1988 թվականի Շարժումն արդեն երեսուն տարվա վաղեմության հուշ է: Այն գեղեցիկ ու եզակի պատմական պահերից էր, երբ հսկայական ներքին էներգիայի շնորհիվ տեկտոնիկ շերտեր շարժվեցին անդրդվելի թվացող ԽՍՀՄ կայսրության կարծր կառուցվածքի մեջ:
Ժողովուրդն ու հրապարակը միացան, և ստեղծվեց զանգվածային և համերաշխ մարմին, որն իրոք զանգվածային էր և իրոք՝ համերաշխ:
Ինչպես ասում է ազգագրագետ և մարդաբան Լևոն Աբրահամյանը՝ դա տոն էր իր դասական իմաստով ու դրսևորումներով՝ թե՛ ինքնաբուխ, թե՛ կառուցվածքային (դերափոխությամբ ու կառնավալային): Եվ ինչպես ցանկացած տոն, այն համալրվում էր դետալներով, սիմվոլներով ու ծիսակարգով:
Այդպիսի ծիսական դետալ էր 1988 թվականի փետրվարի առաջին հանրահավաքների ժամանակ հնչած ու տարիներ շարունակ կրկնվող շեփորային մեղեդին:
Շեփորը ոչ միայն երաժշտական, այլև իրազեկման, ուշադրություն հրավիրող ու լայն իմաստով՝ ուղղորդող գործիք էր: Գործիքը, մեղեդին ու կատարողը հայտնվեցին հենց այն պահին, երբ հարկավոր էր ձայնային սիմվոլ: Ավելի ճիշտ՝ եղավ պահանջ, ու այդ պահանջը բավարարվեց:
Հանրահավաքի եկած Աշոտ Միրզոյանը հանեց պատյանից իր բավականին հին շեփորն ու նվագեց հենց այն մեղեդին, որն իր խոսքերով՝ վաղուց արդեն թրծված էր իր մանկությունից, ճամբարային կյանքից և … ընդհանրապես թրծված էր և վերջ:
«Ինչու է աղմկում գետը» ֆիլմի համար գրված Արտեմի Այվազյանի երաժշտությունը դարձավ ազդանշան, հիմն, նաև՝ կանչ: Ընդհանրապես ցանկացած հեղափոխություն սկսվում է սիմվոլների փոփոխությունից, վերաիմաստավորումից, հրաժարումից ու զուգահեռ արարումից:
Շեփորն արարում էր մի մթնոլորտ, որը բոլորի համար նոր էր, թարմ ու անկանխատեսելի: Եվ դրանով հանդերձ՝ գրավիչ ու էմոցիոնալ:
«Տխուր է, որ քչերի մոտ է հարց առաջանում, թե ինչից սկսվեց Շարժումը, ու ինչպես եղավ, որ հավաքվելու միտքը մերանի պես աշխատեց ու բոլորին կպցրեց իրար»,- հիշում է Աշոտ Միրզոյանը, որին բոլորը անվանում էի՝ Շեփոր Աշոտ:
Մեխանիկական-մեքենաշինական ֆակուլտետն ավարտած Աշոտն այդ ժամանակ աշխատում էր «Լազերային տեխնիկա» ընկերությունում որպես ինժեներ: Եվ սիրում էր ընկերների հետ նվագել: Ընդ որում՝ ասում է ոչ թե «ես շեփոր էի նվագում», այլ՝ «շեփորում» էի:
Եվ ինչպես բոլորը 1988-ին, նա գնում էր հավաքների: 1988-ին ամեն ինչ պատահական էր դասավորվում, և միաժամանակ՝ ոչինչ պատահական չէր: Աշոտ Միրզոյանը պատմում է.
«Ձկան խանութի մոտ ապրող Քիսը, որը հայտնի երևանյան դեմք էր ու մի ոտքից կաղում էր, ասաց ՝ մարդիկ Օպերայում հավաքվել են, գնանք տեսնենք, ինչ են անելու: Գնացինք Օպերայի հրապարակ, հետս պատյանով շեփորն էր: Մի երեխա հարցրեց՝ սա շեփո՞ր է, կտա՞ք նվագեմ: Մտածեցի, որ եթե գիտի, որ սա շեփոր է, ուրեմն նվագել էլ գիտի: Վերցրեց մի քանի անգամ պիփ-պիփ արեց: Կողքի մարդիկ գոռգոռացին, որ ձայնը խանգարում է լսել, թե ինչ է կատարվում: Իրականում ոչ մի բան էլ չէր կատարվում, քանի որ 1988 թվականի փետրվարի 21-ին այն պահն էր, երբ ժողովուրդը հավաքվել էր, որ գնա Կենտրոնական կոմիտե, իմանալու համար, դե Մոսկվան ինչ գնահատական էր տալու… Բայց չէր գնում:
Մի կողմից՝ սովետական կարգապահությունը, մյուս կողմից՝ վախը, թույլ չէր տալիս գնալ այդ ռիսկային քայլի ու երթով շարժվել դեպի ЦК-այի շենքը: Մարդիկ այնքան շատ էին, որ արդեն մայթերին չէին տեղավորվում, բոլորը տագնապով սպասում էին, թե ինչ է լինելու: Ու երբ էդ երեխան շեփորով փորձեց մի քանի հնչյուն արտաբերել, իսկ մարդիկ նրան լռեցրեցին, ասացի՝ տու՛ր գործիքը: Վերցրեցի ու առաջին անգամ նվագեցի Արտեմի Այվազյանի այդ երաժշտությունը: Ու դա նշան դարձավ, որ բոլորը բարձրացնեն ձեռքերն ու որոշում կայացնեն: Զարմանալի էր, կարծես հենց առաջին իսկ նոտայից, նրանց պարզ դարձավ, որ պետք է գնալ Բաղրամյան փողոց…»:
Եվ հետագայում էլ ամեն անգամ, բոլոր հավաքներին, հնչում էր շեփորը՝ նախապատրաստելով մարդկանց, ուշադրություն հրավիրելով ու դառնալով ազդակ, որ հիմա և այստեղ կարևոր բան է տեղի ունենալու:
Թեկուզև միայն այն, որ հավաքներն արդեն իրականություն են, քանի որ միայն իրականությունը կարող է ունենալ իր սիմվոլը:
Շեփորն այլևս չէր կարող համարվել ընդամենը մեկանգամյա օգտագործման տարր, այն պետք էր որպես հավատ, որպես գունային ակորդ, որը վստահություն կներշնչեր, թե ամեն բան ընթանում է ճիշտ ուղով:
Աշոտ Միրզոյանը պատմում է. «Մարդ կար, որը լսել էր, թե ինչպես եմ նվագում, ասաց մյուսին, էն մյուսը փոխանցեց լուրը: Ու 1988 թվականի փետրվարի 23-ին ողջ Օպերան եկավ վեցերորդ մասիվում գտնվող «Լազերային տեխնիկա» գործարանի դարպասների մոտ ու ինձ կանչեց: Գործարանի տնօրենն էլ ասաց՝ գնա, ինչքան պետք է մնա ու նվագի»:
«Եթե չթողներ, չէի՞ք գնա»: Ծիծաղով պատասխանում է. «Չէր կարող չթողնել, քանի որ հավաքված մարդիկ պարզապես կքանդեին գործարանը՝ պարիսպներով, պատերով և այլն»:
Այդ օրվանից սկսած Աշոտ Միրզոյանը բոլոր հավաքների մեկնակետը տալիս էր իր շեփորով: Եթե կանչում էր շեփորը, ուրեմն հավաքն արդեն հասունացել է և շուտով հնչելու են ելույթները: Եվ այդպես մինչև 1991 թվականը, երբ արդեն փլուզվեց Սովետը, իսկ անկախ Հայաստանը ընտրեց իր առաջին նախագահին:
Նույն դերը նույն գործիքով ու տարիներ շարունակ կատարելու փաստը Աշոտ Միրզոյանին երբեք չի անհանգստացրել. «Մինչև Սովետական միության փլուզումը շեփորը եղել է ակտուալ»:
Նա անհետացել է Հրապարակից միայն մեկ ամսով, երբ մեկնեց Թաշքենդ՝ փող աշխատելու: «Փողն այնքան էլ արժեզրկվել, որ ստիպված էինք գումար վաստակել»,- ասում է նա: Ու ավելացնում. «Իհարկե, կար փոխարինող»:
Արտեմի Այվազյանի մեղեդին Աշոտ Միրզոյանի համար կապված էր նախ իր մանկական հուշերի հետ. «Քիչ մարդիկ հեռուստացույց ունեին, իսկ նրանք, ովքեր ունեին, միշտ պատրաստ էին, որ իրենց տանը լիքը մարդ է հավաքվելու: Եվ երբ ծնողներս ու հարևանները հեռուստացույցով ֆիմլեր էին դիտում, երեխաներին ուղարկում էին քնելու, ես վերմակի տակից փորձում էի տեսնել ու լսել, թե ինչ են նայում: Ու հիշողության մեջ տպվել էր հենց այդ երաժշտությունը»:
Շեփորը ոչ միայն հավաքական էներգիայի, հաղթանակի ու նորի սիմվոլ էր, այլ նաև հաշտեցնող ու հանդուրժողականության մասին հիշեցնող միջամտություն: Դեպքեր են եղել, երբ շեփորի հնչյունների շնորհիվ հարթվել են կոնֆլիկտները ու մեղմացել հասունացող բախումները: Հենց լսվում էր նվագը, մարդկային բազմությունը մանր անհարամավետությունն ու հավակնոտ մտքերը զսպելու շանս էր ստանում:
«Հաշտեցման տեխնոլոգիայի ուժը առաջին անգամ զգացի Զվարթնոց օդանակայանում, որտեղ 1988-ի հունիսին սովետական զորքերը պատնեշ էին սարքել ու արգելել մուտքը: Զինվորները վահաններն իրար կպցրած կենդանի պատ են սարքել, իսկ դիմացը մի քանի հարյուր մարդ էր, հիմնականում՝ մարտական տրամադրված կանայք, որոնք պայուսակների մեջ քար էին լցրել և որքան ուժ ունեին, տարուբերելով փորձում էին հարվածել վահանների հետևում գտնվող ռուս զինվորներին: Իսկական զենք էին սարքել ու ստեղծվել էր պայթյունավտանգ իրավիճակ, քանի որ զինվորները սպասում էին հրամանի՝ մարդկանց ջարդելու համար: Եվ ես հասցրեցի շեփորել… Վստահ եմ, որ եթե մի քանի րոպե ուշանայի, արյունալի ջարդ կսկսվեր… Իսկապես, երբ հնչեց շեփորը, կարծես լույս վառվեց, բոլորը միանգամից կանգնեցին»:
1988-ին շեփորը նույնացվում էր միայն լավ բաների հետ: Այդ թվում նաև՝ կարգուկանոնի: Հսկայական մարդկային զանգվածը ուղղորդվում էր շեփորով: Շեփորը կողմնացույց էր և ժամացույց:
Եվ հիմա այդ կողմնացույց ու ժամացույց շեփորը թանգարանային նմուշ է, որն իր տեղը գտել է Հայաստանի պատմության թանգարանում:
Մի քանի տարի առաջ Աշոտը շեփորը (որն իր հետ տարել էր ԱՄՆ ու հետ բերել) հանձնեց թանգարանին:
«Հիմա կարծես ոչ մեկին չի հետաքրքրում պատմությունը, թե ինչը, ոնց սկսվեց: Տպավորություն է, որ հիմա բոլոր լրատվամիջոցները հենց տեսնում են, որ մեկը ցախավելով անկյունում կանգնած է, գնում են ու հարցնում՝ իսկ ինչ եք մտածում սրա մասին, նրա մասին: Ու լրագրողներին հետաքրքիր էլ չի, թե այդ մարդը ինչ է պատասխանելու, լրագրողներն արդեն գիտեն, թե ինչ պիտի գրեն ու ինչ հաղորդում պատրաստեն, ու պարզապես ձևեր են թափում, թե ուզում են իմանալ իրականությունը»,- ասում է նա:
Հիմա 2018-ին, Շարժումը այլ տեսանկյունից է դիտվում: Ավելի շուտ՝ կանգ առած, դադարի պահին:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: