«Ցանցառ» ինտերակտիվ կրթական խաղի beta տարբերակն արդեն հասանելի է media.am-ում: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ստեղծած խաղի նպատակն է համակարգչի և ինտերնետի օգտատերերին տեղեկացնել կիբեր տիրույթի վտանգների մասին և սովորեցնել ճիշտ արձագանքել դրանց:
Խաղի ստեղծմանը զուգահեռ ՄՆԿ-ն մշակել է «Ինտերնետի ազատությունը և առցանց տիրույթում մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» հայեցակարգը: «Մեդիա մասնագետների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներից շատերը մեծ կարևորություն չեն տալիս կիբերռիսկերին և բավական քիչ գիտելիք ունեն համացանցային անվտանգության մասին»,- ասվում է հայեցակարգում: Այս գիտելիքի պակասն է, որ օգնում է լրացնել «Ցանցառ»-ը:
Խաղն ունի 6 միջավայր կամ, ինչպես խաղում է ասվում, աշխարհ՝ «Սոցիալական մեդիա», «Շարժական սարքեր», «Համակարգիչ», «Տվյալներ», «Հաշիվներ», «Ցանցեր»: Յուրաքանչյուր թեմայի մասին հարցերի պատասխանների տարբերակներ ընտրելով՝ «Ցանցառ» խաղացողը գիտելիքներ է ստանում ինչպես տեքստի, այնպես էլ տեսանյութերի տեսքով:
«Խաղի անունը՝ «Ցանցառ», հատուկ ենք ընտրել: Ցանցառները ցանցի բնակիչներն են, նրանք, ովքեր հետաքրքրված են հաղորդակցությամբ, տեղեկատվական տեխնոլոգիաներով, սոցիալական ցանցերով և այլն: Եթե ուզում եք պատվավոր ցանցառ լինել, պետք է հաղթահարեք խաղի բոլոր աշխարհները»,-ասում է խաղի ստեղծման աշխատանքները համակարգող Աննա Բարսեղյանը:
Խաղը իրավապաշտպանների, պետական պաշտոնյաների և հատկապես լրագրողների համար է: Նրանց համար, ովքեր գերծանրաբեռնված առօրյայում ժամանակ չեն ունենում հետևել անվտանգության փոփոխվող գործիքներին:
«Արագ փոփոխվող աշխարհում տեղեկատվության պաշտպանության խնդիր կա: Տեղակատվական անվտանգության առկա ռեսուրսները շատ բարդ տեսքով են ներկայացված, սա փորձ է խաղի միջոցով ավելի ինտերակտիվ, խտացված չափաբաժնով մատուցել եղած տեղեկատվությունը»,- ասում է խաղի փորձագետ, ՏՏ խորհրդատու Արթուր Պապյանը:
«Ցանցառ» խաղի վերջնական տարբերակը պատրաստ կլինի հունվարին:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: