2017.04.26,

Նյուսրում

Մտավոր սեփականության պաշտպանության խնդիրները Հայաստանում

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Ապրիլի 26-ը մտավոր սեփականության պաշտպանության համաշխարհային օրն է: «Մտավոր սեփականության պաշտպանության կարևորությունը Հայաստանի տնտեսության զարգացման համար» Ֆորումի ժամանակ բանախոսներն անդրադարձան մտավոր սեփականության պաշտպանության համար անհրաժեշտ մի շարք գործոնների:

Մասնագիտացած դատարաններ և դատավորներ

«Օրենսդրական դաշտը չի կարող կատարյալ լինել և հասնել համաշխարհային միտումների հետևից: Բայց և այնպես մեզ համար կարևոր է մասնագիտացված դատարանների և դատավորների առկայությունը» ,- ասում է «Մտավոր սեփականության իրավունքի կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Կնյազյանը:

Մտավոր սեփականության գործակալության Հեղինակային և հարակից իրավունքների բաժնի ղեկավար Քրիստինե Համբարյանը պատմում է, որ 2011թ-ից Եվրամիության Թվինինգ ծրագրով իրենք փորձել են սահմանափակ թվով մասնագիտացած դատավորներ պատրաստել որոշ դատարանների համար, սակայն այդպես էլ չի հաջողվել: Սահմանափակվել են միայն սեմինարներով, որին մասնակցել են դատավորներ, հեղինակներ, իրավաբաններ:

Ըստ «ԲիԷսԷյ» միջազգային ընկերության հայաստանյան ներկայացուցիչ Նարինե Մկրտչյանի, մեր երկրի բյուջեն թույլ չի տա նոր դատարան կամ դատարաններ ունենալ, կարելի է պարզապես փոփոխություններ անել դատավարության օրենսգրքում.  «Դատարան դիմողի համար պետք է հայցի ապահովման միջոցներ և ապացույցներ ապահովվեն: Մարդիկ այսօր խուսափում են դիմել դատարան, քանի որ ապացույցների համար նախ պետք է դիմեն ոստիկանություն»:

Մշակույթի ձևավորում

«Սա էլ գողություն, մարդը պետք է հասկանա, որ գողանում է ուրիշի ստեղծած մտավոր գործունեության արդյունքը»,-նշում է ոլորտի փորձագետ Արթուր Վարդերեսյանը:

Սարգիս Կնյազյանը վերջերս է Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում հեղինակային իրավունքի պաշտպանության թեմայով հանդիպում ունեցել միջին դասարանի աշակերտների հետ. «Այնքան շատ էր հարց ու պատասխանը, որ հասկացա՝ երեխաներն ամբողջովին պատկերացնում են խնդիրը, խոսում լուծումների մասին և պետք չէ նրանց նայել մեր ժամանակների հայացքով. նրանք առաջ են իրենց զարգացմամբ, տեղեկացվածությամբ»:

Մտավոր սեփականության գործակալությունը շարունակում է քայլեր ձեռնարկել հասարակության շրջանում իրազեկվածության բարձրացման համար: Բանախոսներն ընդունում են, որ գործընթացը դանդաղում է, սակայն կանգ առնել չեն կարող, քանի որ մարտահրավերները օրեցօր  շատանում են:

«Հայ հեղինակ» հասարակական կազմակերպությունն օգնում է հայ և արտասահմանյան հեղինակներին իրենց աշխատանքի համար ստանալ հոնորարարներ: «Մենք գանձում ենք այդ գումարները և փոխանցում կամ նրանց, կամ նրանց աշխատանքների տարածմամբ զբաղվող կազմակերպությունների հաշվեհամարներին»,-ասում է ՀԿ-ի տնօրեն Սուսաննա Ներսիսյանը և ավելացնում. «մեր հեղինակները պետք է իրենց իրավունքը պայմանագրով հանձնեն միջնորդ օղակի, որը կզբաղվի այդ հարցերով»:

Անձնական տվյալների պաշտպանության խնդիրը

Հայաստանում, օրենսդրական դաշտի անկատարությամբ պայմանավորված,   ծրագրային ծովահենությունը հասնում է  86 տոկոսի: Լայնորեն օգտագործվում են չլիցենզավորված, ապօրինի ծրագրային ապահովումներ, որոնք առաջ են բերում հավելյալ խնդիրներ: Օրինակ, խոցելի են դառնում անձնական տվյալները բանկային, ապահովագրական, առողջապահական այլ համակարգերում:

Microsoft-ի Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի մտավոր սեփականության պաշտպանության բաժնի տնօրեն Լորան  Սիգնորեթը ֆորումի իր ելույթում առանձնացրեց թվայնացման պայմաններում պահվող տեղեկատվության անվտանգության հարցը:

Նրա կարծիքով, ծովահենության արդյունքում Հայաստանը կորցնում է ինտելեկտուալ աշխատուժ, մարդիկ և ընկերությունները հեռանում են, քանի որ իրենց աշխատանքը պաշտպանված չէ: Դրսի կազմակերպությունները ևս խուսափում են այստեղ ներդրումներ անել, նոր ծրագրեր ստեղծել, իսկ outsourcing-ը երկրի տնտեսությունը չի հարստացնում:

«Ընկերությունները մեծ ռիսկ են իրենց վրա վերցնում անձնական տվալները հաստատությունների սերվերների վրա պահելով: Նրանք մեծացնում են հաքերային միջամտությունը, որն արդիական խնդիր է  ոչ միայն Հայաստանի, այլև բազմաթիվ երկրների համար»,-պատմում է ֆորումի բանախոսը:

Կազմակերպությունն իր օգտատերերին օգնելու համար ծրագրային ապահովման  թարմացումներ է տրամադրում վիրուսների, լրտեսության ռիսկերի և այլնի դեմ:

«Հաքերներն ունենում են 140 օր հարձակման համար: Կորուստներն ահռելի կարող են լինել, մոտավոր հաշվարկներով 3 տրիլիոն դոլարի վտանգ կարող է առաջանալ: Մենք ամպային տեխնոլոգիաների միջոցով պահպանում ենք տվյալները»,-ասում է Սիգնորեթը:

Microsoft-ի տվյալներով հաքերային հարձակումներից յուրաքանչյուր տարի տուժում է 600 մլն մարդ:

Գայանե Ասրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *