2017.06.20,

Նյուսրում

«Արմենպրեսը» ավտոմատացրել է տնտեսական լուրերը

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ավտոմատացրել է ամեն օր կրկնվող տնտեսական լուրերի տեղադրումը: Այսուհետ ռոբոտներն են թարմացնելու տարադրամի փոխանակման, բորսաների տվյալների, թանկարժեք և գունավոր մետաղների, նավթի գների մասին տեղեկավությունը:

Այս մասին «Թվապատում 2017» կոնֆերանսին հայտնեց «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը:

«Քանակական առումով մեր բովանդակությունը հարստացել է և պատրաստումն արագացել, ինչպես նաև ավտոմատացումն ապահովում է երեք լեզուներով թարգմանություն: Եթե պատկերավոր ասենք, մեկ սեղմումով օրվա համար 21 նյութ է պատրաստվում (յոթ լուր, յուրաքանչյուրը երեք լեզվով), ինչը հսկայական ծավալ է ամբողջ ամսվա և տարվա համար»,-ասում է Անանյանը:

Նրա խոսքով, տնտեսական նորությունների ավտոմատացումը հավելյալ արժեք է ստեղծում խմբագրության և իրենց հաճախորդների համար: Լրագրողներն այսուհետ իրենց ժամանակը կծախսեն ոչ թե այս նորությունների տեղադրման, այլև վերլուծական հոդվածներ, հետաքննություններ, հարցազրույցներ պատրաստելու վրա:

«Ստեղծարար մոտեցումների պահանջ մեդիա սպառողների կողմից միշտ կա, որը ռոբոտները չեն կարող ապահովել: Մենք սա չենք անում, որ լրագրողներին կրճատենք, մենք նրանց համար ազատ ժամանակ ենք ապահովում, որ որակյալ բովանդակություն ստեղծեն»,-նշում է Անանյանը:

Դրական արձագանքներ արդեն կան, ըստ Անանյանի, եթե այս պիլոտային ծրագիրը հաջողեն, հետագայում ավտոմատացնելու են նաև վիճակագրական տվյալների և դրանց համեմատությունների լուսաբանումը, քանի որ մեդիայի ապագան անխուսափելիորեն տանում է դեպի այդ ուղղությամբ:

Նրա խոսքով, մեքենան հնարավորություն է տալիս մեծ թվով տվյալների վերլուծությունը ըստ արտադրատեսակների, տնտեսական ճյուղերի, որը կարող է շատ լավ գործիք դառնալ և՛ լրագրողների, և՛ ներդրողների համար: Տարեկան, եռամսյակային և նման կտրվածքներով համեմատական վերլուծությունները բազմաթիվ հետաքրքիր զարգացումների առիթ կարող են դառնալ:

«Պատմության մեջ տեխնոլոգիաները երբեք այսքան էժան չեն եղել, մենք պարզապես տեխնիկական աշխատանք ենք տարել ալգորիթմների համար: Սա իրականում հայնագործություն չէ, միջազգային շատ լրատվամիջոցներ վաղուց արդեն կիրառում են ավտոմատացման փորձը շուկայում»-նշում է գործակալության տնօրենը, հավելելով, որ տեխնոլոգիաների կիրառումը լավ հնարավորություն է հատկապես փոքր խմբագրությունների համար, որտեղ ռեսուրսները սահմանափակ են:   

 

Գայանե Ասրյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *