Երբ երկրաշարժի ալիքն անցավ ու երեխեքին բարեհաջող ուղարկել էինք բակ, միացա Twitter-ին: 2 րոպե էլ չէր անցել: Ընկերներս Twitter-իս պատը լցրել էին երկրաշարժի մասին լուրով: Րոպեների ընթացքում պատին ավելացան հղումները դեպի Վանի երկրաշարժի մասին մանրամասներ հաղորդող մասնագիտական կայքեր, ռեսուրսներ:
Twitter-ում էին առաջինը հայտնվում երկրաշարժի ֆոտոների, վիդեոների ու տեքստային տեղեկատվության հղումները:
Զուգահեռաբար աշխուժացավ Facebook-ը, որտեղ ֆեյսբուքահայերը ոչ միայն տեղեկատվություն էին տարածում, այլ զարմանում էին հեռուստատեսային եթերում Երեւանում շատ ուժեղ զգացված երկրաշարժի մասին տեղեկատվության բացակայությամբ:
Ֆուտբոլ կամ սերիալ հեռարձակող հեռուստատեսային ալքիները առնվազն սկզբում անդրդվելի էին: Facebook-յան մի ստատուսը, թե «Հետաքրքիր է՝ էս ֆուտբոլային հաղորդավարները երկրաշարժ չեն զգո՞ւմ», դիպուկ էր։ Անգամ տեքստային տեղեկատվությունը բացակայում էր: Հետո լուրը հաղորդեց «Երկիր մեդիա»-ն, իսկ Հ1-ը ընդհատեց ֆուտբոլի մինչեւ 19 տարեկանների հավաքականի հանդիպումը ու երկրաշարժի մասին հատուկ թողարկում հեռարձակեց:
Օրվա ընթացքում արդեն լրատվական հոսքը կարգավորվեց: Իսկ նորաստեղծ լրատվական «Արմնյուզ»-ը անգամ հեռարձակեց Ինտերնյուսի ֆիլմերից մեկը`արտակարգ իրավիճակներին, նաեւ երկրաշարժերին պատրաստվածության մասին:
Ցանցային լրատվամիջոցները Վանի երկրաշարժին ու դրա հայաստանյան ցնցումներին արագ արձագանքեցին: 10-15 րոպե պահանջվեց հայալեզու ինտերնետային հատվածում երկրաշարժի մասին առաջին լուրը հրապարակելու համար:
Ընդհանուր տեղեկատվական հոսքի մեջ ուշացավ Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) արձագանքը: Ու այդպես էր նաեւ այս ամիս Գառնիում գրանցված երկրաշարժի ժամանակ: Գուցե ժամանակն է, որ ԱԻՆ Արտակարգ ալիքն էլ հայտնվի Twitter-ու՞մ:
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: