածները: Երբեմն, ներկա լինելով ասուլիսներին ու հետո համեմատելով դրանց լուսաբանումները, ուղղակի տարակուսում եմ, թե ինչպես է, որ բոլոր կայքերին հետաքրքրել է հնչած ասելիքի հատկապես այս հատվածը եւ համերաշխորեն անտարբեր է թողել ասված մեկ այլ բան: Երբեմն անգամ տառասխալներն են կրկնվում, ինչն առիթ է տալիս կասկածի, որ ինչոր մի կայքի առաջին լուսաբանումը հետո ուղղակի կրկնում են որոշները:

 Համացանցում գիտեմ որոշ կայքեր, որոնց լրագրողների հարցերը երբեք չեմ լսել ասուլիսում կամ նրանց տարբերանշանով[[wysiwyg_imageupload:93:]] խոսափող կամ համակարգիչ չեմ տեսել միջոցառումներում, բայց արի ու տես, որ նրանց լրահոսում էլ է ներառվում օրվա անցուդարձի լուսաբանումը: Կասկածներ ունեմ, որ այս հանելուկի լուծումը հենց այս` գուցե որոշ խմբագրումներով գրագողությունն է:

Պատճենվում է անգամ այն կերպը, որով խեղաթյուրվել է ասելիքը: Իսկ խեղաթյուրվում է շատ հաճախ, թերեւս, այն պատճառով, որ, արագությունն առավել կարեւորելով, կայքերի լրագրողները դադարել են սղագրել ըստ ձայնագրության: Նրանցից շատերն են արդեն զինված համակարգիչներով եւ ընթացքում, մինչ օրվա բանախոսն իր դիտարկումներն է ասում, ստեղնաշարին արագարագ տկտկացնում են ասվածը, եւ այն արդեն հայտնվում է համացանցում: Սա մի կողմից լավ է` օպերատիվության իմաստով, բայց մյուս կողմից` եթե համեմատես մի 10 կայքերում, թե ինչ է ասել տվյալ գործիչն իր հերթական հրապարակային խոսքում, կստանաս 10 տարբեր տեքստեր:

Այս ամենը կարող էր թվալ ուղղակի ոչ արհեստավարժ եւ խառնափնթոր աշխատանքի արգասիք, բայց որոշ փաստեր հուշում են, թե սա, այնուամենայնիվ, լավ կառավարվող խառնափնթորություն է: Մանավանդ երբ խոսքն արտաքին քաղաքականությանն առնչվող խնդիրների մասին է, կարծես բոլորովին պատահական չեն կայքերում հայտնվում միեւնույն շեշտադրումներով նույն լուրերը:

 Մի օրինակ ընդամենը վկայակոչեմ. ոչ շատ վաղուց հայկական լրատվական ամբողջ համացանցի տարբեր անկյուններում հայտնվեց նույն լուրը, որը հակասում էր ժանրի ընդունված բոլոր կանոններին` չկար եւ ոչ մի հղում, մատնանշված չէր եւ ոչ մի աղբյուր, սակայն պնդումը նույնն էր, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները դժգոհ են, որ ԵԽԽՎն վերստին ձեւավորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ հանձնաժողովը: Որտե՞ղ էին նրանք արտահայտել այդ դժգոհությունը, ինչպե՞ս` այդպես էլ հայտնի չդարձավ:

Այնպես որ հայկական կայքերի մեծամասնությունն ակնհայտորեն պակաս մեկ կենտրոնից կառավարելի չէ, քան մեր հեռուստաընկերություններն են: Այո, կան կայքեր, որոնց լրահոսում կա նաեւ բացառիկ տեղեկատվություն ու սեփական վերլուծություններ: Սակայն առնվազն վերլուծությունների մասով պատկերը գերազանցապես նույնն է, ինչ թերթերում, այսինքն` շատ հեշտ կռահելի է, թե ինչ կարող է գրել այս կամ այն կայքի մեկնաբանը, եթե խոսքն, ասենք, վարչապետ Տիգրան Սարգսյանի կամ ՀԱԿ առաջնորդ Լեւոն ՏերՊետրոսյանի մասին է:

Ուստի նոր մեդիան` այլընտրանքային, առցանց լրատվամիջոցները, դեռ կարգին չձեւավորված` արդեն իսկ ունեն նույն հիվանդությունները, որոնք հատուկ են ընդհանրապես հայկական ողջ հին ու ավանդական մամուլին:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *