Դասընթացը նախատեսված է մենեջերների և լրագրողների համար, ովքեր ցանկանում են զարգացնել իրենց կարողությունները մեդիա նախագծերի մոնետիզացիայի և բիզնես գաղափարների փորձարկման ուղղությամբ։ Այն խմբագրությունների համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելու, դրանց ներուժն ու ռիսկերը գնահատելու և այդ հաշվարկների հիման վրա փորձնական բիզնես նախագծեր մշակելու մասին է։
Դասընթացը վարելու է մեդիայի խորհրդատու և մեդիա կառավարման մասնագետ Գալինա Մալիշևսկայան։ Նա Deutsche Welle ակադեմիայի սերտիֆիկացված դասընթացավար է՝ մեդիայի կայունության ու փոփոխությունների կառավարման հարցերում։ Ունի մեդիայի կառավարման ավելի քան 20 տարվա և խորհրդատվական աշխատանքի 10 տարվա փորձ Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում։
Դասընթացը սկսվելու է 2026թ-ի փետրվարի վերջին և տևելու է 3-4 շաբաթ։ Դասերը կազմակերպվելու են առցանց, շաբաթական՝ 2 օր, յուրաքանչյուրը՝ 2-3 ժամ տևողությամբ:
Դասընթացին կարող եք մասնակցել ոչ միայն անհատապես, այլև փոքր թիմերով (երկուական մասնակից ամեն լրատվամիջոցից)։ Ընդհանուր դասերից բացի՝ կլինեն նաև խորհրդատվական հանդիպումներ յուրաքանչյուր թիմի հետ։
Դասընթացի արդյունքում լրատվամիջոցի համար բիզնես նախագիծ մշակելը մասնակցության պարտադիր պայման է։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու է՝ ըստ հայտերում ներկայացված բիզնես գաղափարների։
Դասընթացի լեզուն ռուսերենն է, անհատական կոնսուլտացիաների լեզուն՝ ռուսերենը կամ անգլերենը՝ ըստ նախընտրության։
Մասնակցության համար պետք է մինչև փետրվարի 20-ը լրացնել առցանց հայտը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Աստղիկ Քեշիշյանին՝ [email protected], 093 372014:
Դասընթացը կազմակերպվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ։
