«Մոնսանտո» (Monsanto) ընկերությունն աշխարհում վատ համբավ ունի: Ընկերությունն արտադրում է գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով հարստացված սերմեր ու պարարտանյութեր, մասնագիտացած է գյուղատնտեսության ոլորտում:
Ամերիկյան հսկային մեղադրում են Մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը վնասելու համար: «Մոնսանտո»-ն ֆինանսական մեծ ռեսուրսներ է ծախսում լոբբիստական աշխատանքների համար: Չնայած միջազգային մամուլի հրապարակումներին ու բացահայտումներին, ընկերությունը մեծացնում է իրացման աշխարհագրությունը՝ հիմնականում օգտվելով երկրների օրենսդրական դաշտից:
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում հստակ ագրարային քաղաքականություն չկա, օրենքով արգելված չէ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներով լրացված գյուղատնտեսական նյութերի օգտագործումը:
Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատան կազմակերպած գործարար համաժողովի ժամանակ «Մոնսանտո» ընկերությունը ներկայացրել է իր նոր սերմերն ու տեխնոլոգիական հնարավորությունները: Միջոցառումը կմնար շարքային, ու աղմուկ չէր բարձրանա, եթե չլիներ աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down ռոք խմբի մենակատար Սերժ Թանկյանի ֆեյսբուքյան գրառումը: Երաժիշտը կոչ էր անում Հայաստանին հեռու մնալ ամերիկյան «Մոնսանտո»-ի արտադրանքից:
Այս գրառումը լրագրողների համար «Մոնսանտո»-ով հետաքրքրվելու առիթ դարձավ: Մինչ այդ լրատվամիջոցների ուշադրությունից վրիպել էր, օրինակ, որ նույն գործարար համաժողովի ժամանակ հայտարարվել է այն մասին, որ «Մոնսանտո»-ն 20 տարի է ներկայացված է Հայաստանում, սերմեր է իրացնում ու գյուղացիներին խորհրդատվություն տրամադրում:
Թեման սկսեց տարածվել Թանկյանի կոչից և մի քանի օր անց արդեն ընդգրկեց պաշտոնական մեկնաբանություններ, փորձագիտական կարծիքներ: Լրագրողները փորձում են ստանալ հանրությանը հուզող ամենապարզ հարցի պատասխանը: Արդյո՞ք նախկինում Հայաստանում վաճառվել է ԳՁՕ (գենետիկորեն ձևափոխված օրգանիզմ) պարունակող արտադրանք, և եթե այո, ինչ հետևանքներ է այն թողել մեր առողջության վրա:
Լրատվամիջոցները ներկայացնում էին ոլորտի մասնագետներին, հասկանալու ինչպես կարող է ընկերությունը վտանգել Հայաստանի գյուղատնտեսությունը: Այնուհետև հարցեր ուղղեցին պաշտոնյաներին՝ Գյուղատնտեսության նախարարին և Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետին:
Գյուղնախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ նախարարությունը չի համագործակցում ընկերության հետ: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն էլ լրագրողներին հավաստիացրեց, որ ընկերության կողմից ներկրված սերմերի ծավալը չի գերազանցում 1 տոկոսը:
Մեդիայում նույնիսկ փորձ եղավ խնդիրը տանել այլ ուղղությամբ, իբր ընկերությունը Հայաստանի միջոցով ցանկանում է մուտք գործել ռուսական և ԵԱՏՄ շուկաներ:
Լրատվամիջոցները հետևողական լուսաբանում են «ԳՄՕ-ից զերծ Հայաստան» և «Արշավ Մոնսանտոյի դեմ – Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունների պահանջների ընթացքը: Փորձում են վեր հանել միջնորդավորված ընկերություններին և կազմակերպություններին, հասկանալ ընկերության ինչ ապրանքներ են ներմուծվել Հայաստան:
Թեման դեռ համընդհանուր ուշադրության կենտրոնում կմնա, քանի որ Սննդի անվտանգության պետական ծառայությունը սկսել է ուսումնասիրել դաշտն ու շրջանառության գործընթացը:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: