Հայկական ցանցի գերաճն իր հետ գերխնդիրներ է բերում: Չլղոզվելով ամբողջ դաշտով`կանգ առնենք մի խնդրաբույլի վրա: Հայտնի է, որ թերթերի տպաքանակի մեծ մասը գոյանում է չինովնիկների (եկեք զուտ տեխնիկական հեշտության համար այս տերմինով անվանենք բոլոր երեք իշխանության թեւերի ներկայացուցիչներին, նրանց անպատասխանատու բարեկամներին եւ թիկնապահներին) շնորհիվ. նրանք ամեն առավոտ գնում եւ ընթերցում են թերթերի մի մեծ կապոց, որպեսզի համոզվեն, որ իրենց սխրանքներից ոչ մեկը դեռ չի հայտնվել մամուլում:
Տպագիր մամուլը դեռ խորհրդային պլանային տնտեսության, պլանային պատժելիության ժամանակներից մոգական ուժ ունի Սովետն անցած, Սովետում կոփված չինովնիկների եւ նրանց կենսական արբանյակների համար: Եթե մի բան գրված է թերթում, ուրեմն դա օբյեկտիվ իրականություն է: Ավելին` դա ընկալվում է որպես ի վերուստ իջած հրամայական: Ըստ այդմ՝ եթե թերթում Ձեր մասին վատ բաներ են գրել, ուրեմն կյանքը սխալ հունով է գնում: Ուղն ու ծուծում կրելով այս ամենը՝ կոռումպացված չինովնիկն ստիպված է լինում ամեն օր թերթ կարդալ՝ փնտրելով իր անունը: Կամ էլ, եթե լավ պաշտոնի է, այս ինտելեկտուալ գործը հանձնարարում է իր քարտուղարուհուն կամ մամլո դիվանին:
Հենց նման կիսադիցաբանական ֆոնն էլ թերթերի շուրջ խիստ խորհրդավոր, բայց եւ թշնամական մթնոլորտ է ստեղծում, ինչի հետեւանք է նաեւ հայաստանյան թերթերի դեմ այսօրվա որսը: Հայկական մեդիա դաշտի հիմնական իրադարձություններից, ես կասեի` կարեւորագույններից է իրար հաջորդող դատավարությունների շարքը: Շուտվանից երկրորդ պլան են մղվել հեռուսատեսության թվայնացումը, դրա շուրջ ընթացող ապշեցուցիչ մրցույթները, էլ չեմ ասում, որ շուտվանից չենք լսել լրագրողների վրա հարձակումների լուրջ դեպքերի մասին` միայն մանր-մունր ֆոնային իրադարձություններ: Բոլորս ուշադիր հետեւում ենք թերթերի բմբլահանության գործընթացին` փորձելով գուշակել, թե ով ողջ-առողջ կմնա հիմնական քաղհանի ավարտին:
Բայց հետաքրքիրն այն է, որ շատ շուտով թիրախային խումբը, որը հիմա ընկած վնաս է տալիս թերթերին, կհասկանա, որ իր[[wysiwyg_imageupload:60:]] հեղինակությանը, պատվին եւ նույնիսկ իմիջին այսօր ավելի մեծ վնաս կարող են հասցնել բլոգերներն ու սոցիալական ցանցերի ակտիվիստները:
Թերթը գրում, անցնում, կորում է: Իսկ եթե մեկը ցանցում թիրախ դառնա, շաբաթներով կարող է ասպարեզում մնալ իր վառ կերպարով եւ ենթարկվել հասարակական պարսավանքի, ֆոտոշոպիզացման, բլոգապատման եւ այլ ոչ դուրեկան եւ անկառավարելի ընթացակարգերի:
Մի շարք չինովնիկներ, ովքեր հասցրել են ցանցում հեղինակային երեկոների թիրախ դառնալ, արդեն հասկացել են, որ ավելի լավ է՝ թերթում մի երկու վատ հոդված տպեին ծաղրանկարով, քան թե օր ու գիշեր իրենց մասին խոսեին բլոգերում եւ ֆեյսբուքներում:
Իսկ բլոգերների վատն այն է, որ նանց ֆինանսավորման աղբյուրը չես կարող փակել. նրանք անվճար գրող եւ հեգնող խաժամուժ են: Մնում է ծեծել: Բայց դե դա էլ անշնորհքություն է: Եվ մի պայծառ առավոտ մի չինովնիկ-ստիլյագ մեկ էլ կհասկանա կամ իրեն կհուշեն, որ, ըստ ՀՀ օրենսդրության, բլոգներն էլ են ԶԼՄ, եւ բլոգերին, ֆեյսբուքահային կամ եզակի հայ թամբլրչուն, որպես առանձին լրատվամիջոցի, նույնպես կարելի է դատի տալ զրպարտության համար: Պատժելու լավ ձեւ է:
Տեսնենք, թե ով կլինի այն առաջինը, ով դատի կտա բլոգերին: Գրեթե չեմ կասկածում, որ հերթական ցանցային կորդեբալետից հետո ինչ-որ մեկի նյարդերը չեն դիմանա եւ նա դատի կտա մի ցանցային ցանցառի: Ճիշտ է՝ դրանից հետո չեմ նախանձի այդ չինովնիկին, բայց դե դա արդեն իր խնդիրն է: Ասա՝ ի՞նչ գործ ունես այս բոսյակների հետ:
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: