Կան լուսանկարներ, որոնք անհնար է մոռանալ: Դրանք մխրճվում են հիշողության մեջ ու մնում այնտեղ որպես կոնկրետ իրադարձության խտացումներ: Մանավանդ, երբ այդ իրադարձությունները ողբերգական են ու հարվածում են ամենախոցելի ու փխրուն էակներին՝ երեխաներին:
Վիետնամցի երեխաների ու նրանց շարքում մերկ աղջկա լուսանկարը այդպիսիններից: Երեխաները` ծայրահեղ սարսափն ու ցավը դեմքին, խուճապահար վազում են դեպի տեսախցիկը, իսկ նրանց թիկունքում ռմբակոծվում է իրենց գյուղը, այրվում ունեցվածքը (այդ թվում նաև՝ հագուստն ու մաշկը):
Այդ հայտնի սև-սպիտակ լուսանկարի «Ասոշիեթեդ Պրեսսի» ֆոտոլրագրող Նիք Ուտը արել է 1972 թվականին, վիետնամական պատերազմի ժամանակ, երբ հյուսիսային զորքերը ռմբակոծում էին երկրի հարավային հատվածները:
«Պատերազմի տեռորը» (Napalm Girl) շարքը բազմաթիվ մրցանակների է արժանացել ու դարձել ավելին քան լուսանկար: Այն սիմվոլ է, որի ազդեցության աստիճանն ու տեղեկատվական արժեքն ավելին է, քան նույնիսկ էթիկական բաղադրիչը՝ անհատի մերկությունը տիրաժավորելու փաստը:
Ուշադրությունը դեպի այդ լուսանկարը ծագեց վերջին տարիներին՝ սոցցանցերի գրաքննության պատճառով, երբ Ֆեյսբուքը հեռացրեց նկարը, որակավորելով այն որպես պորնոգրաֆիկ: Դա դարձավ նախադեպ՝ խոսելու փաստի ու դրա ժամանակակից պրեզենտացիաների տարբեր մակարդակների մասին: Դա էլ էր սիմվոլիկ, քանի որ համատեքստերը անընդհատ փոփոխվում են, համալրվում նոր նշաններով ու տեսանկյուներով:
Եվ հենց որպես սիմվոլ (բայց արդեն ոչ թե թերթային-լուրային կամ ցանցային, այլ տոտալ մեդիայի ժամանակների) այդ լուսանկարի առանցքային պերսոնաժը հայտնվում է ժամանակակից արվեստի դաշտում:
Ֆրանսա-ալժիրցի արվեստագետ Ադել Աբդեսեմեդը (Adel Abdessemed) ստեղծելով իր «Ճիչ» (Cri) քանդակը, անձայն ճչացող մերկ աղջկան զրկում է որևէ ճանաչելի համատեքստից: Նա փղոսկրից պատրաստած բնական չափի քանդակը տեղադրում է բացառապես միայնության մեջ՝ սպիտակ պատերի մեջ ու առանց ժամանակի ու վայրի մասին հուշումների:
2017 թվականի Ստամբուլի բիենալեում ներկայացված այդ քանդակը դառնում է ուղերձ՝ ուղված բռնությանն ու կորստին դիմակայելու անհնարինություն:
Աղջիկը հազիվ է պահում հավասարակշռությունը՝ կանգնած մեկ ոտքի վրա, բերանը լայն բացած՝ լուռ ճչալու պահին՝ համատարած մենության մեջ:
Աբդեսեմեդը աղջկան ամբղոջովին զրկել է ճանաչելի միջավայրից, դեկոնստրուկցիա է արել հայտնի լուսանկարը, և աղջիկը հայտնվել է սառած միջավայրում: Ինքն էլ սառել ժամանակի ու տարածության մեջ: Ինչպես օտարական կամ այլմոլորակային, որն արդեն կապ չունի իր իրական կյանքի հետ:
Սա բավականին պրովոկատիվ արվեստի գործ է, որը տոտալ ու «շատախոս» մեդիա դարում որսում է լռության պահը: Ճչալու պահը:
Նունե Հախվերդյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: