2018.01.29,

Քննադատ

Գաղափարական պայքար՝ երեխաների հոգիների համար. հայկական մանկապատանեկան մամուլի արխիվ

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Հայերեն մանկապատանեկան հանդեսներ սկսել են հրատարակվել 19-րդ դարի կեսերին, Արևմտյան Հայաստանում: (Աշխարհի առաջին մանկական հանդեսը լույս է տեսել Գերմանիայում, 1772-ին):

Առաջին տպագիր մանկական ամսաթերթը՝ «Բուրաստան Սուրբ Սահակյան»-ը, լույս է տեսել Կ.Պոլսում 1851-53 թվականներին: Հետագայում, Զմյուռնիայի Մեսրոպյան վարժարանում, հրատարակվել է «Թութակ Հայկազյան» ամսաթերթը (1854-1955), ապա «Երկրագունդ» (1870-71, Կ.Պոլիս), «Ավետաբեր տղայոց համար» (1872-1978, ավելի ուշ՝ «Ավետաբեր մանկանց համար» (1918-1915), «Բուրաստան մանկանց» (1882-1993): Այս պարբերականները բացառապես կրոնական ուղղվածություն ունեին:

Արևմտահայության շրջանում մանկական ամենահայտնի պարբերականը թերևս   Հակոբ Պարոնյանի հիմնադրած «Թատրոն բարեկամ մանկանց» (1876-1978 թթ) շաբաթաթերթն էր: Նախորդները՝ խիստ, անհրապույր կազմի ու երեխաների համար ոչ հետաքրքիր բովանդակության առումով, չափազանց բարդ է մանկական համարելը:

«Թատրոն բարեկամ մանկանց»-ը հետաքրքիր էր, գունազարդ, հեքիաթներով, որոնք, ի դեպ, Պարոնյանը «հայացնում» էր: «Կարմիր գլխարկն», օրինակ, նրա հանդեսում «Կարմիր Վարդուկ» էր, որը տատիկին ոչ թե կարկանդակներ, այլ խավիծ էր տանում:

Կարևոր պահ կա. այս երկշաբաթաթերթը ստեղծվել էր՝ ի հակակշիռ «Ավետաբեր տղայոց համար» (1872-1915) միսիոներական պարբերականի, որը նպատակ ուներ հայ երեխաների շրջանում բողոքականություն քարոզել:

Ժամանակի ընթացքում հայ մանկապատանեկան մամուլի ու գրքի տպագրության առաջնությունն անցնում է արևելահայությանը: Թիֆլիսում մեկը մյուսի հետևից  հրատարակվում են մանկական գրքեր ու պարբերականներ: Ամենահայտնին «Աղբյուր»-ն է (1883-1918, Թիֆլիս): Հանդեսին թղթակցում էին Րաֆֆին, Թումանյանը, Աղայանը, Իսահակյանը…

Եթե 19-րդ դարի վերջում լույս տեսնող մանկապատանեկան թերթերը կրոնական էին,  ապա 20-րդի սկզբից դրանք արդեն ունեին գաղափարական, կուսակցական, քաղաքական շեշտադրություն:

«Ընկերնե՛ր, Հայ Աշակերտական միության ներկայացուցիչների ժողովի միաձայն որոշմամբ՝ 1905 թվի հունիս ամսում «Հավատ» կազմակերպության անդամները վճռել են իրենց որոշումները մտցնել կյանքի մեջ՝ միանալով Հ.Յ.Դաշնակցության հետ… Գործի հաջողության տեսակետից մեզ անհրաժեշտ է միանալ թուրք աշակերտության հետ և ձեռք ձեռքի տված անընդհատ կռվել մի ընդհանուր թշնամու դեմ, որն է բռնակալ ցարի կառավարությունը» («Արշալույս», 1905, նոյեմբեր): Ստորագրությունը՝ Վրիժառու:

«Եկեղեցու սպասավորները պիտի թույլ չտան, որ կանայք ծծկեր կամ շատ փոքր երեխաներին բերեն եկեղեցի, որոնք իրենց լացով ու ճղբղոցով միայն ջղայնացնում են ունկնդիրներին: Քահանաներին պիտի խստիվ արգելվի երգել. փաստերը ցույց են տալիս, որ նրանցից երգող դուրս չի գալ. նրանց անախորժ ձայնը մեզ միայն գրգռում է ու ջղայնացնում: Նրանց անճոռնի բղավոցը ժողովրդին զզվեցնում է և ընդմիշտ փախչել տալիս եկեղեցուց» («Քայլեր», 1917, ապրիլ, ՀՅԴ):

«Կարմիր ծիլեր»-ը Վրաստանում խորհրդային առաջին մանկական ամսագիրն էր: Ամսագիրը գրական էր՝ պատմվածքներ, ոտանավորներ: Սակայն գաղափարական պայքարն այդ շրջանում սուրբ գործ էր, որին պիտի մասնակից լինեին նաև մանուկները:

Ղազարոս Աղայանի և Հովհաննես Թումանյանի գործերը բանաստեղծ Հակոբ Հակոբյանն այսպես է ներկայացնում երեխաներին.

«Անշուշտ երկու մեր հոյակապ մանկական գրողները տվել են նահապետական գեղջուկ կյանքի շրջաններից այն, ինչ թելադրել է անցած գնացած ժամանակի հայ գյուղացիական մթնոլորտը, սակայն Թումանյանի արժանիքը կայանում է նրա մեջ, որ նա երգել է այդ գեղջուկի՝ մեզ ավելի մոտիկ էտապները, և այն ավելի հարուստ ձևերով ու արտահայտությամբ, քան Աղայանը: Այն ժամանակ, երբ Աղայանը երգում էր՝ Մանիր, մանիր, իմ ճախարակ…, Թումանյանը երգել է այսպիսի վարիանտ՝ Արի գութան, վարի գութան…» («Կարմիր ծիլեր»,1923, հ.1):

Թվում է՝ աշակերտական թերթերում հիմնական հոդվածագիրները հենց երեխաները պետք է լինեն՝ ներկայացնելով իրենց հուզող, հետաքրքրող թեմաները:

«Խաչբուռ» պարբերաթերթի խմբագրականում այդպես էլ գրված է. ««Խաչբուռ»-ը աշակերտական ինքնավարութեան թերթն է, հետևաբար և՝ աշակերտական արտադրութիւն՝ համապատասխան իրենց գրելու կարողութեան և նախասիրութեան: Այս գործին մէջ Տնօրինութիւնը իր միջամտութիւնը կը բերէ, երբ տեսնէ ծայրահեղութիւն և դպրոցիս որդեգրած սկզբունքներուն հակառակ դրութիւններ և ուղղութիւն»:

Նույն համարում, սակայն, կարդում ենք. «Սովետ Սահմանադրութիւնը՝ երաշխիք ժողովուրդներու երջանիկ կենաքին. հնգամեայ պլաններ՝ թվերով…» կամ «Հայկական ՍՍՌ արդիւնաբերութեան վերելքը» հոդվածները, որոնք երեխաների համար չափազանց տաղտկալի են, հագեցած ձանձրալի ու ոչինչ չասող տեղեկատվությամբ ու թվերով («Խաչբուռ», Հալեպ, 1947, փետրվարի 13):

Մատների վրա կարելի է հաշվել այն հոդվածները, որոնց հեղինակներն աշակերտներն են, որոնք ներկայացնում են իրենց անհանգստացնող խնդիրն ու փորձում լուծում առաջարկել:

Ի՞նչ է տալիս դպրոցական կրթությունը աշակերտին, որքանո՞վ է ստացած գիտելիքը կիրառելի կյանքում.

«Փորձեք դիմել մի դպրոցավարտ պատանու կամ օրիորդի. «Ինչու՞ եք այդպես անգործ: Որևէ լուրջ բանով հետաքրքրվու՞մ եք, չէ՞ որ դպրոց եք ավարտել, զանազան գիտություններ սովորել: Էլ ո՞ր օրվա համար եք գործադրելու ձեր այնքան տարիների ուսումը: Եվ ի՞նչ կլսեք. «Էհ, ի՞նչ ուսում են տվել մեզ, որ նրանով ինչ գործ անենք»:

Ստորագրությունը՝ Արփենիկ: Արփենիկը ներկայացրել է նաև իր պատկերացրած լուծումը՝ ինքնազարգացմամբ զբաղվելու հմտություն՝ սա պիտի լինի դպրոցում ձեռք բերված ամենակարևոր գիտելիքը («Մանուկ», 1931, ապրիլի 19):

Հասկանալ, թե ինչ տպաքանակով են լույս տեսել այս թերթերը, դժվար է, քանի որ թերթերում այդ մասին որևէ նշում չկա: Խորհրդային տարիներին տպագրված մանկապատանեկան թերթերի վրա այդ նշումը կար, 1000-ից՝  ընդհուպ 200 000 («Պիոներ կանչ»):

Մանկապատանեկան մամուլն իբրև երեխաներին այս կամ այն կուսակցության, գաղափարներին հակելու գործիք, այսօր զրոյական ազդեցություն ունի:

Առհասարակ, տպագիր մանկապատանեկան մամուլը ժամանակակից երեխաների համար այլևս ժամանակավրեպ է. վկան՝ գրեթե ամայի դաշտը:

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *