2020-ը աշխարհի ու մեր երկրի համար աննախադեպ մարտահրավերների տարի է․ ոչ միայն դիմագրավում ենք համավարակին ու հետպատերազմյան ճգնաժամին, այլև #ԴԻՄԱԿայումենք տեղեկատվական վարակին ու հակամարտություններին։ Այս իրավիճակում շատ կարևոր է մեդիագրագիտության տարածումը և հատկապես դրա դասավանդումը դպրոցում։
#ԴԻՄԱԿայումենք խորագրով մեդիագրագիտության արշավի շրջանակում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է մեդիագրագիտության ինտեգրված դասի պլանների մրցույթ ՀՀ դպրոցների ուսուցիչների համար։
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 12-ը [email protected] էլ փոստի հասցեին ուղարկել․
- Ինտեգրված դասի պլան, որը կներառի դասի թեման, լսարանի տարիքային խումբը, նպատակը, մեթոդները և օգտագործվող նյութերը,
- Դասավանդողի ինքնակենսագրություն, որ կներառի աշխատանքային փորձն ու կոնտակտային տվյալներ,
- Համառոտ տեղեկություն մեդիագրագիտության դասավանդման փորձի, այդ թեմայով նախկինում անցկացրած դասերի/միջոցառումների մասին։
Մեդիագրագիտությունը պաշտպանիչ դիմակ է, որ օգնում է խուսափել լրատվական վարակներից, լինել ավելի ամուր ու վստահ, կայացնել ճիշտ որոշումներ և կատարել կշռադատված քայլեր՝ կողմնորոշվելով տեղեկատավական հոսքերում, տարբերելով կեղծն ու հավաստին, ավելի արդյունավետ կիրառելով մեդիա գործիքները․ այս հմտություններն այսօր անհրաժեշտ են ավելի, քան երբևէ։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել է «Մեդիագրագիտություն» ուսուցչի ձեռնարկ և անցկացրել է բազմաթիվ վերապատրաստման դասընթացներ և վեբինարներ դասավանդողների համար, հատկացրել է փոքր դրամաշնորհներ՝ օգնելով ինտեգրել մեդիագրագիտությունը կրթության մեջ։
2019-2020 թվականներին մշակվող հանրակրթության չափորոշիչներն և առարկայական չափորոշիչները շեշտում են մեդիագրագիտության կարևորությունն ու ինտեգրում են այն տարբեր առարկայական ծրագրերում՝ խթանելով քննադատական մտածողությունը, տեղեկատվության աղբյուրների ստուգումը, ստեղծագործականությունը, օգնելով աշակերտին հասկանալ մեդիայի ազդեցությունը հասարակության ու ամենօրյա կյանքի վրա, սովորել տարբերակել լրատվությունը քարոզչությունից, հասկանալ գովազդային հնարքները, ֆիլմերում ու մեդիա արտադրանքում թաքնված ուղերձներն ու կարծրատիպերը․․․
ՄՆԿ-ն առաջարկում է ուսուցիչներին ներդնել մեդիագրագիտության թեմաները տարբեր առարկաների մեջ և մշակել ինտեգրված դասի պլան, որի նպատակը տվյալ առարկայի ծրագրով նախատեսված հմտություններից բացի նաև մեդիան հասկանալու, վերլուծելու և կիրառելու կարողություններ փոխանցելը կլինի։
Դասի պլանները մշակելիս խրախուսվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մշակած ուղեցույցների, ձեռնարկների և այլ նյութերի օգտագործումը, որ հասանելի են Media.am կայքի Մեդիագրագիտություն բաժնում։
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: