2017.09.26,

Քննադատ

«Անաստվածնե՜ր և անհավատնե՜ր, կարդացեք և տարածեք «Անաստված»- ը»

author_posts/lilit-avagyan
Լիլիթ Ավագյան
facebook

Լրագրող

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո (1920 թ., նոյեմբերի 29),  արդեն դեկտեմբերի 17-ին, հրապարակվեց «Հոգևոր հաստատություններին պատկանող կուլտուրական հիմնարկությունների պետականացման մասին» դեկրետը, որով նշված հիմնակրություններն անցան լուսժողկոմատի տնօրինությանը:

Նույն թվականի դեկտեմբերի 31-ին ՀԽՍՀ լուսժողոմատի հրամանով արգելվեց կրոնական առարկաների դասավանդումը և կրոնական ծեսերի կատարումը դպրոցներում («Կոմունիստ», 1920, դեկտեմբերի 18):

1921 թ. նոյեմբերի 17-ի որոշմամբ՝ հոգևորականները զրկվեցին ընտրելու և ընտրվելու իրավունքից, իսկ 1922-ին ընդունված սահմանադրության 6-րդ հոդվածով՝ եկեղեցին անջատվեց պետությունից, իսկ դպրոցը՝ եկեղեցուց («Կոմունիստ», 1921 թ., հունվարի 4):

Հակակրոնական մեծ շարժումը սպասարկելու համար անհրաժեշտ էր համապատասխան բովանդակության գրականություն, մամուլ:

1922 թվականին Խորհրդային Ռուսաստանում սկսեց հրատարկվել «Անաստված» (Безбожник) հանդեսը: 1925 թվականին ձևավորվեց «Մարտնչող անաստվածների միություն» կազմակերպությունը՝  նպատակ ունենալով հնարավոր բոլոր միջոցներով պայքարել կրոնի դեմ:

Հայաստանում ևս «Մարտնչող անաստվածների» խմբակներ ձևավորվեցին: 1928 թվականին արդեն լույս տեսավ  «Անաստված» պատկերազարդ հանդեսի առաջին համարը:

«Անաստված» հանդեսի առաջին համարը

1928-1933 թթ. «Անաստված»-ը հրատարակվում էր իբրև հանդես, 1933-35 թթ.՝ իբրև թերթ (տասնօրյա): Պատասխանատու խմբագիրներն էին Վ. Թաթիկյանը, Ե. Խոջամիրյանը, Լևոն Վարդունին:

Ե. Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանում պահպանվել են հանդեսի որոշ համարներ:  

Առաջին համարի ողջ կազմին, խոշոր, կարմիր տպատառերով Լենինի խոսքերն են. «ՆԵՐԿԱՅՈՒՄՍ ԹԵ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ՅԵՎ ԹԵ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԱՍՏԾՈՒ ԳԱՂԱՓԱՐԻ ԱՄԵՆ ՄԻ, ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱՆՈՒՐԲ, ԱՆԳԱՄ ԱՄԵՆԱԲԱՐՅԱՑԱԿԱՄ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՄ ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ ՀԱՄԱԶՈՐ Ե ՌԵԱԿՑԻԱՅԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ»:

«Անաստված» հանդեսի շապիկը

Սա էլ մի հատված է խմբագրականից. «Հոկտեմբերին մահացու հարված տրվեց կալվածատիրա-կապիտալիստական հասարակարգին, և կալվածատերերի հետ տապալվեցին նաև նրանց հավատարիմ սպասավորները-հոգեվորականները: Եկեղեցին զրկվեց իր բոլոր կալվածքներից, հարստություններից և արտոնություններից: Պրոլետարիատի դիկտատուրան՝ խորհրդների իշխանության հաստատումը ճանապարհ եր բացում դեպի աշխատավորության ազատագրումը կալվածատիրա-կապիտալիստական ճնշման բոլոր տեսակներից, այս թվում նաև հոգեվոր ճնշումից-կրոնից: Միանգամայն հասկանալի ե, թե եկեղեցակնները վորպիսի ատելությամբ ընդունեցին Հոկտեմբերյան հեղափոխությունը: Հոկտեմբերյան օրերին տեղի ունեցած հոգեվորականների համագումարում պատրիարք ընտրված սեվհարյուրակային Տիխոնը հատուկ թղթով բանադրանքի յենթարկեց Խորհրդային իշխանությունը և կոչ էր անում հավատացյալներին բացահայտ կերպով յելնել նրա դեմ: Տերտերները գործոն մասնակցություն ցույց տվին քաղաքացիական կռիվներին, անցնելով սպիտակ գվարդիականների կողմը և կազմելով իրենց հիսուսական և աստվածածնական գնդերը»:

Մերժել կրոնը, Աստծուն: Ընդունել միայն մեկ «կրոն»՝ բոլշևիկյան դիկտատուրան:

Հոդված «Անաստված»-ում

Քրիստոնեությունը՝ Սուրբ Երրորդությամբ մերժվում էր, բայց փոխարենն առաջարկվում էր այլ երրորդություն՝ Մարքս, Էնգելս, Լենին: Ավելի ուշ այս «սուրբ երրորդությանը» փոխարինեց մեկ «աստված» Ստալինը:

Հանդեսի բոլոր համարներում «Մարտնչող անաստվածների»խմբակների եռանդուն աշխատանքը ներկայացնող հոդվածներ են:

«Հակակրոնական աշխատանքը դպրոցում» հոդվածում կարդում ենք. «Մեր հակակրոնական աշխատանքի կենտրոնում դրված ե և նոր սերնդին կրոնի թույնից  ազատելու խնդիրը: Չնայած դրան, շնորհիվ մեր աշխատանքի թուլության, կարելի յե մատնացույց անել աշխատանքային դպրոցներում կրոնամոլ աշակերտության ստվար քանակ: (…) Հենց մոտ օրերս II 9-ի Խ.Աբովյանի անվան դպրոցի պատի լրագրում թղթակից Լ.Բերբերյանը  «Վե՛րջ նախապաշարմունքներին» հոդվածում արձանագրում ե մի վերին աստիճանի անուրախալի փաստ: II 9-ի վերջին խմբի աշակերտուհիներ, ինչ վոր սուրբ Սարգսի տոնին, աղի հաց են կերել, վոր գիշերը յերազում իրենց սիրող տղայի, ապագա ամուսնու ձեռքից ջուր խմեն: (…) Այս տիպի աշակերտության մեջ յեղել են նաև կոմյերիտներ: Նման կոմյերիտներից մեկին նորերս ԼԿՅԵՄ շարքերից դուրս վռնդեցին, սակայն փաստը մնում է փաստ, որ իրոք դպրոցում հակակրոնական աշխատանքների բացակայության պատճառով կրոնի թույնը դեռ իր գործն անում է: Սա անախորժելի յեևույթ է (հոդվածագիր՝ Համո Գասպարյան,  «Անաստված», 1928 թ., մարտ, հ. 3):

Բանաստեղծություն «Անաստված»-ում

Անաստվածությունը, Աստծո մերժումը պետք է սկսել օրորոցից: Ահա և ստեղծվել էր «Անաստվածի որորոցի յերգը» ոտանավորը (հեղինակ՝ Վ. Թաթիկյան).
«Անաստված»-ի էջերից
Եջմիածնի խուցերում
մառախուղ է բարձրանում
և խեղդելով «սուրբ» հոգիները
թանձրանում…..
-Ա՜յ Խատիսյան
յե՞րբ ես գալու,
մեզ կյանք տալու:
Նանի՛ որո՛ր, նանի՛ որո՛ր
ել չեք տեսնի սպիտակ որ:

Անաստվածների խմբակների անդամները պարբերաբար հանդես էին գալիս հանդեսում՝ ներկայացնելով իրենց կատարած աշխատանքներն ու պատմելով ծրագրերի մասին:

«Անաստված» հանդեսի շապիկներից

Եթե Խորհրդային Ռուսաստանում «Բեզբոժնիկ»-ը դադարեց հրատարակվել 1941 թվականից՝  թղթի խնայողության ռեժիմին անցնելու կապակցությամբ, Հայաստանում թերթի վերջին համարը լույս տեսավ 1935-ին: «Անաստված»-ը լույս չէր տեսնում, սակայն անաստվածությունը շարունակվում էր…

Լիլիթ Ավագյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *