Դեկտեմբերի 28-ին Հայաստանի Գրողների միության դահլիճում համագումար անցկացրեց Հայաստանի ժուռնալիստների միությունը: Այն առաջինն էր 2002թ.-ից հետո: Համագումարի հենց սկզբում հրաժարական ներկայացրեց միության վերջին 25 տարիների անփոփոխ ղեկավար Աստղիկ Գեւորգյանը:
«168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը շաբաթվա սկզբին հայտարարել էր, որ ցանկանում է ղեկավարել Ժուռնալիստների միությունը: Համագումարի դահլիճում նրա թեկնածությունն առաջադրեց ու պաշտպանեց լրագրող, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: Ինքնառաջադրմամբ հանդես եկավ Հանրային հեռուստաընկերության լրագրող, ԵՊՀ ասպիրանտ Հարություն Ծատրյանը:
Համագումարին մասնակցողների թիվն անորոշ էր: Նախնական գրանցում չէր իրականացվել: Երևանի մամուլի ակումբի կայքի տեղեկատվության համաձայն Հայաստանի Ժուռնալիստների Միությունն ունի գրանցված 1520 անդամ:
Դահլիճում ներկա միության անդամներից 57-ը կողմ քվեարկեց Սաթիկ Սեյրանյանի թեկնածությանը: Հարություն Ծատրյանը քվեներ չստացավ և չէր էլ ակնկալում ստանալ: Նա ինքնառաջադրվել էր միության անհասկանալի կարգավիճակը ընդգծելու նպատակով. «Ինձ, ինչպես նաեւ որեւէ մեկին, պատշաճ չի ծանուցվել այս համագումարի մասին, քվեարկության կարգ գոյություն չունի, պատվիրակները մանդատներ չեն ստացել: Եթե ամեն ինչ այսպես բարձիթողի է, ուրեմն ես էլ ինքնառաջադրվում եմ»:
Սաթիկ Սեյրանյանը իր գործընկեր լրագրողների կոչ արեց միանալ միությանը և «միասին պայքարել ոլորտի խնդիրները ոչ միայն բարձրաձայնելու այլև բարեփոխելու ուղղությամբ»:
Որպես Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը պատրաստվում է առաջին հերթին «գույքագրել ամբողջ ռեսուրսը, առաջին հերթին վերագնահատել մարդկային ռեսուրսը և փորձել իրավիճակ փոխել»:
Ժուռնալիստների միության վարչության նոր անդամներն են՝ Ռոլանդ Շառոյանը, Զավեն Խաչիկյանը, Արտյոմ Երկանյանը, Նաղաշ Մարտիրոսյանը, Գրիգոր Ջանիկյանը, Զառա Արամյանը, Մարիետա Մակարյանը:
Հայաստանի ժուռնալիստների միությունը հիմնադրվել է 1959թ. մարտի 27-ին: Ժուռնալիստի տունը Երևանում բացվել է 1978թ. հունիսի 1-ին: Ժուռնալիստների Միությունը Լրագրողների միջազգային ֆեդերացիայի, Լրագրողական միությունների միջազգային կոնֆեդերացիայի անդամ է: :
Գագիկ Աղբալյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: