Ռուսաստանի Կեմերովո քաղաքի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհը, որի արդյունքում պաշտոնական տվյալներով զոհվեց 64 մարդ, մեծ մասամբ՝ երեխաներ (41), լուրջ փորձություն էր թե՛ իշխանությունների, թե՛ հասարակության համար:
Խնդիրն այն է, որ երեխաները մահացան ոչ թե հրդեհից, այլ խեղդվեցին ծխից՝ հնարավորություն չունենալով դուրս գալ սրահներից: Անվտանգության համակարգի չաշխատելու ու հրշեջ ծառայության արագ արձագանքման արարողակարգի խախտման պատճառով չէր կազմակերպվել մարդկանց տարհանումն ու հրդեհի մարումը: Չորսհարկանի շինության վթարային ելքերը փակ էին ու մարդիկ չունեին հնարավորություն փրկվելու:
Այս ողբերգությունը ուրվագծեց նաև այլ սարսափելի իրականություն: Այն է՝ ոչ մեկին չի կարելի վստահել, և ոչ մի բան չի կարելի ստուգել, քանի որ պաշտոնյաները, վկաներն ու հանցավոր անփութություն ցուցաբերած մասնագետները հեշտությամբ կարող են խաբել, կոծկել ու խեղաթյուրել փաստերը:
Մուլտֆիլմ դիտող ու «Զիմնայա Վիշնյա» կենտրոնի խաղահրապարակներում գտնվող երեխաների մահը բացատրելու ու դեպքի մանրամասները հայտնելու անկարողությունը մի քանի օր շարունակ ոչ պակաս սարսափելի էր, քան բուն աղետը:
Մեդիան աղբյուրներ էր որոնում, իսկ պաշտոնական ու մասնագիտական աղբյուրները զբաղված էին միայն սեփական դեմքը պահպանելու փորձերով:
Իսկ դա բնորոշում է այն հասարակությունները, որոնք կառուցված են ուղղահայաց իշխանական ձողի վրա և որտեղ չինովնիկները (հրշեջից մինչև նախագահ) մոլորվելով մարդկային ողբերգությունից՝ գործի են դնում քարոզչական հայտնի հնարքները:
Օրինակ, իշխանական-վարչական համակարգից դուրս գտնվող մեղավորներին որոնելն ու նշանակելը:
Իշխանությունների համար պաշտպանական միջոց է՝ հարցեր տվողներին ու լուսաբանողներին (և ոչ միայն լրագրող) միանգամից անվանել պրովոկացիա անողներ: Այնպես, ինչպես Կեմերովոյի փոխնահանգապետն իր ողջ ընտանիքը հրդեհում կորցրած հորը մեղադրեց «ցավի վրա փիառ անելու» համար:
Հետագայում փոխնահանգապետը հայտնեց, որ դա «պլանավորված ակցիա էր՝ ուղղված իշխանությունների հեղինակազրկմանը», իսկ նահանգապետ Աման Տուլեևը հատուկ ուղերձում ասաց, որ «որոշ ուժեր նպատակային փորձում են մարդկանց միմյանց բախել» ու «ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում»:
Հրդեհն ու մահը արդեն իսկ անկայուն ու բարդ հոգեբանական վիճակ են ստեղծել: Եվ կարեկցելու ու ճիշտ բառերով ցավը արտահայտելու պարզ մարդկային ունակությունը միանգամից ստորադասվեց թշնամիներ փնտրելու պրոպագանդիստական հնարքին:
Երկիրը պայքարում է արտաքին թշնամիների դեմ, բայց ստացվում է, որ երեխաները մահանում են երկրի ներսում: Պրոպագանդան դա նույնպես հակված է բացատրել թշնամիներով: Ու առաջարկում է «նշանակել» այդպիսի թշնամիներ:
«Ռոսիա» ալիքում հայտնի քարոզիչ Վլադիմիր Սոլովյովն, օրինակ Կեմերովոյի ողբերգությունն անվանեց «զանգվածային սպանություն նախնական պայմանավորվածությամբ»:
Կարեկցանքի խոսքեր ասվեցին Վլադիմիր Պուտինին: Պատգամավոր Ելենա Միզուլինան, օրինակ, իր ցավակցությունը հայտնեց առաջնորդ, նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինին, որի «համար այս դեպքերը թիկունքից հարված էին ու սարսափելի ցնցում»:
Պատգամավորը ասաց, որ քանի դեռ Պուտինը պայքարում է արտաքին թշնամիների դեմ՝ «աներևակայելի ուժի ռեֆորմներ իրականացնելով», նրան հարվածում են թիկունքից: Եվ ուրեմն, պետք է աջակցել Պուտինին ու ուժ մաղթել նրան:
Եզրակացությունը հետևյալն է. մի քննարկեք, մի ենթարկվեք պրովոկացիաների ու այլ «զզվելի բաների», միավորվեք Պուտինի շուրջ:
Եվ ամենաառաջին պաշտպանական ռեակցիան իշխանությունների համար, իհարկե, ինֆորմացիան վերահսկելու փորձերն են:
Փորձ՝ փակել ինֆորմացիան
Երբ վարչական ու իշխանական կառույցները լռելյայն ընդունում են, որ իրենց հանդեպ վստահություն չկա, միանգամից փորձում են կանխել անհատների հաղորդած այն տեղեկությունները, որոնք տեսականորեն կարող են հարցեր առաջացնել: Բնականաբար, անցանկալի հարցեր:
Կեմերովոյի աղետի հենց հաջորդ օրը ոստիկանները սկսեցին առևտրի կենտրոնի մոտակայքում ապրող բնակիչներից հավաքել տեսախցիկներն ու հեռախոսները:
Իսկ զոհված երեխաների հարազատներից պահանջում էին ստորագրել փաստաթուղթ՝ ինֆորմացիան չհրապարակելու ու չտարածելու մասին:
Անգամ կար դեպք, երբ կնոջ հեռախոսից հեռացրել էին իր թոռնիկների բոլոր լուսանկարները: Նաև կոտրել էին մահացած կնոջ սոցցանցային հաշիվը՝ հեռացնելով թարմ լուսանկարները:
Այլ մանիպուլյատիվ քարոզչական հնարք է խոսելը ոչ թե մարդու, այլ կառույցների անունից:
Ողբերգության առաջին օրը, մարտի 25-ը, կիրակի էր, և ռուսական շատ ալիքներ անտեսեցին հրդեհի ու մահվան լուրը՝ գրեթե չփոխելով եթերացանցը:
Իսկ հետագայում գործի դրվեց տեղեկություն փոխանցելու ստանդարտը. առաջին հերթին խոսքը տրվում է ուժային կառույցներին ու հատուկ ծառայություններին, հետո այն պաշտոնյաներին, որոնք խոսում են զոհերի ու հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին:
Դա պատահական չէ: Պաշտոնական-քարոզչական բառապաշարը ունակ չէ փոխանցել մարդկային ողբերգությունը, անգամ եթե շատ ցանկանա: Այդ բառապաշարը միայն հաշվետվության համար է:
Այդ դեպքում ՝ լուրերը դառնում են հաշվետվություններ իշխանական օղակներին, այլ ոչ թե հարգանքի, ցավի ու կարեկցանքի արտահայտություն, ինչի կարիքը աղետ ապրած հասարակությունը հաստատ ունի:
Եվ թերևս հենց միայն դրա կարիքն ունի, երբ մոլորված է, չհասկացող ու չհասկացված, հարազատներ կորցրած: Բայց նրանից առաջին հերթին պահանջում են լռել, չնկարահանել ու չխոսել լրագրողների հետ:
Իսկ թշնամիներ (ահաբեկիչներ, անկայունացնողներ, թիկունքից հարվածողներ և այլն) որոնելը, տեղեկատվությունը փակելն ու ընդհանուր չինովնիկական լեզվով խոսելը հուշում է, որ հասարակությունն ու իշխանությունները տարբեր մոլորակներում են:
Նունե Հախվերդյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: