2011.03.14,

Քննադատ

Կողմ եւ դեմ փաստարկներ՝ թերթերի դեմ դատարաններ դիմելու առնչությամբ

Ինչ էլ ասեն «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» 2010 թվականին կատարված փոփոխությունների մասին, թե դրանց հետեւանքով ավելացել են լրատվամիջոցների դեմ պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը արատավորող տեղեկատվության հերքման եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով դատարան ուղարկված հայցերը` ինքնին այն, որ լրագրողի գլուխը ջարդելու կամ խմբագրությունում ավերածություններ անելու փոխարեն (իսկ նման օրինակներ Հայաստանի նորագույն պատմության ընթացքում շատ-շատ են)` սկսել են կիրառել ողջ աշխարհում ընդունված քաղաքակիրթ մեթոդը` այն է, դիմել դատարան, արդեն իսկ դրական է:

Այլ հարց է, որ ի տարբերություն աշխարհի շատ երկրների` մեր դատական համակարգն անկախ չէ, եւ կայացվում են շատ խտրական վճիռներ: Ասենք, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը, որը փետրվարի 7-ին բավարարեց երեք օլիգարխների հայցն ընդդեմ «Հայկական ժամանակի» եւ պարտադրեց փոխհատուցել 6 միլիոն 132 հազար դրամի բարոյական վնաս` նույն օրը կարճեց Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանի դեմ իրավապաշտպան Մարիամ Սուխուդյանի հայցով քննվող գործի վարույթը, պատճառաբանելով, թե Հայաստանի օրենսդրությունում բացակայում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը։

Այո, հիմնավոր էին այն մտավախությունները, թե օրենսդրական այս փոփոխությունը մահակ է դառնալու հատկապես այն լրատվամիջոցների դեմ, որոնք քննադատաբար են անդրադառնում իշխանությունների գործունեությանը: Օրինակների պակաս չկա, թե դատարաններն ինչպես են իշխանամետ լրատվամիջոցների նկատմամբ գործերն ավարտում առավել փոքր տուգանքներով կամ ուղղակի հերքման պահանջներով: Ընդամենը մի փաստ վկայակոչենք` «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին կոլաժով մերկ պատկերելու եւ նրա հասցեին բազմաթիվ վիրավորանքներ հրապարակելու համար իշխանամետ ԶԼՄ-ն եւ դրա թղթակիցներն որեւէ պատասխանատվություն չկրեցին` գործը կարճվեց: Եվ նույն թղթակիցները մինչ այսօր էլ շարունակում են վիրավորանքներ հրապարակել այդ պատգամավորի հասցեին:

Այս ամենով հանդերձ` չենք կարող չնշել այլ փաստարկներ, որոնք թերեւս դուրեկան չեն լինի մեր գործընկերների համար: Գրեթե ամեն օր ենք ընթերցում լուրեր, որոնք ակնհայտորեն նախապես անգամ փորձ չեն արել ճշտել: Իսկ երբ հրապարակման հերոսը փորձում է օգտվել պատասխանի իր իրավունքից` այն կամ չեն հրապարակում, կամ հրապարակում են` մեկնաբանություններով, շարունակելով պնդել իրենց չճշտված լուրը: Այս անգամ օրինակները բերելու ենք հենց իշխանությունների գործունեությանն առավել քննադատաբար վերաբերվող թերթերից:

Արդարադատության նախարարության կայքէջում ընթերցեցինք «Հայկական Ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատուին ուղղված նամակը, թե հունվարի 14-ի համարում գրել եք, որ արդարադատության նախարարն ազատել է «Նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Ս.Սարոյանին, ով ուներ 15 տարվա աշխատանքային ստաժ», մինչդեռ, ըստ նամակի, այդ բաժինը նախարարությունում գործում է 2007-ի դեկտեմբերից եւ «իր ձևավորման օրվանից մինչ օրս նման անուն ազգանունով որեւէ աշխատակից չի ունեցել»:
Դարձյալ շեշտենք` այս պարզաբանումն ընթերցել ենք ԱՆ կայքէջում: Թերթը, որն ակնհայտորեն` չէր ստուգել իր լուրի հավաստիությունը մինչեւ հրապարակումը, հետո նաեւ չի տպագրել պատասխանը:

Մեկ այլ համանման օրինակ արդեն «Ժամանակ» օրաթերթի վերաբերյալ: Այն փետրվարի 22-ին լուր էր հրապարակել, թե արդարադատության նախարարության «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ Հ. Խլղաթյանը տեղափոխվել է այլ աշխատանքի: Դարձյալ միայն նախարարության կայքէջից տեղեկացանք, որ Համլետ Խլղաթյանն այլ պաշտոնի է նշանակվել դեռեւս 2009-ին, իսկ 2011-ի փետրվարի 17-ին նա ուղղակի նշանակվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի պետի պաշտոնում:

Այս մի պատասխանն արդեն հրապարակել է հենց տեղեկությունը տարածած թերթը` «Հրապարակը». «Մեր՝ փետրվարի 11-ի համարում գրել էինք, որ «Գրանդ հոլդինգի» նախագահ Հրանտ Վարդանյանը նամակ է հղել ՀՀ նախագահին, որտեղ քննադատել է երկրի տնտեսական վիճակն ու խնդրել, որ վարչապետն առաջիկա 2 տարում ոչ մի որոշում չկայացնի՝ բիզնեսի գործերին չմիջամտի: Երեկ «Գրանդ հոլդինգից» մեզ գրել են, որ «Հրանտ Վարդանյանը ՀՀ նախագահին որեւէ նամակ չի գրել, այդ լուրը չի համապատասխանում իրականությանը»: Սակայն հերքումը հրապարակելով հանդերձ` թերթը հավելել է. «Մենք ճշտեցինք, որ ոչ միայն Հրանտ Վարդանյանը, այլեւ մի քանի գործարարներ եւս վարչապետից ու կառավարությունից դժգոհություններ ունեն եւ իրենց բողոքները հայտնել ու հասցրել են Սերժ Սարգսյանին: Սակայն նրանց բոլորին փորձում են համոզել, որ սխալվում են, եւ ամեն ինչ անում են այդ դժգոհությունները խեղդելու համար. ինչպես տեսնում ենք՝ «Գրանդ հոլդինգի» պարագայում դա ստացվել է»:

Հիմա եթե Հրանտ Վարդանյանն էլ, կամ ԱՆ-ն դիմեին դատարան` փորձելով հասնել առնվազն հրապարակված տեղեկատվության հերքման` այդ լրատվամիջոցներն էլի բողոքելու էին, թե խոսքի ազատությունը ոտնահարվում է, եւ իրենց փորձում են լռեցնել:

Իսկ գուցե նման պնդումներն ավելի հիմնավոր կլինեն, եթե ընդամենը փորձ արվեր մինչ հրապարակումը ճշտել տեղեկատվությունը, իսկ հրապարակումից հետո` մարդկանց չզրկել պատասխանելու հնարավորությունից: Եվ գործը չհասցնել դատարան, որն էլի ընդգծեմ` անկախ չէ, կայացնում է կողմնակալ ու կամայական վճիռներ:

Աննա Իսրայելյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *