2017.11.29,

Քննադատ

«Սովետական Հայաստան» օրաթերթ. Իսահակյան փողոց. յոթանասունականներ

author_posts/lusine-hovhannisyan
Լուսինե Հովհաննիսյան
facebook

Հրապարակախոս

Նյութը նվիրվում է Խորհրդային Հայաստանի ճահճացման տարիներին, որտեղ արդեն ողբերգություն չկար ու կար անհասկանալի ուրախ մանկություն ու կային շատ երիտասարդ ծնողներ:

Հայ մամուլն իմ մանկություն մտավ  77-78 թվականներին, երբ ես առաջին և երկրորդ դասարանի աշակերտ էի, մտավ շատ աշխույժ, աղմկոտ, ուրախ, սրամիտ ու անսպասելի: ՀԿԿ կենտկոմի օրգան «Սովետական Հայաստան» թերթը դարձավ իմ մանկության շատ վառ հատվածը  մի պատճառով՝ դասերից հետո մնալու տեղ չունեի, երկարօրյան չէի սիրում, իսկ ասպիրանտ հայրս որպես երկրորդ աշխատանք սրբագրություն էր անում «Սովետական Հայաստանում»:

Իսահակյան փողոցի վրա էր Մյասնիկյան շրջկոմի շենքը, որտեղ տեղավորված էին ՀԿԿ Կենտկոմի, Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի և Մինիստրների խորհրդի օրգան «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունը, Արմենպրեսը, ԿԿ հրատարակչությունը: Կենտկոմն ակամայից շատ հեռատես քայլ էր արել՝ «Սովետական Հայաստանի» խմբագրությունը տեղավորելով առաջին հարկում, որովհետև միայն այդ դիրքի շնորհիվ էր, որ ես ժամը տասներկուսն անց կեսից մինչև երեկոյան վեցն ապաստան ունեի: Իսահակյան փողոցի այդ շենքի մուտքից ձախ երկու պատուհաններն ինձ համար ավելի սիրելի էին, քան դպրոցս, քան որևէ այլ շենք Երևանում:

Պատկերը՝ Լիլի Կարապետյանի

Մուտքը ոստիկաններ էին հսկում ու հայրս չէր կարող ինձ շենք մտցնել: Բայց ելքը գտնվել էր. ինքը պատուհանների տակից  ինձ բարձրացնում էր վեր, իսկ ներսից իր սրբագրիչ ընկերներից որևէ մեկն ընդունում էր ինձ ու պայուսակս: Հետո հայրս մտնում էր գլխավոր մուտքից ու սկսվում էր հայ մամուլի ու իմ ամենաերջանիկ շփումը:

Այստեղ սրբագրիչ աշխատող՝ այսօրվա հայացքով չափազանց երիտասարդ սրբագրիչները, բոլորն ասպիրանտներ, գիտաշխատողներ էին:

Կրթված ու երիտասարդ մարդիկ էին, ունեին չսպառվող սրամտություն, որով, ինձ թվում է, հաղթահարում էին կյանքի դժվարությունները, մինչև լուսաբաց «Սովետական Հայաստան» կարդալու պատիժը, առանց կողմնակի եկամտի ընտանիք պահելու հոգսը:

Իրենք ՀԽՍՀ տարածքում «Սովետական Հայաստան» կարդացող միակ մարդիկ էին, որոնք այդ տաղտկալի աշխատանքն անում էին գրականություն դառնալու արժանի հումորով: Իրենք գտել էին տաղտկալի կյանքը ուրախ սարքելու բոլոր ձևերը, որոնցից մեկը բարձրարժեք նմանակումներն էին, երբ ստիպված կարդում ու սրաբագրում էին ՀԽՍՀ առաջնորդների զեկուցումներն ու ելույթները:

Մի քանի անգամ լսել եմ ձանձրալի ճառերը ինչ պրոֆեսիոնալ նմանակումով էին սրբագրում այդ երիտասարդ մարդիկ ու ծխով լցված սենյակը, գորշ, խիտ սյունակներով, թարմ տպագրանյութի հոտով թերթերը քրքրջոցի աղբյուր էին դառնում ու ամեն ինչ ուրախ էր:

Ինչ էր այդ տարիների սրբագրությունը: Այն շատ հեռու էր ստեղների մեկ-երկու հպումով տառը ուղղելու գերմաքուր ու գերհեշտ գործողությունից:

Իմ հիշողության մեջ  մնացել են «Սովետական Հայաստանի» վերից-վար տեքստ պարունակող թերթերը, որոնք տպվում էին սրբագրիչների համար: Չորս սեղանի մոտ նստած աշխատողներից որևէ մեկը կարդում էր տեքստը, մյուսն ուղղում էր: Ուղղումները երկար գծով դուրս էին բերվում լայն լուսանցք: Այդպես լինոտիպիստի (գրաշար մեքենայի՝ լինոտիպի վրա աշխատողը) շարած նյութը համեմատվում էր բնագրի հետ, ուղղվում էր լինոտիպիստի շարվածքն ու նորից ուղարկվում շարվելու:

Եվ այս ոչ հաճելի ու ոչ հեշտ գործողությունը կրկնվում էր այնքան անգամ, ինչքան անգամ որևէ սխալ էր գտնվում:

Հիշում եմ, երբ արդեն չորս անգամ կարդալուց ու ուղղման ուղարկելուց հետո հոգնած, անընդմեջ ծխելով կարդում էին մեծ հույսով, որ վերջինն է, ու հանկարծ գտնվում էր մի վրիպակ, նրանք այնպիսի ձայնարկություններ էին արտաբերում, ինչպիսին տղամարդիկ միայն ֆուտբոլ նայելիս են անում, երբ գնդակը հայտնվում է սեփական դարպասում: Մայրս ժամը վեցին գալիս էր «Սովետական Հայաստան»՝ իմ հետևից, իսկ հայրս հաճախ մնում էր մինչև լուսաբաց՝ անզուգական օրաթերթն ուղղելու:

Թերթն ուներ անտանելի անհետաքրքիր բաժիններ՝ կուսակցական բաժին, մարքսիզմի բաժին, արդյունաբերական ու գյուղատնտեսական բաժիններ: Եվ այս ոլորտների «շռնդալից» հաջողությունների մասին տեքստերը կարդում էին աշխարհի արժեքավոր գրականությունը կարդացող ու երաժշտությունը լսող երիտասարդ տղամարդիկ ու կանայք: Գրաքննիչները:

Սրանք սրբագրիչների ոխերիմ բարեկամներն էին: Առանց նրանց հնարավոր չէր: Եթե գրաքննիչը էջը չստորագրեր՝ թերթը լույս չէր տեսնի: Գրաքննիչը կարմիր թանաքով ընդգծում էր ուղղված տողը, բառը:

Խմբագրությունում մի գրաքննիչ կար Մուրադով ազգանունով, որի հետ կապված շատ ուրախ դեպքեր էին պատմում: Մուրադովն ազգությամբ քուրդ էր և ո՛չ լավ հայերեն գիտեր, ո՛չ՝ ռուսերեն: Մի օր թերթի օրինակում գրված է լինում այսինչ գործարանն արտադրել է այսքան գծամետր թիթեղ: Մուրադովը տակը գծել էր կարմիրով ու հորս ասել էր՝ «հանի էս տողը, «թիթեղ» խոսք՝ ինչ խոսք»: Հայրս բացատրելու համար ասել էր. « թիթեղ խոսք՝ «ժեշտ» խոսք»: Մուրադովն ասել էր՝ «դե գրի ժեշտ» ու միայն խմբագիր Կրոյանին զանգելուց հետո թույլ էր տվել օգտագործել «թիթեղ» բառը:

Պատկերը՝ Լիլի Կարապետյանի

Խմբագիր Կրոյանին երկու տարվա ընթացքում չեմ տեսել, որովհետև երբ ինքը միջանցքով ուղղվում էր սրբագրիչների սենյակ՝ ինձ թաքցնում էին սեղանների տակ: Ես լսել եմ միայն նրա ձայնը:

Հայրս ու ընկերները արտակարգ նմանակում էին նաև Կրոյանի ձայնը ու շատ հաճախ դաժան կատակներ էին անում իրար վրա: Թերթի վերջնական ստուգումից հետո, որևէ մեկը զանգում էր ու Կրոյանի ձայնով խիստ հրահանգում նորից կարդալ: Հետո պարզվում էր զանգողը ընկերներից մեկն էր: Այդպես մի անգամ ինքը Կրոյանը զանգում է ու ասում, որ վրիպակներ կան ու պետք է նորից կարդալ: Զանգին պատասխանող սրբագրիչը ջղայնացած, վստահ լինելով, որ ընկերն է՝ խմբագրին ուղարկում է գրողի ծոցը շատ հնչեղ բառերով: Կրոյանը կանչում է բացատրության ու իմանում, որ իրեն նմանակում են: Հաջորդ օրն առանձնապես ոչինչ չի լինում. մտնում է սենյակ ու ասում. «Այ տղա, տնազս եք անում հա՞»:

Այստեղ էր տպվում նաև մոսկովյան «Պրավդան» Հայաստանի համար: Գիշերվա չվերթի ինքնաթիռով Հայաստան էին հասնում թերթի մատրիցաներն ու հատուկ մեքենայով դրանք օդանավակայանից հասցնում էին տպարան:

Բայց այս տաղտուկն ու դժվարությունները սրամտության ամենօրյա փառատոն սարքելու վարպետներ էին սրբագրիչները: Հատկապես դժվար էր համագումարների օրերին: Ցերեկվա ժամը երկուսից մինչև հաջորդ օրվա լուսաբացի վեցը սրբագրվում էին երկար ճառերը, զեկուցումները:

«Հետաքրքիր» էին Արմենպրեսի ուղղումները: Պաշտոնական նյութերն արդեն սրբագրված էին լինում, էջը համարյա պատրաստ էր տպարան իջնելու, երբ Արմենպրեսից գալիս էր ուղղումների շարքը. Բրեժնևի ելույթի վերջում գրված էր լինում «ծափահարություններ», իսկ ուղղված տարբերակում՝ «բուռն ծափահարություններ» կամ՝ «բուռն, հոտնկայս ծափահարություններ»: Եվ կախված, թե քանի անգամ էին ծափահարել՝ այդքան անգամ ուղղում էին ու փոխում շարվածքը:

Թերթը տպվելուց հետո նրա առաջին ընթերցողները քաղաքի հին բոլշևիկներն էին լինում: Եթե որևէ վրիպակ էին գտնում, նամակ էին գրում խմբագրին և ստորագրում՝ մի խումբ ընկերներ: Իսկ վրիպումները երբեմն լուրջ էին: Օրինակ՝ մի անգամ վերնագրում «քաղսովետի նիստում» բառակապակցության մեջ «քաղսովետ» բառի «ղ»-ի փոխարեն գնում է՝ «ք»:

Իսկ քաղաքական դեմքերի երկար թվարկումներից հետո «և ուրիշներ» կապակցության մեջ «և ուրիշ շներ» վրիպումն էր գնացել:

Խմբագիր Կրոյանը շատ հետևողական ու խիստ էր: Նրա նվիրվածությունն իր գործին հասնում էր այնտեղ, որ երբեմն սրբագրիչներին ստիպում էր նայել լուսանկարի մեջ «ՏՈՒ 154» , թե՝ «ՏՈւ 153» ինքնաթիռ է, որ համապատասխանի տեքստին:

Խմբագրությունն ուներ իր ուրախությունները: Գիշերը, երբ հոգնած թերթը հանձնում էին տպարան՝ սրամտությունները դուրս էին գալիս սրբագրիչների սենյակից:

Պատկերը՝ Լիլի Կարապետյանի

Խմբագրությունում հայրենադարձ վարպետ Տրիբուն կար: Թերթի թողարկիչն էր: Չափազանց նվիրված էր իր գործին: Քաղցած, հոգնած սրբագրիչները հաճախ ուտում էին վարպետ Տրիբունի բերած նախաճաշերն ու վարպետ Տրբունը բողոքում էր Կրոյանին. «Գերան, գերան փոլորը ուդում են»: Վարպետ Տրիբունը սովորություն ուներ, երբ զանգում էր Կրոյանին՝ տուն և կինն ասում էր՝ քնած է, ինքը միշտ խնդրում էր. «Եթե ընգեր Գռոյանը զարթնի, ըսեք…»:

Ջահել սրբագրիչները ուրախության այլ աղբյուր էլ ունեին՝ բանվոր Արտաշը: Նա բարբառով էր խոսում: Մի անգամ Արտաշին մի շիշ օղի էին խոստացել, եթե գրական հայերենով երեք կենդանու անուն ասի: Արտաշը մտածել ու մատները ծալելով ասել էր. «օչիլ, կոզնի, ասլանղափլան»:

«Սովետական Հայաստանը»-ի մեծ թերթերը մի քանի անգամ որպես ծածկոց են ծառայել ինձ, երբ հոգնած քնել եմ իրար միացած աթոռների վրա: Իսկ տանը, հաճախ, վերցնում էի թերթերն ու հորս նմանակելով սկսում սրբագրել՝ լուսանցք դուրս բերելով տառեր, բառեր:

Պատկերը՝ Լիլի Կարապետյանի

Փոքր ժամանակ ինձ թվում էր «Սովետական Հայաստանն» ու «Պապլավոկը» կից հիմնարկներ են, որովհետև օրվա մեջ մի քանի անգամ խմբով գնում էին սուրճ խմելու, իսկ ես մի կես ժամ վազվզում էի լճի պարագծով, իսկ ձմռանը սրբագրիչների սուրճ խմելու ընթացքում ձյունով լցված լճի մեջ գլորվում էի ու թանկ թութակի նման կրկնում օրվա ընթացքում լսած անհասկանալի բառերն ու բառակապակցությունները:

Իսահակյան փողոցի այդ հատվածում, երբ մի քանի տարի առաջ սկսեց հառնել մի սրճարան՝ զգուշորեն ու վախով հետևում էի, որ չփակվեն իմ ամենաթանկ երկու մեծ պատուհանները, որոնք իմ մուտքի դուռն էին Կենտկոմի պաշտոնաթերթի խմբագրություն, իմ ամենաանհասկանալի ուրախության տեղը:

Լուսինե Հովհաննիսյան
Պատկերները՝ Լիլի Կարապետյանի

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *