«Սեպտեմբերի 30-ին Բուխարեստում կայացած նիստում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) գործկոմը որոշում է ընդունել 1 տարով դադարեցնել համագործակցությունը 9 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, ազգային ֆեդերացիաների հետ: Մեր ծանրորդները չեն մասնակցելու ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի առաջիկա առաջնությանը»,-այս լուրը օրեր առաջ հաղորդվեց հայկական գրեթե բոլոր լրատվամիջոցներով:
Հայաստանի հետ միասին որակազրկվել են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ադրբեջանի, Թուրքիայի և Չինաստանի ֆեդերացիաները:
Որակազրկման պատճառը 2008 և 2012 թվականներին կայացած Օլիմպիական խաղերում նույն երկրի 3 և ավելի ծանրորդների մոտ խթանիչներ հայտնաբերելու փաստն է: Հայաստանցի մարզիկներից այդ ցուցակում էին հայտնվել Տիգրան Մարտիրոսյանը և Նորայր Վարդանյանը՝ մեկական անգամ, Հռիփսիմե Խուրշուդյանը՝ 2 անգամ:
Հետաքրքիր է, որ որակազրկված 9 ֆեդերացիաներից 7-ը հետխորհրդային երկրներից են: IWF-ի գործկոմի անդամները միաձայն են ընդունել որակազրկման մասին որոշումը, իսկ այդ գործկոմի 21 անդամների մեջ են Ռուսաստանի և Ղազախստանի ներկայացուցիչները:
Մեր ծանրամարտի ֆեդերացիայի որակազրկումը կարծես շատ հանգիստ ընդունվեց լրատվամիջոցների, հասարակության կողմից: Պատճառը գուցե ծանրամարտի նկատմամբ վերաբերմունքի մեջ է և նաև՝ արդեն երկար ժամանակ խոսակցություններ կային մեր հավաքականների որակազրկման մասին, հայ ծանրորդներն էլ պարբերաբար որակազրկվում են, այնպես որ ֆեդերացիայի ամբողջական որակազրկումը ինչ-որ տեղ սպասելի էր:
Անսպասելի էր, թերևս, միայն մեր ծանրամարտի ղեկավարների համար: Մասնավորապես ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ընդամենը 15 օր առաջ որակազրման մասին լուրերը որակում էր «անհեթեթություն, հերյուրանք»: «Ի՞նչպես կարող են Հայաստանին զրկել աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունքից» ,- հայտարարել էր գլխավոր քարտուղարը:
Ինչևէ, եթե նախկինում որակազրկման հեռանկարն ընդամենը խոսակցությունների մակարդակով էր, ապա հիմա գործ ունենք կոնկրետ փաստի հետ. մարզական ամենակարևոր պայմանը՝ սպորտում մաքրությունը, ազնվությունը խախտելու համար (խթանիչների օգտագործում) Հայաստանը որակազրկվել է:
Եթե չեմ սխալվում սա առաջին նմանատիպ դեպքն է հայկական սպորտում (ամբողջ ֆեդերացիայի որակազրկում), և այն պետք է դառնա մարզական մամուլի քննարկման լրջագույն թեմա:
Հարցը պետք է վերաբերվի ոչ միայն մարզական երանգներին. արդյո՞ք մեզ պետք են անազնիվ մեդալներ, տիտղոսներ, մեր երեխաներին նման հերոսներո՞վ ենք ուզում մեծացնել: Այս առումով բավական հետաքրքիր ու ուսանելի է բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր հեծանվորդներից մեկի՝ ամերիկացի Լենս Արմստրոնգի ճակատագիրը:
Արմստրոնգը միակն է պատմության մեջ, որը 7 անգամ հաղթել է հանրահայտ «Տուր դե Ֆրանս» հեծանվավազքում, նվաճել է գրեթե բոլոր տիտղոսները, կարողացել է հաղթահարել ծանրագույն հիվանդությունը՝ ուղեղի քաղցկեղը և կրկին վերադառնալ մեծ սպորտ, հիմնադրել է քաղցկեղի դեմ պայքարի հատուկ անվանական հիմնադրամ: Արմստրոնգը ԱՄՆ-ի հերոսն էր, մարզիկի ու քաղաքացու իսկական կերպար, որը էտալոն էր համարվում սերունդների համար: Սակայն կարիերան ավարտելուց 1 տարի անց՝ 2012 թվականին, ԱՄՆ-ի ամենահայտնի մարզիկներից մեկը համարվող հեծանվորդ Լենս Արմստրոնգին ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալությունը խթանիչներ օգտագործելու մեղադրանք ներկայացրեց. 1 տարի տևած դատական գործընթացն ապացուցեց, որ հեծանվորդը օգտագործել է խթանիչներ: ԱՄՆ-ի հակադոպինգային գործակալության առաջարկով՝ միջազգային գործակալությունը ցմահ որակազրկեց Արմստրոնգին, հեծանվային մարզաձևերի միջազգային ֆեդերացիան զրկեց նրան բոլոր տիտղոսներից, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրամանով Արմստրոնգը զրկվեց Ֆրանսիայի բարձրագույն՝ «Պատվո լեգիոնի» շքանշանից, բազմաթիվ հովանավորներ լքեցին Արմստրոնգին, մի քանի լրատվամիջոցներ էլ դատի տվեցին հայտնի մարզիկին՝ խաբեության համար:
Ամերիկացի ամենաճանաչված մարզիկներից մեկին «գետին տապալեց» ամերիկյան մարզական արդարադատությունը և մարզական մեդիան: «Սա տխուր օր է բոլոր մարզասերների և մարզիկների համար: Սա դրամատիկ օրինակ է, թե ինչպես սպորտում ամեն ինչ հաղթանակի համար նետածը կարող է ստվերել խթանիչներ չօգտագործող մարզիկների աշխատանքը, մաքրությունը սպորտում: Բայց սա պետք է դառնա հիշեցում բոլորին, ապագա սերունդներին, որ սպորտում մրցակցելիս չի կարելի օգտագործել արգելված դեղամիջոցներ՝ խթանիչներ»՝ դիմելով ամերիկյան ժողովրդին հայտարարել էր ԱՄՆ-ի հակադոպինգային գործկալության տնօրեն Թրևիս Թայգերը:
Իհարկե Արմստրոնգի հետ կատարվածը չդարձավ վերջինը ոչ ամերիկացի մարզիկների և ոչ էլ սպորտում ընդհանրապես: Յուրաքանչյուր տարի բազմաթիվ մարզիկներ, այդ թվում՝ ամերիկացիներ, որակազրկվում են խթանիչներ օգտագործելու համար: Բայց կարևոր է դառնում դրա դեմ պայքարի, հասարակական ընկալման ձևն ու չափը: Հայաստանում, սակայն, մեդալներ նվաճելու գերնպատակը առաջնային է և ոչ միայն մարզական ղեկավարների, այլ նաև՝ լրագրողների համար: Հակառակ դեպքում ինչպես բացատրել, որ անցյալ տարի լրագրողների քվեարկությամբ մեր երկրի լավագույն մարզիկների թվում հայտնվեց խթանիչներ ընդունելու համար որակազրկված մարզիկ:
Խթանիչներ ընդունած մարզիկները զարգացած երկրներում համարվում են հասարակության համար անընդունելի, մարզական «изгой»-ներ: «Մաքուր սպորտը» այլընտրանք չունի, և ցանկացած շեղում, ցանկացած ոչ ազնիվ մեթոդ պետք է դատապարտվի առանց պատճառաբանությունների:
Արմեն Նիկողոսյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: