Հայաստանում արդեն երրորդ անգամ կանցկացվի Open Data Armenia մրցույթը, որը նախատեսված է լրագրողների, տվյալների մասնագետների, մշակողների (developer), ուսանողների և բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են Բաց տվյալներով ու դրանցով օգտակար նյութեր, հրապարակումներ ու գործիքներ պատրաստելով։

3000 ԱՄՆ դոլար մրցանակային ֆոնդով մրցույթի նպատակն է խրախուսել Հայաստանի և հայկական սփյուռքի վերաբերյալ տվյալների հայթայթումը, հավաքումը, դրանցով վիզուալիզացիաների, ինֆոգրաֆիկաների ու դաշբորդերի պատրաստումը։ Հատուկ մրցանակ է սահմանված ԱԲ կիրառումով սթորիթելինգի կամ տվյալների հավաքման բացառիկ աշխատանքների համար։

Ամենամյա մրցույթի նախորդ տարվա հաղթողներն են եղել․

  • Օդի աղտոտման տվյալներ ինքնուրույն հավաքելու ArmAQI նախագիծը,
  • Տիգրան Մեծի մասին ինտերակտիվ պատմողական նախագիծը,
  • Հայաստանի թռչունների բնակության արեալների ինտերակտիվ քարտեզը։

Այս տարվա մրցույթն այսօրվանից ընդունում է հայտեր։ Դրանք կարելի է գրանցել այստեղ։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 25-ն է։

Մրցույթի մանրամասներին, թարմացումներին, ինչպես նաև օգտակար տվյալների բազաներին կարելի է ծանոթանալ մրցույթի կայքում՝ https://contest.opendata.am/։

Մրցույթը կազմակերպում է Open Data Armenia ՀԿ-ն։ Մրցույթի արդյունքներն ամփոփվելու են և մրցանակները շնորհվելու են Բաց տվյալների համաշխարհային շաբաթվա շրջանակներում՝ Հայաստանում երրորդ անգամ անցկացվելիք Բաց տվյալների օրվա միջոցառումների ընթացքում։