Կինոքննադատ Անտոն Դոլինը կարծես կարողանում է հասցնել ամեն ինչ՝ գրել գրքեր ու հոդվածներ, ռեպորտաժներ ուղարկել աշխարհի կինոփառատոններից, հաղորդումներ վարել, հանդես գալ բանախոսություններով, և դրան զուգահեռ՝ ակտիվ ցանցային անձ լինել:
Միշտ հետաքրքիր է հետևել նրա ֆեյսբուքյան էջում ծավալվող քննարկումներին, քանի որ դրանք, իրոք, քննարկումներ են, որտեղ Անտոն Դոլինը չի զլանում պատասխանել գրեթե բոլորին:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հրավերով այցելելով Երևան, նա մի քանի հանդիպում ունեցավ հայաստանցիների հետ: Որպես լավ քննադատության կարևոր բաղադրիչ նա նշեց տեսանկյունը. «Քննադատը պետք է փորձի զննել տեսադաշտը որքան կարելի է բարձր կետից, իսկ հետո սուզվի որքան կարելի է խորը: Այդ դեպքում լավ հետազոտություն կստացվի: Հակառակ դեպքում՝ կթփրտա ջրի երեսին, ինչը թեև զվարճալի, բայց անիմաստ զբաղմունք է»:
Ինտերնետային տեքստերի հոսքը ստիպում է նորովի վերագնահատել գրական ամսագրերի դերը: Եվ Անտոն Դոլինը, որը ղեկավարում է Ռուսաստանի հեղինակավոր «Կինոարվեստ» ամսագիրը, վստահ է, որ ամսագրերն են չափանիշներ սահմանում:
«Միայն ինտերնետում տեղադրված տեքստերը վստահություն չեն ներշնչում, քանի որ շատ են ու անվերահսկելի: Ինտերնետը կարծես մի մեծ կույտ լինի, որտեղ մրցակցային դաշտը շատ լայն է և անկանոն, և ընթերցողին դժվար է համոզել, որ քո տեքստը լավն է: Այդ պատճառով էլ առանց ամսագրերի գրականությունը չի կարող գոյություն ունենալ: Եվ բոլորովին նշանակություն չունի, որ ընթերցողները կարդում են էլեկտրոնային կրիչների վրա: Կարևոր է, որ ամսագիրն է որոշում ու երաշխավորում, թե ինչը արժի կարդալ»:
«Կինոարվեստ»-ի երկարատև ղեկավար, սոցիոլոգ ու կինոգետ Դանիիլ Դոնդուրեյը վստահ էր, որ մշակութային կոդերը ամենալավը վերծանվում են կինոյից և մեդիայից, և հիմա նրա մահից հետո Անտոն Դոլինը փորձում է նոր շունչ հաղորդել ամսագրին, որն, իրականում, կլինի ավելին, քան ամսագիր, դառնալով թե՛ օնլայն, թե՛ օֆլայն հարթակ: Ի վերջո, կինոն արտացոլում է կյանքը շատ ավելի լավ, քան արվեստի այլ տեսակ: Իսկ ֆիլմերի ընտրությունը երաշխավորագրի պես մի բան է:
«Կինոարվեստը» խիզախ պլաններ ունի: Ի՞նչն եք հատկապես կարևորում ամսագրի մոդեռնացման գործում:
Գաղտնիք չէ, որ վերջին երկու տարիներին ամսագիրը ապրում էր ոչ լավ օրեր, և պարզ էր, որ եթե ոչինչ չփոխենք, ամսագիրը կմահանա բնական մահով: Խմբագրությունում ոչ ոք դա չէր ցանկանա, ուզում ենք որ այն ապրի ու նոր ընթերցողներ գտնի:
Եվ ինչպես ցույց տվեց քրաունդֆանդինգի անհավանական հաջող փորձը, նոր ընթերցողներ կան: Եվ նրանք քիչ չեն:
Առաջին հերթին, ամսագիրը պետք է դադարի լինել միայն ամսագիր: Հարկավոր է ստեղծել հարուստ ինտերնետային պլատֆորմ, իսկ հետո՝ բացել ելք դեպի աշխարհ՝ կինոդպրոցների, բանախոսությունների, մեկնաբանվող կինոցուցադրումների տեսքով:
Այսինքն, չսահմանափակվել միայն ամսագրային էջերով, այլ դուրս գալ իրական կյանքի տարածք:
Ուզում եմ, որ «Կինոարվեստը» լիարժեք մշակութային հարթակ դառնա թե՛ որպես ինտերնետային կայք, թե՛ որպես Ռուսաստանում տեղի ունեցող տարբեր իրադարձությունների կենտրոնացման փորձ:
Իմ փորձից գիտեմ, որ Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքում կա լսարան, որը պատրաստ է արտ-կինո դիտել և բանավիճել դրա շուրջ, պարզապես հաճախ չկա նախաձեռնողը: Մենք պատրաստ ենք այդ նախաձեռնողը դառնալ, եթե ամեն ինչ լավ ընթանա:
Եվ բնական է, որ ամսագիրը պետք է փոխվի ներսից՝ մակետը, դիզայնը և այլն: Մի խոսքով՝ փորձում ենք բարձրանալ ծնկաչոք վիճակից:
Այդ վերջին բառակապակցությունից հետո ուզում եմ հարցնել, իսկ ինչպե՞ս են վերջին տարիներին փոխվել մշակութային կոդերը:
Կոդերը անընդհատ են փոխվում, բայց իհարկե, որոշ բաներ անսասան են: Այդպես եղել է միշտ:
Սրընթաց փոփոխությունները կապված են թե՛ նոր տեխնոլոգիաների, անգամ ամեն մի սարքի արագ թարմացման, թե՛ կինոյի ու սերիալների աշխարհում տեղի ունեցող անդադար ալեկոծման, թե՛ ինտերնետի տարածման, թե՛ ողջ աշխարհի ոչ կայուն քաղաքական իրավիճակի հետ:
Մշակույթը պարզապես արձագանքում է այն ամենին, ինչը տեղի է ունենում քաղաքական, տեխնոլոգիական, սոցիալական աշխարհներում:
Եվ մեր գործը, որպես լրագրողների ու քննադատների, այդ փոփոխությունների որսումն է հենց օդից: Փորձում ենք կանխատեսել, վերլուծել, մի խոսքով՝ գլուխ հանել: Եվ ընդունել, որ կինոն այս մեր մեծ աշխարհի մասնիկն է, արտացոլումը մի կաթիլ ջրում, այլ ոչ թե առանձին գոյություն ունեցող տիեզերք:
Որքանո՞վ է Ձեզ համար կարևոր ցանցային բանավեճը:
Ցանցային բանավեճը կարևոր է ոչ թե այն պատճառով, որ այն համարում եմ առաքելություն: Ընդհակառակը՝ մտահոգվում եմ, որ հասարակության աչքերում ներկայանում եմ որպես միկրոսելեբրիթի, հայտնի լրագրող, որը հայտնվում է նաև «Առաջին ալիքի» եթերում:
Եվ դրա շնորհիվ, միանգամից ընկալվում է որպես հեղինակություն, որն իր կարծիքն է հայտնում ցանկացած թեմայով:
Բնականաբար, ես ունեմ իմ կարծիքը բոլոր հարցերի մասին, բայց հենց համացանցում, հատկապես Ֆեյսբուքում, նախընտրում եմ ներկայանալ որպես մասնավոր անձ, որը կարող է իրեն չգրաքննել, ասելով այն, ինչն ուզում է ասել և այն բառերով, որոնցով ուզում է:
Բայց դա պատրանք է…
Իհարկե, պատրանք է, բայց հաճելի պատրանք, որը փորձում եմ պահպանել, քանի որ չեմ կարող և չեմ ուզում համարել, որ Ֆեյսբուքը լրատվամիջոց է: Այդ դեպքում պետք կլիներ ավելի զգույշ ընտրել բառերը, հետևել, որ չխախտվեն հազար ու մի օրենքներ: Կուզեի, այդ ամենից ազատ լինել, պահպանելով միայն ընդհանուր էթիկական նորմերը:
Բայց ինձ համար Ֆեյսբուքը շատ կարևոր է որպես ուղիղ կապի միջոց: Ավանդական լրատվամիջոցներում նման ուղիղ կապ գոյություն չունի: Միգուցե որոշ հոդվածների տակ մեկնաբանություններ հայտնվում են, բայց միևնույն է, չեք գտնի մի հեղինակի, որը պարտաճանաչորեն պատասխանում է բոլոր մեկնաբանողներին:
Ես էլ պատասխանում եմ Ֆեյսբուքում, և ոչ «Մեդուզայում» կամ «Մայակում»: Եվ հենց իմ պատասխաններով էլ փորձում եմ պահպանել այն թանկ պատրանքը, որ մասնավոր անձ եմ: Այսինքն, ես խոսում եմ մարդկանց հետ հավասարի պես: Եվ հավասարի պես էլ վիճում եմ ու փորձում համոզել կամ դրդում մտափոխվելու:
Ընդհանրապես ես սիրում եմ վիճել… Գիտեմ նաև, որ շատերը ուրախությամբ կողքից հետևում են իմ ֆեյսբուքյան վեճերին:
Կյանքում շատ հետաքրքրություններ ունեմ, բայց երբեք, օրինակ, պրոֆեսիոնալ կերպով չեմ գրի քաղաքականության, երաժշտության, ճարտարապետության կամ գրականության մասին, թեև մասնագիտությամբ գրականագետ եմ:
Իսկ Ֆեյսբուքում կգրեմ:
Այնտեղ կարող ես հանել պրոֆեսիոնալի դիմակն ու հանգել դիլետանտի դիմակը, և կստացվի, որ շատ ներքին արգելքներ, որոնք սահմանել ես ինքդ քեզ համար, անհետանում եմ:
Կարողանում եք նույն բանի մասին գրել տարբեր ոճով՝ կախված այն պարբերականից, որտեղ հրապարակում եք նյութերը: Այդ տրանսֆորմացիան հե՞շտ է տրվում:
Իրականում, դա էքսկլուզիվ հմտություն չէ, ես պարտավոր եմ դա անել, քանի որ լսարանն է տարբեր:
Եթե ձեր գործընկերները ձեզ հարց տան, թե ո՞րն է ձեր գործի էությունը, դուք հաստատ կպատասխանեք մի բան, մայրիկի նույն հարցին՝ բոլորովին այլ, իսկ երեխայի հարցի դեպքում՝ կփորձեք այլ բառեր գտնել: Հաստատ ամեն անգամ նույն բանը չեք ասի, այլ կփորձեք գտնել հաղորդակցության նոր միջոց՝ կախված զրուցակցի տեսակից:
Նույնն էլ իմ դեպքում է: Զրուցակիցներս տարբեր են՝ ռադիոլսողներ, «Մեդուզայի» լսարան, գրքերիս ընթերցողներ:
Համաձայնեք, որ միևնույն է ճանաչելիության առումով առաջնայինը հեռուստատեսությունն է: Բավական է հայտնվել էկրանին, և դառնում ես հայտնի:
Ցավոք, այդպես է: Բայց դրա հետ ոչինչ անել չես կարող, բացի փորձելուց այդ փաստը վերածել բարիքի: Այսինքն, օգտագործել հեռուստատեսությունը որպես հնարավորություն՝ տարածելու այն կարծիքները, որոնք ակնհայտ չեն:
Այսինքն, համարու՞մ եք, որ կարելի է օգտագործել հեռուստատեսությունը և օգտագործվել հեռուստատեսության կողմից:
Դա փոխադարձ պրոցես է, ես դեմ չեմ, որ ինձ էլ օգտագործեն: Կարևորը, որ իրենք չեն կարող իմ ասածները փչացնել, փոխել, դարձնել ճղճիմ:
Ի վերջո, ես եմ բերանս բացում և ասում: Դրանք իմ բառերն են, իմ մտքերը, և այդպիսին էլ կմնան բոլոր հանգամանքներում, անգամ եթե դուրս բերվեն հեռուստատեսությունից:
Հարցազույցը Նունե Հախվերդյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: