2017.12.20,

Քննադատ

Մամուլը 1915 թվականի դեկտեմբերին

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

1914-1918 թթ. Առաջին համաշխարհային պատերազմն ու Հայոց ցեղասպանությունը ճգնաժամի առաջ էին կանգնեցրել պարբերական մամուլը: Կոստանդնուպոլսում լույս տեսնող թերթերի ու հանդեսների մեծ մասը չէին կարող լույս տեսնել, քանի որ ցեղասպանությանը զոհ էին գնացել թերթերին թղթակցող մտավորականները:

1914-ից արդեն հրատարակությունը դադարեցրել էին «Ազատամարտ»-ը (Կ. Պոլիս), «Ալիք»-ը (Կարին), «Արտազ»-ը (Կ. Պոլիս), «Արփի»-ն (Թիֆլիս), «Բիւզանդիոն»-ը (Կ. Պոլիս), «Դրօշակ»-ը (Թիֆլիս, Վիեննա, Ժնև)  և այլն:

1915 թվականին, սակայն, կային թերթեր, որոնք շարունակում էին լույս տեսնել: Որբերի լուսանկարներ, զորակցություն ու կարեկցանք ցեղասպանությունից փրկված ու որբախնամ հաստատություններում պատսպարված երեխաներին, մահազդեր, պատերազմական գործողություններ, անուրախ պատմություններ…

Այսպիսին են 1915 թվականի դեկտեմբերին լույս տեսնող թերթերի ու ամսագրերի տարեվերջյան «տոնական» համարները:

Թերթերի մեծ մասն անգամ չէր էլ անդրադարձել Ամանորին, եթե չասենք՝ մոռացել էր այդ մասին:

Այդպիսին էր Էջմիածնում հրատարակվող «Արարատ» հանդեսի 1915 թ. դեկտեմբերի վերջին համարը, որտեղ ոչ մի անդրադարձ չկա Ամանորին: Ողջ համարում բարեգործական կազմակերպությունների, անհատների նվիրատվությունների ցուցակներն են: Գումարները որբերի ու գաղթականների կենցաղը կազմակերպելու, նրանց սնունդով ապահովելու նպատակով են:

Ամանորի մասին անդրադարձ չկա նաև «Արմենիա» հանդեսում: Թերթի դեկտեմբրի 29-ի համարում «Հայերի կոտորածներ» վերնագրով հոդված է և ռազմաճակատից  զանազան լուրեր:

1915-ին Բաքվում շարունակում է լույս  տեսնել «Թատրոն և երաժշտություն» հանդեսը, որի «նախատոնական» համարում դարձյալ ոչ մի անդրադարձ չկա Նոր տարուն:

Զուսպ ու մռայլ էր նաև Թիֆլիում լույս տեսնող գրական-հասարակական «Համբավաբեր» թերթի 1915-ի դեկտեմբերի 20-ի տարեվերջյան համարը: Նոր տարուն անդրադարձել էր իշխանուհի Մարիամ Թումանյանը՝ «Փախստականների Նոր տարին» ակնարկով. «Հին տարին ահա վերջանում է և մոտենում է նոր տարին՝ նոր անորոշ ակնկալություններով: Ուրախ են ամենքը, որովհետև մարդս միշտ հույսով է ապրում, քանի որ որքան էլ աշխարհը ծերանում է և երիտասարդանում է, ինչպես ասում է բանաստեղծը, սակայն մարդը հույս ունի բարվոքման: Հենց այս հույսն է, որ ուժ է տալիս մարդկանց կյանքի ձախորդություններին դիմադրելու և վարդագույն ապագայի տենչանքով ապրելու: Ուրախ են ծեր և տղա: Ամեն տան մեջ պատրաստություն է տեսնում, ամեն մի ծնող աշխատում է, որևէ բանով ուրախացնել իր զավակներին: Իսկ մեր փախստականնե՞րը… Արդյոք ի՞նչ հույս, ի՞նչ սպասելիքներ ունեն Նոր տարուց: Անցավ սկզբնական ոգևորությունը, ձանձրացավ մեր ժողովուրդը, էլ քիչ է հետաքրքրվում փախստականներով: Բայց չէ՞ որ նրանց կարիքները մնացին նույնը…»:

«1915» վերնագրով այս հոդվածը «Հուսաբեր»-ի տարեվերջյան համարում է. «Հայությունն անցկացրեց մի տարի, որ գուցե իսկապես ամենազարհուրելին է նրա երկհազարամյա պատմության մեջ: Այդ զարհուրելի տարվա ամբողջ պատկերը դեռ հայտնի չէ մեզ՝ ռուսահայերիս, իր բոլոր մանրամասնություններով: Հայաստանի մի խոշոր մասը դեռ թուրքական բանակի թիկունքում է գտնվում և շարունակում է մնալ արյունոտ մշուշով ծածկված մի երկիր: Բայց այն տեղեկություններն էլ, որ հատ ու կտոր կարողանում են թուրքական սվինների վրայով անցնել Արևմտյան Եվրոպա, այն աստիճան ահասարսուռ են, որ ամեն տեղ՝ Եվրոպայում թե Ամերիկայում, ըմբռնվում են իբրև հայությունը բնաջինջ անելու մի հրեշային սիստեմ»:

Թիֆլիսում լույս տեսնող «Աղբյուր» և «Հասկեր» մանկական հանդեսները, այդուհանդերձ, փոքրիկներին ներկայացել է հեքիաթներով, պատմություններով, որոնց հերոսները հայ գաղթական երեխաներն են: Առաջին էջում  էլ՝ Նոր տարուն նվիրված այս ոտանավորը…

Տարին գնաց-վիշտը մնաց
Եկավ մի այլ Նոր տարի,
Բայց ի՞նչ օգուտ, քանի որ նա
Մեզ չի տալիս նոր բարի:

Հայ աշխարհում ալան-թալան,
Արյան հեղեղ, սուգ ու լաց,
Եղբայրներս ձմռան ցրտին՝
Անտուն, անտեր ու քաղցած:

Ի՞նչ Նոր տարի այս սև օրին,
Այս ավերի ժամանակ,
Ի՞նչ խնդություն այս նեղ օրին,
Այս ցավերի ժամանակ…

Պատերազմ, Ցեղասպանություն, անորոշություն…

Բայց, միևնույն է, կյանքի հանդեպ սերը ամենից ուժեղն է: Ահա Թիֆլիսի «Հորիզոն» օրաթերթի նախատոնական հայտարարությունը.
«Թիֆլիսի արհեստավորաց ակումբ: Ակումբի վարչությունը հայտնում է ի գիտություն  պ.պ. անդամների և հաճախորդների, որ հինգշաբթի, սույն դեկտեմբերի 31-ին, տեղի կունենա ակումբի բացումը: Ձմեռային շենքում, Միքայելյան փողոց, տուն 50: Դիմավորումն նոր տարուն: Ընդհանուր ընթրիք՝ նախօրոք գրվելով: 2 ռուբլի յուրաքանչյուրին՝ առանց զակուսկու և գինու: Ընթրիքի ժամանակ կնվագեն լարավոր նվագախումբը և սազանդար»:

«Մահն՝ իր ճամփով, կյանքն՝ իր ճամփով»…

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *