2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունները, դրանց նախորդող քաղաքական պայքարն ու հասարակական գործընթացները, դրան հաջորդող արտակարգ դրությունը մեծ ազդեցություն ունեցան Հայաստանի հետագա զարգացման վրա։
Մարտի 1-ը մեծ ներգործություն ունեցավ նաև տեղեկատվական դաշտի վրա։ Դեռևս 2007 թվականի ընթացքում հայկական ցանցային համայնքը շրջվել էր դեպի ներքին քաղաքականություն։ Հարկ է նշել երկու բան․
ա) Մինչև 2007֊ի աշունը Հայաստանի և սփյուռքի հիմնական ցանցային հետաքրքրություններն ու քննարկումները ծավալվում էին արտաքին քաղաքականության՝ հայ֊թուրքական և հայ֊ադրբեջանական հարաբերությունների շուրջ:
բ) Սոցցանցերն արդեն գոյություն ունեին, բայց ունեին չնչին ազդեցություն, հիմնական ցանցային համայնքը ցրված էր մի շարք հայկական ֆորումների և Livejournal.com բլոգների միջև, չնայած, որ արդեն սկսեցին զարգանալ այլ բլոգային հարթակներ, հիմնականում WordPress-ը, Blogspot-ը:
Բլոգների և ֆորումների ներքաշումը քաղաքական պայքարի մեջ հանգեցրեց հայկական ցանցի հատվածի առաջին մեծ ճգնաժամի։ Ինչպես օֆլայն հայաստանյան հասարակությունն ու սփյուռքային համայնքները, այնպես էլ ցանցային համայնքները բաժանվեցին երկու մեծ հիմնական հատվածների։
Այս ընթացքում առաջին անգամ ինտերնետը օգտագործվեց ներքին դաշտում՝ քարոզչական պատերազմի համար։
Իհարկե, սա կազմակերպված և համակարգված պայքար չէր, դեռ հիմնված էր ինքնաբուխ շարժումների վրա, սակայն այս ժամանակ Հայաստանում հիմք դրվեց հետագա ցանցային պատերազմներին: Այստեղ կարելի է տեսնել առաջին քննարկումը քարոզչական բլոգների մասին (այսօրվա լեզվով այս բլոգները կանվանվեին ֆեյքեր): Խորհրդանշական են ինչպես բուն գրառումը, այնպես էլ դրա տակ ծավալվող քննարկումը։
Ամենաաղմկալից գործողությունը, որի մասին առ այսօր կարելի է կարդալ բազմաթիվ միջազգային զեկույցներում, ընդդիմադիր կայքերի արգելափակումն էր պետության կողմից, որը տեղի ունեցավ մարտի 2-ին։
Մի քանի օրով փակվեց նույնիսկ Յություբը (ավելի մանրամասն ստորև): Սա ունեցավ մի շարք երկարաժամկետ հետևանքներ․
ա) Փորձը ցույց տվեց, որ արգելափակումները չեն լուծում իրենց վրա դրված խնդիրը․ հայաստանյան հասարակությունը շատ արագ լուծեց տեխնիկական հարցերը և հանգիստ շարունակեց ընթերցել անհասանելի կայքերը։ Ավելին, արգելափակումները մեծացրեցին հասարակության հետաքրքրությունը ինտերնետով: Որպես արդյունք այցելություններն, ընդհակառակը, աճեցին:
բ) Արգելափակումների դեմ առաջացած միջազգային աղմուկը ազդեց միջազգային ռեյթինգների վրա ու ունեցավ ավելի բացասական հետևանք, քան գրաքննությունից ենթադրվող օգուտը:
գ) Արգելքի տակ հայտնվել էին ոչ միայն կայքերը, այլև մի շարք լրատվականներ զրկվել էին իրենց դոմեյնային անուններից։ Նման գործողությունները բերեցին նրան, որ դրանից հետո .am դոմեյնի շուրջ ձևավորվեց ու դեռ մի քանի տարի տևեց անվստահության մթնոլորտը։ Ինչի հետևանքով, օրինակ, «Հայկական ժամանակը» միգրացիա կատարեց hzh.am դոմեյինց դեպի armtimes.com։
Քաղաքական հետագա զարգացումներն ունեցան ևս մեկ ազդեցություն։
Մինչև 2008-2009 թվականները հայաստանյան մամուլն ուներ մի առանձնահատկություն․ լրատվամիջոցները տարին երկու անգամ գնում էին երկարաժամկետ արձակուրնդների՝ հունվարի առաջին կեսին ու օգոստոսի առաջին կեսին։
Սակայն ընդդիմադիր ուժերի ալիքային ակտիվությունը հանգեցրեց այն բանի, որ մամուլը ստիպված եղավ անցնել ավելի ակտիվ և անդադար աշխատանքի։
Ստորև ներկայացնեմ ինտերնետային սահմանափակումների ժամանակացույցը, որը պատրաստվել էր «Մարդու իրավունքները Հայաստանում» կայքի կողմից․
Ինտերնետի սահմանափակումների ժամանակացույց
Մարտի 2-ին, ժամը 23-00 սահմաններում պրովայդերները (ըստ մեր ունեցած տվյալների՝ ԱԱԾ–ի ցուցումով) սկսեցին արգելափակել Հայաստանի այցելուների մուտքը մի շարք հայկական ԶԼՄ–ների և ընդդիմադիր կազմակերպությունների կայքեր։
Առաջին օրերի ընթացքում չճշտված պատճառներով ցանցից անհետացան նաև panorama.am և regnum.ru կայքերը, սակայն հետագայում դրանք գործեցին անխափան (հարկ է նշել, որ մի շարք բլոգերում և ֆորումներում հնչում էին կարծիքներ, որ այս երկու կայքերն նույնպես ենթարկվել էին արգելափակման):
Առաջին երկու օրվա ընթացքում ֆիլտրումը կատարվում էր քաոտիկ` տարբեր պրովայդերներ տարբեր ցուցակներով էին փակում կայքերը:
Մարտի 3-ին Հայաստանի ինտերնետային միությունը (ՀԻՄ) սկսեց արդեն դոմեյնների արգելափակումը։ Այսպիսով, .am տիրույթում գտնվող արգելափակված կայքերը դարձան անհասանելի ոչ միայն ՀՀ-ում գտնվողների համար:
Այդ կայքերը ընթերցելու միակ հնարավորությունը կայքերն իրական IP հասցեով այցելելն էր: Օրինակ, a1plus.am՝ 75.125.179.218:
Քանի որ արտակարգ դրության ժամանակ այդ կայքերն իրենց խմբագիրների կամքով չէին թարմացվում, ապա ամենայն հավանականությամբ ԱԱԾ–ն դիմել էր այս քայլերին, որպեսզի արտաքին աշխարհի այցելուների համար ինտերնետից հեռացվեին նույնիսկ արխիվային նյութերը։
Ինտերնետ Միության խորհրդի նախկին անդամ Դավիդ Սանդուխչյանը մեզ հայտնեց, որ առաջին շրջանում այս գործողությունների մասին տեղյակ չեն պահել ՀԻՄ–ի խորհդի անդամներին։
Մարտի 4-ին գրանցվեց ու սկսեց գործել ընդդիմադիր infoarmenia.org կայքը, որն արտակարգ դրության ընթացքում չարգելափակվեց: Ինչից կարելի է եզրակացնել, որ արգելափակումները կատարվել են ոչ մասնագետների կողմից, որոնք իրականում չէին վերահսկում տեղեկատվական դաշտը։
Մարտի 5-ին արգելափակվեց youtube.com կայքը, քանի որ այնտեղ ընդդիմությունը սկսել էր տեղադրել մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ տեսանյութեր:
Քանի որ այս անգամ իշխանությունները սկսեցին ֆիլտրման ենթարկել ոչ հայկական կայքը, նրանց քայլը արձագանք ստացավ արտասահմանում: Բլոգերում և ֆորումներում տարածվեց տեղեկություն, որ Միջազգային ինտերնետային միությունը (ISOC) դիմել է ՀԻՄ-ին, հայտնելով, որ այն խախտում է իր պարտավորությունները և կարող է զրկվել միջազգային անդամակցությունից:
Որպես հետևանք՝ հայկական կազմակերպությունը կզրկվեր .am տիրույթում դոմեյնների գրանցման իրավունքից։
Նույն օրը հանրությունն արդեն սկսեց ձեռնարկել գործնական միջոցներ՝ ինտերնետային շրջապատումից ելքեր գտնելու համար։ Բացվեց azathayastan.googlepages.com բլոգը, որտեղ տեղադրվում էին նյութեր արգելափակված Armenia Today և «Ազատություն» ռադիոկայանի կայքերից:
«Ազատություն»-ը տեղադրում է իր նյութերը նոր հասցեով azatutyun.eu:
Մի քանի պրովայդերներ որոշ ժամանակով փակեցին ռուսական Regnum.ru գործակալության կայքը (ստուգվել են web.am, netsys):
Այս ընթացքում ինտերնետից օգտվողների շրջանում սկսեցին տարածվել տարբեր տեխնիկական միջոցներ, որոնք թույլ էին տալիս այցելել փակված կայքերը (անոնիմայզերներ, արտաքին պրոքսիներ):
Մարտի 8-ին ՀԻՄ-ն, ի վերջո, հայտնեց հանրությանը, որ մի շարք կայքեր զրկել է իրենց դոմեյնային անուններից (հայտարարությունը տեղադրվեց կազմակերպության կայքում):
Մարտի 9-ին «Ազատություն» ռադիոկայանի ձայնագրությունները սկսեցին տեղադրվել առանձին կայքում armenica.org/radio:
Մարտի 19-ին արգելափակման ենթարկվեց xosqi-azatutyun.livejournal.com բլոգը, որտեղ հայերը արտասահմանից տեղադրում էին նյութեր Հայաստանում չբացվող կայքերից: Բլոգերների հետաքննությունը հայտնաբերեց, որ արգելափակումը կատարվում է միայն XTER.net պրովայդերի կողմից:
Մարտի 21-ին արգելափակումները վերացան: Օրվա առաջին կեսին «Հայկական Ժամանակ» կայքի հասցեում դեռևս տեղադրված էր թերթի հոսթինգը տրամադրող Web.am պրովայդերի կայքէջը:
Սամվել Մարտիրոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: