Հայաստանում դռնբաց դատական նիստերն այդքան էլ «դռնբաց» չեն լրատվամիջոցների համար: Քրեական, Վարչական, Քաղաքացիական դատավարության մասին օրենսգրքերով հստակ կարգավորված չէ դատարանում լուսաբանման հարցը, ինչն էլ լրագրողների համար առաջ է բերում բազմաթիվ խոչընդոտներ:
«Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունը լրագրողների հետ խորքային հարցազրույցների և առցանց հարցումների միջոցով վեր է հանել դռնբաց նիստերի ժամանակ առաջացող խնդիրները:
«Դաշտն օրենսդրորեն կարգավորված չէ, դատավորները տարբեր չհիմնավորված պատճառաբանություններով արգելում կամ սահմանափակում են նիստերի տեսալուսանկարահանումը: Մինչդեռ որքան թափանցիկ լինի դատավարությունը, այնքան արդար կլինի վճիռը»,- ասում է ՀԿ-ի ղեկավար Արման Ղարիբյանը՝ լրագրողներին հետազոտության արդյունքները ներկայացնելու ժամանակ:
Հետազոտությանը մասնակցել են դատական նիստեր լուսաբանելու 5-25 տարվա փորձով 12 լրագրողներ և ևս 30 լրագրողներ, ովքեր այսօր լուսաբանում են տարբեր դատական նիստեր: Ըստ նրանց, դռնբաց նիստերի լուսաբանման հիմնական խնդիրներն են.
- Տեսալուսանկարահանման արգելքը
- Ժամանակային սահմանափակումը
- Տեխնիկական խոչընդոտները
Հարցված լրագրողներն ասել են, որ նիստերի ժամանակ լուսաբանմանը հաճախ խոչընդոտում են մեղադրող դատախազը, վարչական մարմնի ներկայացուցիչը: Շատ են դեպքերը, երբ կողմերը դեմ չեն լինում տեսալուսանկարահանմանը, սակայն դատավորն արգելում է՝ պատշաճ չներկայացնելով հիմքերը: Զավեշտալի պատճառաբանություններ էլ կան, որ դատավորի սանրվածքը լավը չէ, կաշկանդում է տեսախցիկից և այլն:
«Դատավորները երբեմն կարող են վրեժ ունենալ տվյալ լրատվամիջոցի նկատմամբ ու արգելել տեսանկարահանումը, եթե օրինակ թերթն անդրադարձել է նրա կայացրած վճիռներին, ուշադրության կենտրոնում է պահել իր գործունեությունը»,-պատմում է Ղարիբյանը:
Երբեմն դատավորը թույլ է տալիս տեսանկարահանել 2 կամ 5 րոպե, որը բավարար չէ անգամ հեռուսատեսային նյութի կադրերի համար: «Այդ ընթացքում բովանդակային ոչինչ տեղի չի ունենում, այն անվտանգ տարբերակ է դատավորների համար: Տեխնիկական խնդիրներ են առաջ բերում նաև ապակեպատ նիստերը, որոնց ժամանակ ձայնը գրեթե չի լսվում»,-նշում է ՀԿ ղեկավարը:
Հարցմանը մասնակցած լրագրողների 50 տոկոսի կարծիքով այս խնդիրների հիմնական պատճառը օրենսդրական կարգավորումների բացակայությունն է: Դատարանների կոռումպացվածությունը ևս լրագրողներն առանձնացրել են որպես լուսատեսանկարահանումն արգելելու հիմնական պատճառներից մեկը:
«Դռնբաց դատական նիստերի լուսաբանման խոչընդոտներն ու սահմանափակումները Հայաստանի Հանրապետությունում» հետազոտության արդյունքում մշակվել են առաջարկներ Արդարադատության նախարարության, Դատական դեպարտամենտի, Արդարադատության խորհրդի, դատավորների, լրագրողների համար:
Առաջարկ դատարանների նախագահների խորհրդին.
- մինչ համապատասխան օրենսդրական բարեփոխումները հանդիպումներ կազմակերպել դատարանների նախագահների և դատական նիստեր 47 լուսաբանող լրագրողների միջև՝ խնդիրները քննարկելու և լուծումներ առաջարկելու նպատակով մինչ համապատասխան օրենսդրական բարեփոխումները
- բոլոր դատավորներին հանձնարարել առավել հանդուրժող գտնվել լրագրողների աշխատանքի նկատմամբ, չսահմանափակել լուսա/տեսանկարահանման ժամանակը և չարգելել լուսա/տեսանկարահանումը առանց լեգիտիմ հիմնավորումների
Առաջարկ բոլոր դատավորներին.
- հարգել լրագրողների մասնագիտական աշխատանքը և չստեղծել անհարկի խոչընդոտներ և սահմանափակումներ նրանց համար
- չսահմանափակել լուսա/տեսանկարահանման ժամանակը և չարգելել լուսա/տեսանկարահանումը առանց լեգիտիմ հիմնավորումների
Առաջարկ դատական նիստեր լուսաբանող լրագրողներին.
- հետևողական լինել դատական նիստերի լուսաբանման ապօրինի խոչընդոտների և սահմանափակումների նկատմամբ,
- դիմել համապատասխան ատյաններ արգելքներն ու սահմանափակումները վերացնելու պահանջով
Ակնկալվում է, որ նախարարությունը կնախաձեռնի օրենսդրական բարեփոխումներ` դատական նիստերի լուսատեսանկարահանման իրավունքը և ընթացակարգերը հստակեցնելու նպատակով:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: