Հայաստանում կիբեռհանցագործությունների թիվը տարեցտարի աճում է: Ոստիկանության տրամադրած վիճակագրության համաձայն, 2017թ-ին գրանցվել է կիբեռհանցագործության 108 դեպք: 2015թ-ին գրանցված դեպքերի թիվը 71-ն է եղել:
Կիբեռհանցագործության համար ամենակարևոր նախապայմանը ինտերնետին միացված համակարգիչն է, որի միջոցով տարածում են վնասաբեր վիրուսներ, կոտրում են գաղտնաբառեր, գողանում են բանկային քարտերի համարներ և բանկային այլ տվյալներ: Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց՝ ցանցային հանցագործություններն էլ կատարելագործվում են, նոր ձևեր են ստանում:
Հայաստանում նման հանցագործությունների քննությամբ զբաղվում է ոստիկանության կիբեռհանցագործությունների ստորաբաժանումը:
Ըստ ոստիկանության տվյալների՝ Հայաստանում մեծ թիվ են կազմում համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակության դեպքերը: 2017թ-ին գրանցվել է 67 նման դեպք:
Երկրորդ տեղում համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքերն են՝ 2017թ-ին 26 դեպք: Ավելի քիչ են համակարգչային սաբոտաժի դեպքերը (համակարգչային ծրագրի, տեղեկատվության կամ սարքավորումների միտումնավոր քայքայումը, արգելափակումը կամ ոչնչացումը):
Կիբեռհանցագործությունները հաճախ իրականացնում են միջազգային հանցագործ խմբավորումները: Կան դեպքեր, երբ նման անդրսահմանային հանցագործ խմբերը աշխատել են Հայաստանում:
Բանկային հափշտակություններ
Առավել տարածված են բանկային քարտերով, ցանցային վճարային և հեռակառավարվող բանկային ծառայությունների միջոցով կատարվող կիբեռհանցագործությունները: Նման մի հանցագործության ժամանակ հափշտակվել է 133 մլն դրամ:
Դեպքը տեղի է ունեցել վնասաբեր համակարգչային ծրագրերի օգտագործման բարդ սխեմայով:
Ըստ դեպքի մանրամասների, օտարերկրյա քաղաքացիներից կազմված հանցավոր խումբը Հայաստանում գործող առևտրային բանկի աշխատակիցների էլեկտրոնային հասցեներին Հայաստանի գերատեսչություններից մեկի անունից ուղարկել է վնասաբեր ծրագրերով կեղծ նամակներ: Այնուհետև ներթափանցել է բանկի ներքին համակարգչային ցանց և տիրացել այնտեղ պահվող տեղեկատվությանը:
Բանկի սերվերներից մեկի վրա տեղադրվել և գործարկվել է հեռակա համակցման ծրագիր, որն էլ բանկոմատները սպասարկող սերվերը վարակել է վնասաբեր համակարգչային ծրագրով՝ խափանելով աշխատանքը:
Երբ օգտագործվում է սոցցանցը
Լրատվամիջոցներում կիբեռհանցագործությունների մասին նյութեր շատ են: Ուժային կառույցներն էլ շահագրգռված են, որ դեպքերը լուսաբանվեն և մարդիկ ավելի զգոն լինեն: Սոցիալական ցանցերի միջոցով տեղի ունեցող հանցագործությունների ու հաշիվների պաշտպանության մասին շատ է խոսվում, սակայն դրանից դեպքերը չեն նվազում:
Քրեական գործերի բնույթից կարելի է ենթադրել, որ հիմնականում հանցագործությունը քննվում է այն ժամանակ, երբ տուժողը ֆինանսական կորուստներ է ունենում:
Օրինակ, դեպքը, երբ տուժող կինը դիմել էր իրավապահներին, քանի որ 420 հազար դրամ էր կորցրել Ֆեյսբուքի միջոցով ծանոթության արդյունքում:
«Գորիս» ՔԿՀ-ի դատապարտյալը Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով ծանոթացել էր այդ կնոջ հետ և, ներկայանալով Վրաստանում գործող տուրիստական գործակալության աշխատակից, գումարը վերադարձնելու պայմանով մաս-մաս յուրացրել այն:
Իրավապաշտպան Արա Ղազարյանն ասում է, որ կիբեռահանցագործությունների մեխանիզմները շատ արագ են զարգանում, և դժվար է մասնագետներին տեխնոլոգիաներին համահունչ առաջ շարժվել: Նրա կարծիքով, իրավապահ մարմիններն այդ ուղղությամբ այսօր արդյունավետ են աշխատում, բազմաթիվ գործեր են քննվում և մեղավորներ բացահայտվում:
Ամբողջ խնդիրն այն է, որ իրականում նման հանցագործություններն ավելի շատ են, քան ներկայացնում է պաշտոնական վիճակագրությունը: Համացանցային հարթակներում տեղի ունեցող բազմաթիվ հանցագործություններ չեն հասնում իրավապահ մարմիններին: Տուժածները երբեմն մտավախություն են ունենում, որ իրենց գործերի քննությունը կարող է ձգձգվել և կարճվել առանց մեղավորների բացահայտման:
Լրագրողների մասնակցությամբ դեպքեր չկան
Կիբեռհանցագործների պոտենցիալ թիրախ են նաև լրագրողները: Հայաստանում լրագրողների սոցիալական հաշիվների ու էլեկտրոնային հասցեների վրա հարձակման վիճակագրություն չկա:
Սակայն սա չի նշանակում, որ լրագրողներն ուշադրության կենտրոնում չեն կամ պակաս կարևոր տեղեկատվության են տիրապետում: Նրանք (հատկապես հետաքննող լրագրողները) կարող են ունենալ կարևոր տեղեկություններ՝ բացառիկ հարցազրույցներ, արխիվից կամ գաղտնի փաստաթղթերից տվյալներ, լուսանկարներ և վիդեոնյութեր: Քաղաքական և անձնական պատճառներով այդ արժեքավոր նյութերը միշտ կարող են հարձակման թիրախ լինել:
Տեղեկատվություն կրող ցանկացած անձի տվյալները պաշտպանելուն օգնելու համար Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ստեղծել է «Ցանցառ» կրթական խաղը: Այն նպատակ ունի տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել ճիշտ արձագանքել դրանց:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: