«24 ժամ լուսանկարներում» նախագծի հեղինակը հոլանդացի դիզայներ ու արվեստի համադրող Էրիկ Քեսելսն է (Erik Kessels):
2011 թվականին նա որոշեց ֆիզիկական աշխարհ տեղափոխել մեկ օրվա ընթացքում Ֆլիքրում տեղադրված բոլոր լուսանկարները՝ ներբեռնելով ու տպագրելով դրանք:
Վիրտուալ լուսանկարները չափելի դարձան, զարմացնելով ու սարսափեցնելով իրենց ծավալով: Միլիոնավոր ֆոտոներից բաղկացած սարերն ու կույտերը զբաղեցրեցին ցուցադրության տարածքը գրեթե մինչև առաստաղ:
Էրիկ Քեսելսի այս նախագծի շնորհիվ տեսանելի է դառնում, թե որքան մեծ է պատկերների հեղեղը, որը ամեն օր ստեղծվում, տարածվում, փոխանակվում ու օգտագործվում է համացանցում:
Այդ ահռելի զանգվածը կազմված է անհատական կյանքի տարբեր պահերի վավերացումից: Եվ արդյունքում վավերացվում է մի նոր մշակութային ֆենոմեն, երբ լուսանկարները ոչ թե արվեստ են, այլ՝ զանգվածային մեդիա արտադրանք:
Տպավորություն է, որ ֆոտոկույտերում կարելի է խեղդվել, այդ էֆեկտը ստեղծում է լուսանկարների միտումնավոր անփույթ մատուցումը: Իսկ ցուցահանդեսի այցելուներին առաջարկում է բառիս բուն իմաստով՝ մագլցել լուսանկարների սարերով, տեղաշարժել ու ուսումնասիրել ցանկացած ֆոտո, որն այլևս անձնական պահ չէ, այլ մեկ ավազե հատիկ՝ անծայրածիր անապատում:
Այս նախագծից անցել է բավականին ժամանակ, և արդեն Ինսթագրամն է փաստում, որ 2016 թվականին, իր կայքում օրական 80 մլն նոր պատկեր է տեղադրվում:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: