«Մարդ արդեն չի էլ իմանում՝ Նոր տարվա տոլմայի համար բրինձը որտեղի՞ց առնի, որ իսկական լինի: Էն պլաստիկի շշերը հալացնում են, խառնում օսլային ու բրինձ ստանում», – դպրոցի բակում մեր երեխաներին սպասելիս՝ ասաց ծնողկոմիտեի նախագահը՝ Աղավնին, որը ծնողների շրջանում անառարկելի հեղինակություն է. ասածն ասած է:
«Ի՞նչ պլաստմասսե բրինձ», – հետաքրքրվեցի: «Բա, հենա, գրած էր. խանութներում վաճառվող բրինձը պլաստմասսից ա, արհեստական», – զարմացավ Աղավնին, որն ումից-ումից, բայց ինձնից նման անտեղյակություն չէր սպասում:
Սոցցանցում աչքով ընկել էր նման հոդված՝ «Հայաստանի խանութներում պլաստմասսե բրինձ է հայտնվել. միսը թանկ է, պլաստմասսա կերեք վերնագրով»: Թող ների հոդվածի հեղինակը, բայց այս վերնագրից հետո հոդվածը կարդալ չէի էլ փորձել: Բայց ինչեր չես անի Աղավնիի մոտ հեղինակությունդ վերականգնելու համար: Կարդացի. «Պլաստիկ բրինձ արտահայտությունն աշխարհում նոր չէ։ Նման արտադրություններ արդեն իսկ կան։ Բայց Հայաստանի համար պլաստիկ բրինձը նորություն է, հատկապես, որ այն աչքի է ընկնում գարշահոտությամբ և ոչ մի կերպ չի եփվում։ Տարօրինակ բրնձի հետ առնչվողներ առնվազն Երևանում արդեն կան»։
Վատ համի ու դժվար եփվող բրինձ խանութից գնել էր նաև լրագրող Նարինե Կիրակոսյանը, որն էլ կասկածելով բրնձի որակին՝ դիմել է շատ գրագետ քայլի՝ բրինձը տարել է Սննամթերքի փորձագիտական կենտրոն՝ փորձաքննության:
Մինչ փորձաքննության արդյունքների հրապարակումը՝ այս լուրը շրջեց գրեթե բոլոր կայքերով:
Համացանցում փորձեցի գտնել տեղեկություն «պլաստմասսե» բրնձի մասին: Բազմաթիվ տեսանյութեր կան, երբ քաղաքացիներն իրենց տանը բրինձը լցնում են երկաթյա գդալի մեջ և պահում կրակի վրա:
Բրինձը որոշ ժամանակ անց գույնը փոխում է, ապա անորոշ սև զանգվածի վերածվում: Տեսանյութի հեղինակն ապշում է՝ տեսեք, այս ի՛նչ բրինձ է, որը կրակի վրա պահելուց հետո տարօրինակ զանգված է դառնում: Տեսանյութը դիտած օգտատերերի արձագանքից երևում է, որ նման փորձերը գիտականությունից հեռու են և վստահություն չեն ներշնչում:
«Ռուսաստանյան խանութներում փնտրում են պլաստիկե բրինձ». այս և համանման վերնագրերով բազմաթիվ հոդվածներ կան նաև ռուսական կայքերում… Սակայն Ռուսաստանում սննդի փորձաքննություն իրականացնող որևէ մարմին առայժմ խանութներում «պլաստիկից» բրինձ չի հայտնաբերել:
Չուշացավ նաև ՀՀ գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության եզրակացությունը: Ըստ այդմ՝ «Իրականացվել են բազմակողմանի լաբորատոր փորձաքննություններ, որոնց արդյունքում հերքվել են փորձանմուշների արհեստական ծագման վերաբերյալ ենթադրությունները: Դա հաստատվել է նաև նմուշների՝ բարձր ջերմաստիճանի նկատմամբ ունեցած վարքով: Փորձաքննության ենթարկված նմուշն այրվել է պատշաճ որակի բրնձին համապատասխան ձևով, իսկ այրման ընթացքում բացակայել են պոլիմերային նյութերի այրմանը հատուկ երևույթները … Փաստացի, լաբորատոր քննությունների արդյունքում պարզվել է, որ բրնձի պոլիմերային լինելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, փոխարենը իրացման ցանցի խմբաքանակն ունեցել է որակական շեղումներ»:
Սննդի որակի թեման զգայուն է, լրատվամիջոցներում յուրաքանչյուր փոքրիկ վրիպակն անգամ խուճապի պատճառ է դառնում:
Գրագետ է «Հետք»-ի մոտեցումը սննդի անվտանգության թեմային, երբ տարբեր արտադրողների մի անվանում մթերքը լաբորատոր փորձաքննության է ներկայացվում, հետո միայն՝ հրապարակվում են փորձաքննության արդյունքները: Ինչպես, օրինակ, պաղպաղակի որակի կամ նրբերշիկի տեսակների դեպքում էր:
«Հետք»-ի նախաձեռնությամբ լաբորատոր փորձաքննության էին ներկայացվել նաև հավի սառեցված մսի փորձանմուշներ:
Հենց այսօր դպրոցում Աղավնիին ասացի, որ Նոր տարվա իր տոլմայի համար բրինձ կարող է գնել ցանկացած խանութից, որ լաբորատորիայում բրինձը փորձաքննության են ենթարկել, պլաստմասսա, ամեն դեպքում, չեն հայտնաբերել: Բայց ինչ գրված է գրիչով, չես ջնջի բրիչով. Աղավնիին ոչ ոք չի կարող խաբել. «Էդ ստից-մտից փորձաքննությա՞նն ով ա հավատում»:
Լիլիթ Ավագյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: