2017.11.06,

Նյուսրում

Հետաքննվում են «դրախտային փաստաթղթերը»

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

2016 թ. ապրիլի 3-ին սկսվեց լրագրողական բացահայտումների մեծ ալիք և ծագեց նոր եզր՝ «Պանամայի փաստաթղթեր»: Ողջ աշխարհում տասնյակ լրատվամիջոցներ հետաքննական հոդվածներ հրապարակեցին (և հրապարակում են)՝ հիմնվելով պանամական Mossack Fonseca իրավաբանական ընկերության գաղտնազերծած արխիվային փաստաթղթերի վրա: Այդ թվում նաև Հայաստանի հետաքննող լրագրողները՝ «Հետք»-ից:

Իսկ մեկ տարի անց, 2017թ. նոյեմբերի 5-ին, լրագրողներին հասանելի դարձան Սինգապուրում գտնվող Asiaciti Trust և Բերմուդյան կղզիներում գտնվող Appleby իրավաբանական ընկերության ներքին արխիվային նյութերը, որոնք ստացան «Դրախտային կղզիների փաստաթղթեր» անվանումը:

Երկու դեպքում էլ միլիարդավոր դոլարների քողարկման մասին փաստող օֆշորային սխեմաներն ու դրանց մեջ թաթախված անձանց մասին տեղեկությունը հայտնի դարձան արտահոսքի շնորհիվ:

Անհայտ աղբյուրը փաստաթղթերը կրկին փոխանցեց գերմանական  Süddeutsche Zeitung թերթին, որն էլ իր հերթին տրամադրեց դրանք Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումին՝ (ICIJ) և Կոռուպցիայի ու կազմակերպված հանցագործության հետաքննական կենտրոնին՝ OCCRP-ին:

ICIJ-ն հետաքննության մեջ ներգրավեց 67 երկրների 382 լրագրողների, որոնք իրենց երկիրը ներկայացնող անձանց հետքերն են բացահայտում Մեծ Բրիտանիայի գաղութ համարվող Բերմուդյան կղզիների օֆշորներում:

Appleby-ը խոշոր ընկերություն է, որը զբաղվում է օֆշորների գրանցմամբ, հարկային պլանավորմամբ ու կառավարմամբ: Այդ ծառայություններից օգտվում էին շատ հարուստ ու հեղինակավոր մարդիկ՝ նախագահներ, թագավորական ընտանիքներ, զինվորական վերնախավ, պոպ-աստղեր:

Մոլորակի ամենահարուստ մարդիկ (երկրագնդի բնակչության 1%-ը)՝ օգտագործելով տարբեր ընկերությունների ու հիմնադրամների կաղապարները, հնարավորություն են ստացել գաղտնիության շնորհիվ խուսափելու հարկերի վճարումներից ու կատարելու ոչ հրապարակային գործարքներ:

21-րդ դարում փողերն ավելի հեշտ են հատում սահմանները, քան մարդիկ: Եվ խոշոր գումարների հոսքերի վերահսկումը գլոբալ տնտեսության կարևոր բաղադրիչն է, անգամ եթե գումարների սեփականատերերը օրենք չենք խախտում, այլ պարզապես իրենց գումարները գաղտնի են պահում:

Համենայնդեպս, «Դրախտային կղզիների փաստաթղթերը» ցույց տվեցին, որ օֆշորներում պահվում է մոտավորապես 8 տրիլիոն եվրո, որոնց շրջանառությունը թափանցիկ չէ:

Հայտնի է դարձել, որ ԱՄՆ առևտրի նախարարը գործարքներ է կատարել ռուսաստանցի միլիարդատերերի հետ (շրջանցելով ներկայում գործող պատժամիջոցները): Ընդհանրապես, փաստաթղթերում հիշատակվում են Դոնալդ Թրամփի խորհրդականները, հովանավորներն ու վարչական աշխատակիցները, որոնք գերադասել են գումարները գրանցել անանուն եղանակով:

Օֆշորներում է գտնվում նաև Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի անձնական կարողությունների մոտ 10 մլն ֆունտը:

120 հեղինակություն ու քաղաքական գործիչ (հիմնականում ԱՄՆ-ից ու Մեծ Բրիտանիայից) գումարները պահում են ստվերային կառույցներում, ինչը վկայում է քաղաքականության, խոշոր կապիտալի ու օֆշորային գաղտնիության միահյուսման մասին:

Տեղեկատվության այդ երկու խոշոր արտահոսքերը շատ հետաքրքիր հետք թողեցին լրագրողական աշխատանքի վրա: Լրագրողների միջազգային, տրանսնացիոնալ ցանցը սկսեց կարևոր դեր խաղալ՝ ոչ միայն հանրայնացնելով խոշոր գումարների հոսքերը, այլև մշակելով ու վերլուծելով միլիոնավոր փաստաթղթեր:  

Օրինակ, «Դրախտային կղզիների» դեպքում, լրագրողները գործ ունեին 13,4 մլն փաստաթղթերի հետ:

Եվ պայմանավորվածության համաձայն՝ հետաքննական նյութերի հրապարակման օրը բոլորի համար նույնն է: Նոյեմբերի 5-ին ժամը 20:00-ին հրապարակված առաջին նյութերը ընդամենը սկիզբն են: Հետաքննական հոդվածները շարունակվելու են:

Ի տարբերություն «Պանամայի փաստաթղթերի»՝ «Դրախտայինները» ավելի «մաքուր» են: Այսինքն, գաղտնազերծված օֆշորներում գրանցումը կատարվել է ավելի խիստ կանոններով, և քիչ են կասկածելի անցյալ ու կապեր ունեցող հաճախորդները: Միգուցե այդ պատճառով էլ՝ Հայաստանից խոշոր գումարների մասին դեռևս խոսք չկա:

Հայաստանի հետաքննող լրագրողները «Հետքից» շարունակում են ուսումնասիրել նոր փաստաթղթերը:

 

Նունե Հախվերդյան

 

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *