2017.06.13,

Նյուսրում

Համայնքային խնդիրները՝ TV-ից ֆեյսբուք և հակառակը

author_posts/gagik-aghbalyan
Գագիկ Աղբալյան
facebook

Լրագրող

Վանաձորի ճանապարհների վատ վիճակը Հայաստանում վաղուց հայտնի է։ Տարիներով անլուծելի թվացող։ Անգամ լրագրողների հրապարակումներն առանձնապես չեն օգնել գործին։ «Լոռի» հեռուստաընկերության աշխատակիցները որոշել են լրագրությանը զուգահեռ օգտագործել սոցիալական ցանցերի հնարավորությունները։

Նրանք համայնքի խնդիրների լուծման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ֆլեշմոբ են սկսել։

Հեռուստաընկերության տնօրեն Նարինե Ավետիսյանը Ֆեյսբուքի վանաձորյան օգտատերերին առաջարկել է կազմակերպված գործել՝ տեղադրել լուսանկարներ կամ տեսանյութեր, մեկնաբանության մեջ անպայման գրելով փողոցի անվանունը կամ հատվածը, տեղադրել #roadsՎանաձոր հեշթեգը, որպեսզի ամբողջ ինֆորմացիան հասանելի և տեսանելի լինի բոլորին:

Օրինակ, Տիգրան Մեծ պողոտայի ասֆալտը կտրտել են փոսալցման նպատակով, բայց արդեն մեկ ամիս է աշխատանքները չեն ավարտվում: Նարինե Ավետիսյանը ներբեռնել է լուսանկարներ, և զուգահեռաբար հեռուստաընկերությունը եթեր է հեռարձակել տեսանյութ:

Ավետիսյանը բացատրում է, թե ինչու է որոշվել խնդիրներին անդրադառնալ ոչ միայն հեռուստաէկրանից, այլև՝ ֆեյսբուքյան գրառումների միջոցով.

«Սա մեր առաջին կազմակերպված ֆլեշմոբն է՝ ուղղված համայնքային խնդիրներին։ Ֆլեշմոբի միջոցով ավելի շատ մարդկանց ենք ներգրավում խնդիրների լուծման պրոցեսին: Բնական է, որ աղբահանության մասին տեսանյութեր պատրաստելիս, չենք կարող բոլոր բակերն այցելել։ Փոխարենը սոցցանցերից օգտվող քաղաքացիներն իրենք են բարձրաձայնում խնդիրների մասին, ձևավորվում է սոցանցերից օգտվելու մշակույթ։ Իսկ երբ հարցին արձագանքում են պատկան մարմինները, մարդը դառնում է մեր երազած քաղաքացին»։

Ըստ Նարինե Ավետիսյանի, սոցցանցերում ակտիվ աշխատանք տանելով՝ հեռուստաընկերությունը նոր հեռուստադիտող է ձեռք բերում։ Ինչպես հայտնի է, «Լոռի»-ն գործում է անալոգային հեռարձակման տիրույթում, թվայնացման լիցենզիա չունի, ինչի արդյունքում լսարանը նվազել է:

«Մենք թեման Ֆեյսբուքից տեղափոխում ենք հեռուստատեսություն, սոցցանցերից մարդիկ գալիս են դեպի մեր լսարան։ Մարդիկ շատ շոյված են, որ իրենք մասնակցում են, իրենց ձայնը լսելի է»,- ասում է Ավետիսյանը։

Վանաձորի բնակիչ, լրագրող Մանե Պապյանը պատմում է, որ Վանաձորի քանդված փողոցների խնդիրը ֆեյսբուքում սկսեց պտտվել մի հետաքրքիր լուսանկարից, որը զետեղել էր իր հայրը՝ Ստեփան Պապյանը:

«Երբ հայրս այս նկարը բարկացած տեղադրեց համացանցում, շատ արագ մի քանի հարյուր տարածում ունեցավ, այդ թվում՝ ոչ միայն Հայաստանում», – ասում է Մանեն:

Մանե Պապյանը կարծում է, որ սոցիալական մեդիայում հայտնված խնդիրները արձագանք են գտնում. «Թեկուզ այն, որ այժմ Վանաձորի քաղաքապետը շատ ակտիվ է ֆեյսբուքում ու հաստատ հետևում է մեր գրառումներին, արդեն կարևոր է»:

Մինչ այս ֆլեշմոբը, Վանաձորի ակտիվ քաղաքացիները, մեծ մասը՝ լրագրողներ, կազմակերպել են մեկ այլ ֆլեշմոբ՝ աղբահանության թեմայով: Այն հաջող արդյունք է ունեցել: Նարինե Ավետիսյանը պատմում է, որ աղբահանությամբ զբաղվող «Լայմ» ընկերությունը նույն օրն արձագանքում էր քաղաքացիների գրառումներին, հրապարակելով նույն տարածքի լուսանկարը՝ արդեն մաքրված վիճակում։

Ճանապարհներին վերաբերող ֆլեշմոբը 4-5 օր է, որ մեկնարկել է: Արձագանքել է Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ ծառայության պետը, տեղեկացնելով, որ կառավարությունը փոսալցումների գումարն արդեն փոխանցել է:

Առաջիկայում «Լոռի»-ի լրագրողները նոր ֆլեշմոբեր են անցկացնելու, բնակչությանը ներգրավելով համայնքային բյուջեի վերահսկման գործընթացին:

 

Գագիկ Աղբալյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *