2017.04.28,

Նյուսրում

Մամուլի ազատության աստիճանը. Հայաստանում ավելի կոշտ գնահատականի էին սպասում

author_posts/anahit-danielyan
Անահիտ Դանիելյան

Լրագրող

Հայաստանում մամուլի ազատությունը հետընթաց է ապրել. «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության գնահատականով՝ աշխարհում մամուլի ազատության վարկանիշային ցանկում Հայաստանը այս տարի զբաղեցնում է 79-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ 5 հորիզոնականով զիջելով դիրքերը:

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ Հայաստանում մամուլը բազմազան է և բևեռացված, համացանցում ծաղկում է հետաքննական լրագրությունը, մինչդեռ հեռարձակվող ԶԼՄ-ներում բազմակարծությունը կաղում է:

Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ միջազգային կազմակերպության գնահատականը մեղմ է։ Նա ավելի ակնհայտ հետընթացի գրանցում էր ակնկալում:

Աշխարհում վերջին տարիներին խոսքի ազատությունը նոր և դժվարին խնդիրների առաջ է կանգնում: Բորիս Նավասարյանի խոսքով` Հայաստանն այդ առումով բացառություն չէ. այստեղ քաղաքական վերնախավի և իրավապահ մարմինների ներկայացուցիչները խոչընդոտում են լրագրողների գործունեությունը նաև ուժի կիրառմամբ, վիրավորական, որոշ դեպքերում ընդգծված դաժան վերաբերմունք են ցուցաբերում նրանց նկատմամբ ու մնում են անպատիժ:

«Անպատժելիությունը դրսևորվում է նաև դատարանների որոշումներում, որոնք իրավապահ մարմինների շատ սահմանափակ թվով ներկայացուցիչներին է վերաբերում: Պատժաչափերն էլ բավականին մեղմ են ու ոչ համաչափ իրենց գործելակերպին»,- ասում է ԵՄԱ-ի ղեկավարը:

Երկրորդ խնդիրը, ըստ Նավասարդյանի, հեռարձակվող լրատվամիջոցների բազմազանության բացակայությունն է, ինչին նպաստել է թվայնացման գործընթացը, որի արդյունքում ամեն մի մարզում թվային հեռարձակմամբ ընդամենը մեկ հեռուստաալիք կա:

Բորիս Նավասարդյանն ասում է, որ ոլորտի զարգացման համար լուրջ խոչընդոտ է անկախ ֆինանսավորման աղբյուրների սակավությունը, ոլորտի զարգացումը խրախուսող պետական քաղաքականության բացակայությունը, ինչպես նաև խնդիրները՝ կապված անկախ արդարադատության ու հիբրիդային ժողովրդավարության, գործադիր իշխանության, այդ թվում՝ իրավապահ մարմինների վերահսկողությունից դուրս գործունեության հետ:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի (ԽԱՊԿ) նախագահ Աշոտ Մելիքյանը նույնպես կարծում է, որ միջազգային կառույցի գնահատականը կարող էր շատ ավելի խիստ լինել, քանի որ իրավիճակն ավելի է վատացել:

«Սարի Թաղում և Խորենացի փողոցում տեղի ունեցածը առաջին զանգվածային դեպքը չէր, երբ լրագրողներն ու օպերատորները ֆիզիկական բռնությունների են ենթարկվում: Նույնը #ElectricYerevan-ի ժամանակ էր: Սա համակարգային բնույթ է կրում, և իշխանությունները, մասնավորապես՝ ուժային կառույցները, փորձում են ճնշել լրագրողի աշխատանքը»,- ասում է նա:

Անդրադառնալով հեռարձակման թվայնացման գործընթացին` Մելիքյանը նշում է, որ մարզային շատ հեռուստաընկերություններ ծանր իրավիճակում են հայտնվել, իսկ իշխանություններն այդպես էլ լուրջ քայլեր չեն ձեռնարկում նրանց խնդիրները լուծելու համար:

ԽԱՊԿ-ի նախագահը գտնում է, որ լրատվամիջոցների գործունեությունը կարգավորող օրենսդրության փոփոխության, ինչպես նաև լրագրողների նկատմամբ իրականացված բռնությունների և մասնագիտական խոչընդոտումների նյութերով քրեական գործերի համարժեք քննության անհրաժեշտություն կա:

«Եթե իշխանությունները լուրջ քայլեր չձեռնարկեն, այդ հետընթացը կարող է շարունակվել»,- ասում է Աշոտ Մելիքյանը:

Լրագրող, «Անի» հետազոտական կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը զեկույցը արդար ու հավասարակշռված է համարում` չնայած նույնպես գտնում է, որ այն կարող էր ավելի կոշտ լինել:

«Մասնավորապես կարող էր ավելի կոշտ բառապաշար օգտագործվել այն վիճակը նկարագրելու համար, որը տեղի ունեցավ 2016թ.-ի ամռանը Սարի Թաղում: Դա ես համարում եմ անկախ Հայաստանի պատմության ամենասև օրերից մեկը, երբ թիրախավորված ծեծում էին որոշ լրագրողների»,- ասում է լրագրողը:

Ինչ վերաբերում է զեկույցի այն հատվածին, թե հեռարձակվող լրատվամիջոցներում բազմակարծությունը կաղում է, Թաթուլ Հակոբյանի կարծիքով` այն ոչ միայն կաղում է, այլ ընդհանրապես բանավեճ չկա:

«Դա հատուկ է արվում, որպեսզի քաղաքական միտքը վերջնականապես մեռնի, որովհետև բանավեճը իշխող կուսակցության ամենամեծ թշնամին է»,- ասում է նա:

Իշխանությունները, ըստ Թաթուլ Հակոբյանի, կարող են հանդուրժել ամեն ինչ, երբ չկա քաղաքական առումով ոչ մի վտանգ, բայց «բավավար է վտանգ զգան, անմիջապես անցնում են հարձակման և ծեծ ու ջարդի»:

«Կարծում եմ, հաջորդ զեկույցում տեղ կգտնի կոշտ գնահատական՝ կապված իշխանությունների կողմից Դանիել Իոանիսյանին թիրախավորելու հետ»,- ասում է Թաթուլ Հակոբյանը:

Լրագրողի կարծիքով` այդ ամենին զուգահեռ Հայաստանը, այնուամենայնիվ, մեկ առավելություն ունի հիբրիդային կամ ավտորիտար երկրների համեմատ՝ համացանցի ազատությունը, ինչը պայմանավորված է ոչ թե իշխանությունների բարի կամքով, այլ համացանցը վերահսկելու անհնարինությամբ:

«Եթե չլիներ հուլիսյան ծեծ ու ջարդը, ապա նահանջ կարող է չլիներ: Սովորաբար եղած խնդիրները միշտ քողարկվում են և փաթեթավորվում, իշխանությունները ամեն կերպ փորձում են ներկայացնել, թե ամեն ինչ լավ է, բայց անցյալ տարի իշխանությունները վտանգ զգացին և, մոռանալով այդ ամենի մասին, ցույց տվեցին իրենց իրական դեմքը»,- ասում է Թաթուլ Հակոբյանը:

Անահիտ Դանիելյան

 


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *