2017.06.28,

Քննադատ

Տուն, փախուստ, կորուստ և հեռուստացույց

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Լավ կինոն միշտ ներկա ժամանակի ախտորոշում է: Եվ նշանակություն չունի, թե ինչ ժանրի ֆիլմ է՝ նեղ ընտանեկան դրամա, լայնածավալ էպիկական թրիլեր, թե թեթևամարս կատակերգություն: Հաջողված կինոպատմությունը անորսալի անհարմարավետության մի զգացում է արթնացնում, հանդիսատեսին հանում սովորական ծանոթ թմբիրից ու հարց կախում նրա գլխին, ուսերին, սրտի մեջ: Մի խոսքով՝ ախտորոշում է հենց դիտողին:

Անդրեյ Զվյագինցևի «Առանց սիրո» («Нелюбовь») ֆիլմը, որը Կաննի կինոփառատոնում արժանացավ ժյուրիի հատուկ մրցանակին, ընտանեկան (անգամ կենցաղային) դրամա է, բայց իրականում այն մի յուղոտ ու ցավոտ հարց է:

Ռեժիսորը կարծես նայում է հանդիսատեսի աչքերին ու հարցնում՝ իսկ ինչպե՞ս ենք պատրաստվում ապրել մի իրավիճակում, երբ ընտելացել ենք «չսիրո» մթնոլորտին, ամենօրյա ատելության չափաբաժինը օրեցօր ավելացնելով ու, ի վերջո, հսկա դատարկ փոսի մեջ նայելով:

Ֆիլմի անվան թարգմանությունները (օրինակ, Loveless) դժվար են փոխանցում ռուսերեն «չսեր» բառի ամբողջականությունը:

Դա այն իրավիճակն է, երբ ոչ թե սեր չկա, այլ սիրո չգոյությունն է նորմ:

Ռուսաստանցի միջին վիճակագրական ընտանեկան զույգը (կինը գեղեցկության սրահի մենեջեր է, ամուսինը՝ խոշոր ընկերության ծառայող) արդեն տասը տարուց ավելի ապրում է մի հարկի տակ՝ հազիվ զմռսված ատելության մթնոլորտում: Նրանք ոչ միայն ընտելացել են ատելու իրար, այլև տարբեր զուգընկերներ ունեն, փորձում են նոր կյանք սկսել նոր ընտանիքներում ու առանց իրար:

Կա միայն մեկ խնդիր՝ 12-ամյա որդին, որն, իրականում, պետք չէ ոչ մեկին: Տունը վաճառում են, իսկ տղային մտադիր են ուղարկել գիշերօթիկ դպրոց: Եվ տղան, որոշում է անհետանալ: Եվ անհետանում է…

«Առանց սիրո» ֆիլմը ստեղծված է այն փիլիսոփայությամբ, որ փախուստ չկա:

Սերնդե սերունդ, ընտանիքից ընտանիք փոխանցվում են հոգեբանական տրավմաները, բարդույթներն ու ագրեսիան: Չսիրելով ապրելու կենսական պրակտիկան մայրն իր մորից է ժառանգում ու փոխանցում որդուն, տատիկները ատում են թե՛ իրենց զավակներին, թե՛ թոռներին: Եվ բոլորը գիտակցում են, որ այդպես չի ստացվի այլևս ապրել: Եվ բոլորն ապրում են…

 

Չեխովի հերոսների մի լավ բնութագրում կա. նրանք երազում են ու զուգահեռաբար շարունակում թեյ խմել (անպայման բալի մուրաբայով), առանց նկատելու, որ նախկին հարմարավետ կյանքն այլևս չկա, փլվել է աննկատ ու անվերադարձ:

Զվյագինցևի ֆիլմի հերոսների կյանքը նույնպես այլևս չի սոսնձվելու: Բոլորը խոսում են երջանիկ լինելու իրենց ջանքերի, հանուն կյանքի նոր էջ բացելու պայքարի մասին, իսկ նրանց շուրջը փլատակներ են՝ հուզական, տրամաբանական, մարդաբանական:

Եվ այդ ամենի գլխավերևում պարտադրող ու ագրեսիվ ինֆորմացիոն ֆոն է՝ ռուսաստանյան քարոզիչ-լրագրողների մարտնչող տեքստերով, ռադիո և հեռուստատեսային լուրերով: Աննկատ բզկտող լրահոսը անընդհատ ներկա է՝ որպես գլխավոր սյուժետային գիծն ուղեկցող ֆրագմենտների հավաքածու:

Շատ նրբանկատ ու դետալներում ճշգրիտ Անդրեյ Զվյագինցևը դեռ չգիտակցված ընտանեկան սարսափն անկասելիորեն կապում է եզրակացություններ չանելու սովորության հետ:

Առաջ գնալու համար անհրաժեշտ է ետ նայել, այլապես սխալների շղթան անընդհատ կրկնվելու է: Այնպես, ինչպես կրկնվում է անպատասխանատու ու հրահրող լրատվական ուղեկցությունը:

Մարդիկ բարեկեցիկ են ու շատ սովորական, սիրում են սելֆի անել հաճելի ու տրամադրող միջավայրերում (խանութներում, ռեստորաններում), լուսանկարում են ուտելիքն ու հրապարակում Ինսթագրամում, դիտում են հեռուստաշոուներ և իրենց կյանքը չեն պատկերացնում առանց հեռուստացույցի:

Այո, նրանք փլատակներ են նաև լրատվական գրոհի պատճառով:

Տեղեկատվական հիստերիայի խտացումը անպայման ու անկասելիորեն հարվածելու է բոլորին: Այդ թվում նաև՝ թվացյալ ամենաամուր ու պաշտպանված օղակին՝ ընտանիքին:

Եվ դա իսկապես, սարսափելի է, անգամ ավելի, քան անեծքի վերածված ամուսնությունը կամ անհետացած որդին:

Ցանկացած լավ արվեստի գործ իր էությամբ քաղաքական է: «Առանց սիրո» ֆիլմում չկան քաղաքական ակնարկներ, որոնք ակնհայտ զուգահեռներով երևում էին ռեժիսորի նախորդ՝ «Լևիաթան», ֆիլմում, որտեղ փորձ էր արվում հասկանալու խեղաթյուրված ու կոռումպացված համակարգի դեմ հայտնված պարզ ու շարքային մարդկանց պատասխանատվության ու ինքնապաշտպանության աստիճանը:

«Առանց սիրո» ֆիլմում չկա որևէ կերպար կամ իրավիճակ, որոնց վրա կարելի է բարդել պատասխանատվությունը: Դժոխքը ներսում է:

Լղոզվել են բոլոր էթիկական ու մարդկային սահմանները: Երեխան մի քանի րոպե կադրում հայտնվելուց հետո կորչում է: Հանդիսատեսը հերոսների հետ միասին փնտրում է տղային (որոնման գործընթացը լարված թրիլեր է), բայց իրականում, բոլորը փնտրում են ելք:

Որոնման օպերատիվ գործողությունները, որոնք կատարում է ոչ թե ոստիկանությունն, այլ ոստիկանության խորհրդով՝ կամավորական միավորումը, կարծես ֆիլմ են ֆիլմի մեջ: Դա ալտերնատիվ մի իրականություն է, երբ մարդիկ հավաքվում են միասին գործելու ու ինքնակամ իրար սատարելու համար:

Թերևս ելքը հենց դա է. գտնել մի կետ, որտեղ հնարավոր է այլընտրանք լինել համատարած «չսիրո» մթնոլորտին: Լինել պետքական, և անգամ եթե սեր չկա, խուսափել անտարբեր լինելուց:

Ֆիլմում չկա ոչ մի կադր, որտեղ երևում է բռնություն կամ ցուցադրվում է դաժան տեսարան: Սարսափելին հենց առօրեականությունն է, ագրեսիա սպառելու և արտահայտելու սովորությունը: Մարդիկ քանդվում են ներսից:

Գլխավոր հերոսուհին հենց ինքը Ռուսաստանն է (համենայնդեպս, հենց այդպես է գրված դերասանուհի Մարյանա Սպիվակի մարզաշապիկի վրա), որը ֆինալային կադրերում դատարկված ու սևեռված հայացքով անթարթ նայում է: Մարզասարքի ժապավենը շարժվում է, կինը վազում է, ձյունը գալիս է, կողքի սենյակից հեռուստացույցով շարունակում է խոսել ռուսաստանյան մեդիա քարոզչության առաջամարտիկ Դմիտրի Կիսիլյովը:

Կիսիլյովը կրքոտ բացատրում է ուկրաինական պատերազմում Ռուսաստանի փրկարար դերի կարևորությունը: Եվ նրան լսում են:

Անդրեյ Զվյագինցևի ֆիլմերում, որոնք բոլորն էլ տարբեր հեղինակավոր փառատոնների հաղթողներ են, չես գտնի ոչ մի ավելորդություն, փնթի մոնտաժ, կիսատ երկխոսություն, պատահական կադր: Եվ այս ֆիլմի իմաստային շղթան էլ պատահական չէ՝ հեռուստացույց, փախուստ, կորուստ, ամայություն:

Նունե Հախվերդյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *