2018.05.16,

Քննադատ

Երբ չորրորդ իշխանությունը դառնում է առաջինը

author_posts/hovhannes-yeranyan
Հովհաննես Երանյան

Արձակագիր

Թավշյա հեղափոխությունը կամ անարյուն իշխանափոխությունը շատերին անակնկալի բերեց: Խոսքը միայն իշխանությունը կորցրած վերնախավի և նրա հովանավարությունը վայելող ասենք՝ գործարարի կամ մտավորականի մասին չէ: Հեղափոխության արդյունքներն, ըստ երևույթին, անակնկալ էին նույնիսկ հեղինակների, աջակից խմբի ու մեծաթիվ իրականացնողների՝ ժողովրդի համար:

Բայց խոսքն այս մասին էլ չէ: Չափազանց հետաքրքիր է, թե ինչ էր կատարվում մեդիադաշտի հետ բողոքի ցույցերի օրերին և հիմա:

Հեռուստաընկերությունների մեծ մասը ձևացնում էր, թե ոչինչ չի տեսնում ու ոչինչ չի լսում, լավագույն դեպքում բազմահազարանոց երթից մի քանի տասնյակ մարդու ցույց տալով ակնարկում էր, որ ահա ինչ-որ մարդիկ բողոքում են: Սա անշուշտ, հին ու ծանոթ մոտեցում էր:

Դրա փոխարեն, նոր էին համացանցային տիրույթում ուղիղ հեռարձակում ապահովող մի քանի կայքերը՝ ինչպես ասենք՝ Ազատությունը, Սիվիլնեթը, որոնք անգործության մատնված տրանսպորտի պայմաններում նման էին մետրոյի:

Մետրոն էր, որ հսկայական ուղևորափոխադրում էր իրականացնում, և ուղիղ հեռարձակում ապահովող մի քանի կայքերն էին, որ ահռելի լսարան էին ընդգրկում:

Մայիսի 8-ին, Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո տարբեր, այսպես անվանված, պատասխանատու հեռուստաալիքների լրատվական ծրագրերի հաղորդավարները եթեր էին մտել հոգեհանգստի գնացած մարդու դեմքի արտահայըությամբ՝ մռայլ, տխուր ու սգվոր:

Մինչդեռ ողջ երկիրը, կամ բնակչության մեծագույն մասը ցնծության մեջ էր:

Հետո, կարծես թե ամեն ինչ իր տեղն ընկավ: Լուրերի ծրագրերում Սերժ Սարգսյան անունը փոխարինվեց Նիկոլ Փաշինյանով, և հին ու սովոր բառապաշարով, ձևակերպումներով, տոնով ու  առոգանությամբ շարունակեցին տեղեկատվություն հաղորդել:

Հեռուստաընկերությունները հեղափոխությունը չեն նկատում, որովհետև իրենք ունեն եթե ոչ հեղափոխության, ապա գոնե՝ բարեփոխման կարիք:

Եվ ստիպված են լինելու անել դա: Բաղրամյան 26-ից հրահանգների սովոր հեռուստաընկերություններին ժամանակ է պետք՝ հարմարվելու նոր իրավիճակին, հասկանալու, թե ինչ անեն ստացած ազատությունը:

Սակայն նոր իրավիճակը միայն այդ բարդությունը չէ, որ առաջացրել է: Նիկոլ Փաշինյանն իր լայվերով խլել է նաև այն մի քանի կայքերի առավելությունը, որոնք ուղիղ եթերով այցելուների բանակ էին հավաքում:

Ըստ էության՝ չորրորդ իշխանությունը դարձել է առաջին, քանի որ երկրի առաջին դեմքն է ապահովում ամենահրատապ ու պահանջված ինֆորմացիան:

Կարծես թե նման աշխատաոճ են որդեգրել նաև կառավարության երիտասարդ անդամները: Սա իսկապես հեղափոխություն է նախկին կառավարության հայտարարած փակ նիստերի համատեքստում:

Բայց միայն մեդիադաշտը չէ, որ կանգնած է անակնկալի առաջ և չգիտի որտեղից սկսել իր հեղափոխությունը:

Բոլորիս առջև կա ժամանակի այդպիսի պահանջ:

Դեռևս չորս-հինգ տարի առաջ լրատվամիջոցներից մեկին տված հարցազրուցում ասել էի, թե ուրախալի չէ գրողիս վիճակը, որովհետև արդեն քանի տարի ինչ գրում եմ, տապանագիր է ստացվում:  

Ասես մահարձան էինք դնում շունչն աստիճանաբար փչող մեր հայրենիքի գերեզմանին: Մեռնող երկրի ականատես վկայագիրը լինելուց ավելի ողբերգական վիճակ դժվար էր պատկերացնել գրողի համար:

Շատերը կհիշեն, թե ինչ աղմուկ բարձրացրեց համացանցում Հուսիկ Արայյի «Apocalypto» բանաստեղծությունը

Իմ երկիրը՝ արևելյան թերմացք,

նեխելու է կեղծիքի մեջ ու ստի,

կեղտից-կեղտ սողալու է ճապաղ

ու չի բարձրանա իր կղանքից վեր:

Անսպիտակեղեն, մնալու է ցեխին տապկած՝

թևերի տակ սարդոստայն ու ոչ մի թռչող երազ.

մեր փախուստն է աշխարհում՝ ելք դեպի ներս,

որ ճակատագիր է այլևս, ոչ թե հեգնանք:

Հայհոյվեց այս տողերի հեղինակը ինչքան ասես: Պաշտպանողներն էլ քիչ չէին, քանի որ անհնար էլ չզգալ ու չտեսնել հայրենիք կորցնողի ողբերգության հասնող մտահոգությունը:

Հայաստանն այսօր արդեն բարձրացել է իր կղանքից և իր թռչող երազն է որոնում: Այդ երազի որոնման ճանապարհին շատերս ունենք զրոյից սկսելու կարիք:

Օրվա ցնծալի տրամադրությունները դեռևս չեն կարող արձակ գեղարվեստական արժեքավոր գործի՝ հատկապես էպիկական մեծ արձակի հումք դառնալ:

Պոեզիայի հումք դառնալ կարող են, որովհետև քնարերգությունը հենց կյանքից ազդված ապրումի, հույզի, մտածումի գեղարվեստական արգասիքն է:

Մինչդեռ արձակը պիտի հանգուցալուծման սպասի, էպիկական ֆինալը դեռ չգիտենք: Զանգվածների, անգամ ամբողջ ժողովրդի ցնծությունը չի կարող վեպ դառնալ և չունենալ կեղծ, սեթևեթ լավատեսության նոտաներ:

Պատահական չէ, որ մերօրյա շարժմանը նվիրված բանաստեղծությունների, երգերի ամբողջ ժողովածու արդեն կարելի է հրատարակել: Մինչդեռ պատմվածք, վիպակ, առավել ևս վեպ, դժվար թե մոտ ժամանակներս լինի:

Հրանտ Մաթևոսյանը Խորհրդային երկրի փլուզումը նկատի ունենալով հարցազրույցներից մեկում ասում էր, թե անցավ երկիրը, և պետության դեմ բացահայտ կամ տողատակով գրված գրականությունը նույնպես դարձավ ժամանակավրեպ:

Նա համեստորեն իր գրականությունն էլ նկատի ուներ, բայց իրականում նրա գրի մեջ գեղարվեստն այնքան բարձր է, որ որևէ իշխանության կամ պետության կործանում չեն կարող ժամանակավրեպ կամ անհետաքրքիր դարձնել այն:

Երանի այն լրագրողին, որ կգտնի տեղեկություն տալու իր նոր կերպը, և երանի այն գրողին, որ ժողովրդական ընդվզման ու նոր երկրի մասին այնպիսի արձակ գործ կստեղծի, որ անկախ հեղափոխծության հետագա ընթացքից՝ կմնա որպես արժեքավոր ստեղծագործություն:

Բայց հազար երանի, որ նոր երկրի մեր ծրագրերն ի կատար ածվեն և սպասումները արդարանան: Թե՛ մեդիան և թե՛ գրականությունը ելք կգտնեն անակնկալ հայտնված ազատության ու լավատեսության «փակուղուց»:

 

Հովհաննես Երանյան

 

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *