Հանրային հետաքրքրության մեդիայի միջազգային հիմնադրամը հայտարարել է դրամաշնորհային հայտերի բաց մրցույթ՝ Հայաստանի անկախ լրատվամիջոցներին աջակցելու նպատակով։

Հայտերն ընդունվում են այն անկախ լրատվամիջոցներից, որոնք նախկինում չեն ստացել Հիմնադրևամի դրամաշնորհային աջակցությունը:

«Հայաստանում հանրային հետաքրքրության լրագրության կայունության ամրապնդում» խորագրով դրամաշնորհային հայտերի բաց մրցույթը աջակցելու է լրատվամիջոցներին, որպեսզի նրանք շարունակեն իրենց աշխատանքը՝ լսարանին մատուցելով բարձրորակ, փաստերի վրա հիմնված լուրեր:

Դրամաշնորհային աջակցությունը նպատակ ունի օգնել լրատվամիջոցներին պահպանել իրենց «դիտորդական» (watchdog) դերը՝ իշխանություններին հաշվետու պահելու և արտաքին քարոզչության ու ապատեղեկատվական այն արշավներին հակազդելու միջոցով, որոնք միտված են ձևավորելու հանրային քննարկումները և ազդելու 2026թ․ խորհրդարանական ընտրությունների վրա:

Խմբագրություններին տրամադրվող դրամաշնորհները կկազմեն մոտավորապես 75,000 – 200,000 ԱՄՆ դոլար՝ 24 ամիս ժամկետով՝ կախված կազմակերպության չափից, կարողություններից և հիմնավորված կարիքից:

Միջազգային հիմնադրամն նախատեսում է աջակցել առնվազն 4-5 լրատվամիջոցի։ Շահառուների վերջնական թիվը կախված կլինի հայտերի որակից և բյուջետային հարցումների չափից:

Մանրամասները հասանելի են Հանրային հետաքրքրության մեդիայի միջազգային հիմնադրամի կայքում։