2018.02.08,

Քննադատ

Կոնֆետը

author_posts/lusine-hovhannisyan
Լուսինե Հովհաննիսյան
facebook

Հրապարակախոս

Մեր սերնդին թվում է, թե  այսօր բոլորը գիտեն կամ պիտի իմանան ովքեր են Խաչիկ Ստամբոլցյանը, Իգոր Մուրադյանը, «Ղարաբաղ կոմիտեի» անդամները:

Չափազանց երիտասարդ լրագրողների հետ քննարկում էինք Ղարաբաղյան շարժման երեսուն ամյակին նվիրված նյութերի թեման ու համակարգչի էկրանին բացված նկարների մասին արագ-արագ խոսելիս, երբ քսաներեքամյա լրագրողուհին հարցնում է «էդ ով ա»՝ հասկանում ես, որ  իրենց համար բոլոր այս անուններն ու դեպքերը նույնքան պատկերավոր ու իրական են, ինչքան, ասենք, «Թամանյան դիվիզիան» մեր սերնդի համար:

Հետո, մի շատ ժամանակակից բառ՝ իրազեկում, ինձ մի դար հետ է տանում, իսկ ավելի ճիշտ՝ երեսուն տարի: Ղարաբաղյան շարժման մասին նյութ սարքող լրագրողը հարցնում է՝ ինչպես էր տեղի ունենում իրազեկումը հավաքների մասին:

«Իրազեկումը» շքեղ է ասված: Բառարաններում այս բառը կա, բայց նրա տեղեկատվական իմաստի մեջ շատ գերարագ տարրեր են, որպեսզի կարողանաս դրանով նկարագրել, ասենք, «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկի «Պապլավոկով» անցնելն ու սպասվող հանրահավաքի տեղ ու ժամ ասելը: Կամ Գրողների միությունում ձևավորված լուրի Բաղրամյանով դեպի քաղաք իջնելու հին բանավոր մեթոդը:

Կամ ինչպես «իրազեկում» կոչել, երբ տրանսպորտի մեջ աշխատանքից տուն գնալիս մարդիկ տեսնում էին, որ «ահագին ժողովուրդ ա հավաքված էսինչ տեղը» ու տուն հասնելուց հետո մի բան էին ուտում ու շենքի, բակի ժողովրդով իջնում էին քաղաք:

Իրազեկում էինք իրար զեկուցելով՝ ինչ ենք լսել, ով է ասել, երբ, որտեղ: Իսկ փետրվար, մարտ ամիսներին դրա կարիքը ուղղակի չկար:

Օպերա նշանակում էր հանրահավաք՝ միանգամից նաև տեղ ու ժամ, որովհետև ցույցերն ու հավաքները շուրջօրյա էին:

Նույնիսկ օպերայի շենքի ներսում այս բառը որպես երաժշտության, խոսքի ու բեմական գործողության սինթեզ, կարծում եմ, չէր գործածվում:

Երբ հանրահավաքները դադարեցին շուրջօրյա լինել, ամեն հանրահավաքից հետո հայտարարվում էր հաջորդի մասին:

Բայց այս շատ ժամանակակից ու հղկված «իրազեկում» բառը հիշեցրեց մի արտասովոր իրազեկման մասին:

Ղարաբաղյան շարժմանը վերաբերող իմ իրերի մեջ ուղիղ քսաներեք տարի պահել էի մի կարամելային կոնֆետ: Շատ եմ ափսոսում, որ թափեցի կոնֆետը, բայց միջի ջեմը թափվել էր, երևի շոգից, ու արդեն պահելու բան չէր:

Կոնֆետը իրազեկում էր հաջորդ հանրահավաքի մասին:

Շարժման ընթացքում մի պահ եղավ, որ շարժումը սկսած Իգոր Մուրադյանի ու արդեն ձևավորված «Ղարաբաղ» կոմիտեի միջև անհամաձայնություններ կային, օպերայի տարածքը փակ էր ռուսական զորքով ու Իգոր Մուրդյանը ցույց էր կազմակերպում:

Ժողովուրդը տարերայնորեն գնաց դեպի կասկադի տարածք, որտեղ կոնֆետներ բաժանեցին, ու Իգոր Մուրադյանը հորդորեց բացել և ուտել դրանք:

Կարամելի կոնֆետի թուղթը բացելուց հետո տեսանք, որ կոնֆետը փաթաթված է բարակ, նեղ, հին հեռագրային տողի լայնությամբ թղթով: Թղթի վրա նշված էր հաջորդ հանրահավաքի տեղն ու ժամը:

Մենք, իհարկե, եղանք նաև այդ հանրահավաքին ու մնացած բոլոր, բայց որպես, ինչպես հիմա ենք ասում՝ իրազեկման միջոց, այս կարամելային կոնֆետը ոչ նախադեպն ուներ, ոչ էլ հաջորդ դեպքն եղավ:

Կոնֆետը պահեցի քսաներեք տարի:

Հրուշակեղենը որպես իրազեկման միջոց, այսօր, իհարկե հանդուրժող ժպիտ կառաջացնի, բայց դրա մեջ ավելի ռիսկայնություն կար, քան այսօր ցանկացած օգտատիրոջ ֆեյսբուքյան մի ստատուսով հավաքի կոչի մեջ, էլ չեմ ասում, մեկ այլ նոր ու հղկված բառով՝ կրեատիվության չափի մասին:

Իզուր թափեցի այդ կոնֆետը: Մի քանի օր հարցրի բոլոր ընկերներիս, ովքեր կարող էին պահած լինել:

Ոչ ոք չէր պահել, ես պահել էի քսաներեք տարի, բայց միջի ջեմը ապականել էր թռուցիկը, ու միայն ես գիտեի արդեն, թե ինչ էր գրած նեղ ու երկար թղթի վրա:

Սա եղել է…

Լուսինե Հովհաննիսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

One Response to “Կոնֆետը”
  1. Սուսաննա Օհանյան says:

    Իրազեկման մի ձև էլ հիշում եմ ուսանողական տարիներից:
    ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, լուսահոգի Մկրյանը, մտնում էր լսարանները և հայտարարում.<<Այսօր, ժամը /դիցուք/ 5-ին, Սայաթ-Նովայի արձանի առջև հանրահավաք է լինելու: Ոչ մեկդ չգնաք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *