Առաջիկայում տեղի կունենա Ա1+ հեռուստաընկերությունն ընդեմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դատը: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը պահանջում է ճանաչել հեռուստաընկերության խախտված իրավունքը եւ չեղյալ համարել ՀՌԱՀ–ի` դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշումը, որով թվային ցանցի միջոցով հեռարձակման թիվ 11 մրցույթում հաղթող էր ճանաչվել «Արմնյուզ» հեռուստաընկերությունը՝ ստանալով 44 միավոր: «Ա1+»-ը ստացել էր ընդամենը 2 միավոր:
Դատարանում «Ա1+»-ը կներկայացնի իր հիմնավորումները: Սակայն ես այս հոդվածում մի այլ խնդրի եմ ուզում անդրադառնալ: Խոսքս մի քանի չափորոշիչների վերաբերյալ ՀՌԱՀ-ի եզրակացությունների մասին է լինելու: Ավելի կոնկրետ՝ «Ա1+» հեռուստաընկերության մրցակցի՝ «Արմնյուզի» հայտում ներկայացված առաջարկների վերաբերյալ եզրակացությունների:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի «Թվային հեռարձակման ցանցի միջոցով մայրաքաղաքային սփռման, միջազգային եւ տեղական լրատվական–վերլուծական ուղղվածության հեռուստածրագրերի եթերային հեռարձակում իրականացնելու թիվ 11 մրցույթում հաղթող ճանաչելու մասին» 2010 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 96-Ա որոշման մեջ նշված է.
1. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության սեփական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է 82.5% (ըստ հայտի):
2. «ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության հայրենական արտադրության հաղորդումների ծավալը լիցենզիայի գործողության ժամկետում կազմում է 87% (ըստ հայտի)» (տես՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի պաշտոնական կայքում):
Ցանկացած մրցույթում ներկայացվող առաջարկությունները միշտ էլ, մեծավ մասամբ, բարի մտադրությունների մի հավաքածու են կազմում: Այս դեպքն էլ բացառություն չէ: Արդ, ինչո՞վ պիտի առաջնորդվի ՀՌԱՀ-ը: Արդյո՞ք միայն հայտի բարի մտադրությունները բավարար են գնահատելու համար տվյալ հեռուստաընկերության կարողություններն ու հնարավորությունները: Իսկ կարիք չկա՞ արդյոք նայելու՝ նախկինում այդ հեռուստաընկերությունն իրականացրե՞լ է իր տված խոստումները:
Կարծում եմ՝ սա էլ է պետք ամեն դեպքում հաշվի առնել: Ահա, խնդրեմ՝ հենց «Արմնյուզի» պարագայում: ՀՌԱՀ-ի անդամների մոտ պիտի որ հարց առաջանար` ինչպե՞ս կարող է այդ հեռուստաընկերությունն ապահովել սեփական հաղորդումների 82 տոկոսանոց ծավալ, երբ յուրաքանչյուր մեկ ժամում կես ժամը տրամադրում է «Եվրոնյուզ» հեռուստաընկերության ռուսերեն հաղորդումների վերահեռարձակմանը: Կարծում եմ՝ մրցութային առաջարկները գնահատելիս հարկ էր նաեւ սա հաշվի առնել եւ հետաքրքրվել` իսկ ի՞նչ է փոխելու «Արմնյուզը», որ սեփական արտադրության հաղորդումները կազմեն 82 տոկոս, իսկ հայրենական արտադրության հաղորդումները՝ 87 տոկոս: Պակասեցնելո՞ւ է «Եվրոնյուզի» վերահեռարձակումները:
Այս խնդրի վերաբերյալ եւս մի բան. մրցույթի ամփոփումից անցել է արդեն 5 ամիս, այսինքն՝ արդեն այդքան ժամանակ է՝ նոր լիցենզիան գործողության մեջ է, որեւէ մեկը ՀՌԱՀ-ից չի՞ ուզում հետաքրքրվել, թե ինչպես է «Արմնյուզը» կատարում իր խոստումը, հասցրե՞լ է նա արդյուք սեփական եւ հայրենական արտադրությունը իր նախանշած մակարդակին, թե՞… Դե կհասցնի էլի…
Դժվար է, իհարկե, սրան հավատալը:
Եվ հիմա ես ուզում եմ ձեւակերպել հարցերս, որ հաստատ հռետորական են լինելու, քանզի դժվար թե ՀՌԱՀ-ը փորձի պատասխանել դրանց.
– Պարոնայք, ի՞նչն եք հաշվի առել՝ հավատալով, որ «Արմնյուզը» սեփական եւ հայրենական արտադրության ծավալները հասցնելու է համապատասխանաբար 82 եւ 87 տոկոսի:
– Երբվանի՞ց եք սկսելու կատարել հանձնաժողովի նաեւ վերահսկողական գործառույթը եւ հետեւելու, թե արդյո՞ք հեռուստաընկերությունը կատարում է հայտում ներկայացված բարի մտադրությունները, թե՞ ոչ:
– Ի՞նչ միջոցներ եք կիրառելու, որպեսզի հեռուստաընկերությունն իրականացնի դրանք:
Ես պատկերացնում եմ հեռուստադիտողների դեմքերը այս հոդվածը կարդալիս: Նրանք հիմա մտքներում հայհոյում են ինձ՝ ասելով. «Տո, քեզ պե՞տք է, որ «Արմնյուզն» ավելացնի սեփական հաղորդումների ծավալը: Հազիվ առանց միջամտության «Եվրոնյուզ» ենք նայում, գոնե մի բան ենք իմանում, եթե դրա ծավալն էլ կրճատեն, էլ ո՞վ է էդ ալիքը նայելու»:
Նրանք ճիշտ կլինեն, իհարկե: Սակայն իմ ու նրանց ճաշակները բավարար չեն: Եվ իմ խնդիրն այս պահին այդ ճաշակի բավարարումը չէ:
Ես, անկեղծ եմ ասում, խիստ մտահոգ եմ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հարգարժան անդամների համար: Ես չեմ ցանկանում, որ 10 տարին մեկ (հենց այդ պարբերականությամբ են իրականացվելու լիցենզավորման մրցույթները) մրցույթի ներկայացող հեռուստաընկերությունները նրանց խաբեն գեղեցիկ խոսքերով, անիրականանալի խոստումներով ու սիրուն փաթեթավորված խոտանով՝ դրանով իսկ հասարակության աչքում նսեմացնելով այդ հարգարժան հանձնաժողովի վարկն ու հեղինակությունը:
Բայց մտահոգ եմ նաեւ մեզ համար: Որովհետեւ ՀՌԱՀ-ի «միամտությունն» ու այդ խոստումներին հավատալը հետո թանկ է նստում մեզ՝ հեռուստադիտողներիս վրա:
Մեսրոպ Հարությունյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: