Ի՞նչ է ուզում կինը: Սա այն հիմնական հարցն է, որին փորձել են պատասխանել հայ կանանց ուղղված հանդեսները՝ սկսած 19-րդ դարի կեսից:
Կանանց խնդիրները բարձրացնող առաջին հայկական հանդեսը «Հավերժահարս»-ն է, որը սկսել է տպագրվել 1862-ին, Զմյուռնիայում:
Հանդեսում սիրային ստեղծագործություններ էին ու խորհուրդներ կանանց, դիցուք, ինչպես տանը դիմափոշի պատրաստել. «Բրինձը աղէկ մը լուալեդ ետքը, ջրով կրակին վրայ դիր և թող որ եփի մինչև ջրին հատնիլը: Կրակեն վար առ, ճերմակ թղթին վրայ տարածե և արևը դիր, որ չորնայ: Երբ բոլորովին չորնայ, այնչափ ծեծէ, որ խիստ բարակ փոշի դառնայ, ետքը մաղէ անցուր ու թղթե տուփերուն մէջ լեցուր» («Յավերժահարս», 1862, մարտի 1, N5):
Մարի Պեյլերյանի «Արտեմիս» (Կահիրե, 1902-1903) հանդեսը բարձրացնում էր կանանց իրավունքների հարցը. «Երկար ժամանակներէ ի վեր, ամենէն քնքուշ երազս եղած էր հիմնել Հայ իգական սեռին համար սեփական անկախ թերթ մը, որ ըլլար իրեն ազատ ձայնը: Ատով հայ կինը ցոյց պիտի տար, թէ ինքն ալ ունի մտային ընդունակութիւն՝ ըմբռնելու այն ամեն ընկերային ու հանրային կարևոր հարցերը, որոնք ուղղակի կամ անուղղակի կապ ունին իր կնոջական պարտականութիւններուն, իրավունքներուն ու պահանջքներուն հետ»:
Սակայն խոսելիս իրավունքների, ազատությունների մասին, թերթը պնդում է՝ կնոջ հիմնական տեղը «ընտանեկան հարկն է».
«Մենք չպիտի քարոզենք սանձարձակ ազատությիւն կնոջ, չէ թէ որովհետև կինը իրավունք չունի զայդ ձեռք բերելու, այլ վասնզի մենք համոզված ենք, թէ ընտանեկան յարկն է մասնավորապես կնոջ վայէլ պատշաճ տեղը»:
Ֆեմինիզմը կանանց այս ամսագրի համար անհանդուրժելի երևույթ էր, որի հիմքում կանանց ենթագիտակցական վրեժն է տղամարդկանցից՝ կանանց հանդեպ նրանց «դարավոր անարդարությունների» դեմ («Արտեմիս», 1902, հունվարի 1):
Հայկանուշ Մառքի խմբագրած «Լոյս» հանդեսը բարձրացնում էր ամուսնությունից խուսափելու և հաշվարկով ամուսնությունների հարցերը:
«Կինը՝ ամուրիի կյանքին մէջ» հոդվածում կարդում ենք. «Կոյս աղջիկներ, գրեթե մեծամասնութեամբ, ամուրիի կեանքին կփարին՝ արհաւիրքի մը պէս սոսկալով միւս կեանքեն՝ ամուսնութենէն: Ասիկա ծայրահեղութիւն է: Ամուրիի կեանքին կենցաղագիտական անպատեհութիւններուն մեկն է կրել օրիորդ տիտղոսը: Եվ ընդհանրապես տգեղ է ատիկա տարիքոտ աղջիկներուն»:
Ինչպե՞ս լուծել խնդիրը. 25 տարեկանում աղջկա մատին հայրը մատանի պետք է դնի, և նա պետք է «ավտոմատ» կոչվի տիկին: Մինչև այդ ֆորմալ կոչումը նաև դե ֆակտո կլինի…
Հարուստ աղջկա կամ երիտասարդի հետ ամուսնանալ՝ հաշվարկով, թերևս հավերժական խնդիր է. «Խղճալիներ, ե՞րբ արդեոք սա մեր աղջիկներ ու տղաքներ պիտի հասկնան, թէ նիւթական պայմաններով միայն փնտռուած ամուսնութեանց մէջ մարդ շատ-շատ կողակից կարող է ունենալ, բայց երբէք սրտակից»:
Եվ եզրակացությունը. ավելի լավ է աղքատ, բայց սիրելի ամուսնու հետ հաց ու պանիր ուտել, քան հարուստ, բայց ատելի ամուսնու հետ՝ «խորոված հավ» («Լոյս»,1907, հուլիսի 4, N 2):
«Ծաղիկ» թերթը ուսումնասիրություն էր անցկացրել ու պարզել, որ ամուսնության ենթակա տղամարդիկ իրենց հարսնացուների բնավորության գծերից նախընտրում են «խոշորկեկ դրամօժիտը. ահավասիկ ճշմարտութիւնը, ինչ կ՝ուզեն, թող ըսեն» («Ծաղիկ», 1897, հունիսի 5/17):
Կանանց ուղղված հանդեսներում անպայման տեղ էր հատկացված խնամքի պարագաների գովազդին. ««Քրէմ Սիմոնը»՝ հնարուած 1860-ին. բովանդակ աշխարհին մէջ բոլոր վայելչասէր կիներեն ընդունուած է: 1900-ի տիեզերական Արուեստահանդէսին մէջ արժանացած է Ոսկի Միտալի: Մի վարանիք պահանջել ճշմարիտ «Քրէմ Սիմոնը», և յավետ երիտասարդ ու թարմ պիտի մնաք՝ մինչդեռ ձեր դրացուհիները պիտի պառաւնան՝ ցավելով իրենց սխալ խնայասիրութեան վրայ» («Ծաղիկ», 1908, հուլիսի 10, N 8):
Շպարի և ոչ մի պարագայի մասին ակնարկ իսկ չկա խորհրդային շրջանի կանանց հանդեսներում. կանանցից ակնկալվում է առնականություն, ուժ ու նվիրում կոմունիզմին:
«Մարտի 8-ին 1926 թ. դուք՝ Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի աշխատավորուհիներ, պետք է փառահեղ կերպով տոնեք ձեր այս միջազգային տոնը, յերդվելով, որ ձեր բոլոր ուժը, ձեր բոլոր եռանդը կգործադրեք երկրի արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը բարձրացնելու համար: Դա է գրավականը մեր երջանիկ կյանքի: Դա է կոմունիզմի թագավորությունը»: («Անդրկովկասի աշխատավորուհի», 1923, N 1 /2/):
Պայմաններին, որոնք ստեղծված էին իրենց կոմունիզմին նվիրած կանանց համար, կնախանձեին 21-րդ դարի աշխատող կանայք.
«Թիֆլիսում մայրության և մանկության խնամատարությունը ամենից լավ պայմաններում է գտնվում ծխախոտի տրեստի գործարաններում, որը ունի չորս մսուր, որոնք բոլորն էլ, ճիշտն ասած, դրված են օրինակելի պայմաններում: Հիմա ծխախոտի գործարանի բանվորուհին, որն ունի ծծկեր երեխա, կարող է հանգիստ սրտով գործարանում աշխատել՝ գիտենալով, որ իր երեխային լավ են խնամում: Շնորհիվ այն հանգամանքի, որ մսուրները գտնվում են գործարանների մոտ, բանվորուհին հնարավորություն ունի 3 ժամը մեկ կերակրել իր երեխային» (նույն տեղում):
«Հայաստանի աշխատավորուհի» հանդեսի բոլոր համարների հերոսուհիները առնական, տղամարդու աշխատանքը նրանից եթե ոչ ավելի լավ, ապա գոնե հավասար կատարող կանայք են:
Ահա նրանցից մեկը. «Ռաիսա Դուդկինային գրասենյակային հանգիստ ու մաքուր աշխատանքը չէր հրապուրում: Նա երազում էր տղամարդկանց աշխատանքի մասին»:
Երազանքը դառնում է իրականություն. շոգեքարշի մեքենավար է դառնում և աշխատանքի անցնում Լենինականի դեպոյում («Հայաստանի աշխատավորուհի», 1941, ապրիլ, N 4):
Գործարանում թե շոգեքարշի ղեկին՝ կինը կին է: Նա ցանկանում է գեղեցիկ լինել, ինչը ոչ մի կերպ հնարավոր չէր Երևանի «Մարտի 8-ի անվան արտելի» արտադրանքը կրելով:
«Հագուստը հիշեցնում է հասարակ տոպրակ, չունի ոչ մի ձև: Վերջերս արտելը սկսել է արտադրել մեծ քանակությամբ կանացի ու մանկական հագուստ, որոնք այնքան անճաշակ են կարված, որ նայել չի լինում» (նույն տեղում):
Այսօր համացանցը ողողված է ժամանակակից կանանց խնդիրներով: Եվս փորձում են գտնել «Ի՞նչ է ուզում կինը» հարցի պատասխանը:
Գուցե փքված շրթունքնե՞ր կամ սեքս՝ երեքո՞վ: Պատասխանը գտնելու ապարդյուն փորձեր…
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: