«Մեդիամարտը» խաղ է, որ ստեղծվել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) կողմից, լրագրությամբ հետաքրքրվողների համար։ Անկախ Հայաստանի մեդիան արդեն ավելի քան քառորդ դարի պատմություն ունի, բայց կոռուպցիայի լուսաբանումը, կոռուպցիայի դեմ նրա պայքարը ավելի շատ հենց խաղի է նման, արդյունավետության տեսանկյունից։
2. Ճաղավանդակներից մեդիա նետված ահազանգեր
Ապրիլի 5-ին «Արմավիր» ՔԿՀ-ում մահացավ դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը։ Նա հանրությանը հայտնի էր դարձել նամակով, որն անցյալ տարվա հուլիսի 7-ին դատարանում փոխանցել, ավելի ճիշտ` նետել էր լրագրողներին։
Նա մանրամասն գրել էր ՔԿՀ-ի նախկին ու ներկա պետերի «կեղտերի» մասին։ Այն մասին, որ ամեն հարկը «ունի իր օպեռն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ, ամեն խուցը տալիս ա 100 հազար օպեռին, 100 հազար ռեժիմնիկին»: Որ «ամեն խուցը շաբաթը 20-30 հազար դրամ փող է տալիս խուզարկություն անողներին և մի հատ էլ սթից փչացած հեռախոս որ ձևի համար տանեն հանձնեն»…
Հրաչյա Գևորգյանը ահազանգել էր, որ լռեցնելու համար իրեն սրսկում են դեղեր, որոնց պատճառով չի կարողանում քայլել ու խոսել, սովամահ են անում, ավելի ուշ բողոքել էր նաև բռնությունից։ Նամակն ու բողոքը որևէ հետևանք չունեցան։ Հիմա արդեն քրեական գործ է հարուցվել, բժշկական անփութության կասկածով, այդ կալանավորի մահվան առթիվ, որը վախենում էր «միայն Աստծուց»։ Ըստ պաշտոնական վարկածի, նա հանկարծամահ է եղել։
Հրաչյա Գևորգյանի դեպքը մեկն է մեդիայում բանտարկյալների մահվան մասին շրջանառող լուրերից։ Հրապարակումները, որոնք մահվան պատճառների մասին բացահայտումներ են պարունակում, անհամեմատ քիչ են։ Բայց, ասենք, «Կալանավորն «ինքնասպան» եղավ ազատվելուց 2 օր առաջ» (Epress.am, 2016, մարտի 28) տեսանյութի վերնագիրն ինքնին խոսում է բնական մահվան վարկածի սահմռկեցուցիչ անտրամաբանականության մասին։
ՔԿՀ-ները վատ համբավ են ունեցել դեռ կոմունիստական վարչակարգի օրոք, ինչպես վկայում է հայ հետսովետական մամուլի արշալույսին «Մունետիկ» շաբաթաթերթում տպագրված «Կողոպուտ փշալարերի հետևում» վերնագրով (1990, #11-12, հեղինակ` Կարլոս Եղիազարյան) հոդվածը. «Եթե ուզում ես վաղաժամկետ ազատվել և միամտորեն հույսդ դրել ես լոկ օրենքով քեզ տրված իրավունքի վրա, ուրեմն այդպես էլ կմնաս` մինչև պատժաչափիդ ավարտը»։
«Ուզո՞ւմ ես պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել, ցնծա…»՝ սա արդեն քառորդ դար անց լույս տեսած նյութ է` կոռուպցիայի այս և բազմաթիվ ուրիշ դրսևորումներ պահպանվել են մինչև այսօր։
«Դատապարտյալի իրավունքների թնջուկը» հոդվածում ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որը շուրջ երեք տարի անցկացրել է տարբեր բանտերում, գրում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի… «պետի պաշտոնը գնահատվում է շուրջ մեկ միլիոն դոլար» («Հայկական ժամանակ», 2010, սեպտեմբերի 28, «Բանտային օրագրից»):
Իսկ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը նույնպես դժբախտություն է ունեցել բանտ ընկնելու, մանրամասն նկարագրում է, թե ինչից է բաղկացած այդ «բիզնեսը», ինչպես են գոյանում գումարները, որոնք կարող են ՔԿՀ պետի պաշտոնի «գինը» թանկացնել մինչև մեկ միլիոն դոլար («Կալանավոր պահելը շահութաբեր գործ է», Epress.am, 2016, ապրիլի 7)։
«Բիզնեսը»՝ «բիզնես», բայց բանը միայն փողը չէ։ Ահա ՔԿՀ վարչակազմի ծառայություններից մեկը, որը մարդկային ճակատագրեր է կործանել։ ՔԿՀ պետի տեղակալը «փաստացի կազմակերպել և իրականացրել է մարմնավաճառությամբ զբաղվող Ալլա Կ.-ի, Լուիզա Չ.-ի և Դիաննա Մ.-ի տեսակցությունը, տվյալ պահին այդպիսի իրավունք չունեցող… դատապարտյալների, այդ թվում՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ծանր իմունային անբավարարություն հիվանդությամբ տառապող դատապարտյալի հետ» («Ձերբակալվել է ՔԿՀ պետի նախկին տեղակալը. նա մարմնավաճառներ է բերել»):
Սովետական տարիներին մարդկանց բանտ էին նստեցնում միայն տարադրամ ունենալու համար, իսկ ահա 2015-ի մարտյան լրահոսը տեղեկացնում է, որ «ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Վարդան Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի մարտի 11-ին՝ ժամը 17:00-ից մինչև 18:00-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները խուզարկություն են կատարել խցում, որից հետո հայտնաբերել է, որ անձնական դարակից անհետացել է իրեն պատկանող 1.000 ԱՄՆ դոլար գումարը»:
Մեր ժամանակների նորությունն է բջջային հեռախոսը, որն իբր արգելված է խցում ունենալ, բայց ողբերգազավեշտական մի դեպք հաստատում է Հրաչյա Գևորգյանի վկայությունը՝ դա ՔԿՀ-ների վարչակազմի համար կաշառքի կայուն աղբյուր է։ Ի թիվս ուրիշ լրատվամիջոցների, «Հրապարակ» օրաթերթը ներկայացրել է, թե ինչ ասել է «Խարդախություն հայկական եղանակով».
«Հրազդան» ՔԿՀ-ի «…դատապարտյալները, Համլետ Ղազարյանի գլխավորությամբ, զանգահարել էին մարզպետների, գյուղապետերի և, ներկայանալով նրանց վերադասի անունից, խոշոր չափի գումարներ շորթել: Խարդախությունը տևել էր մոտ մեկ ամիս, և այդ ընթացքում խումբը բավական մեծ գումարներ էր յուրացրել»։
Գյուղապետ, փոխմարզպետ, մարզպետ… փող են տվել անծանոթ տաքսիստի, ինչ է թե անծանոթ մեկը զանգել-պահանջել է ղեկավարության անունից… Եթե գրված չլիներ Գոգոլի «Ռևիզորը», ես, որպես գրող, չէի դիմանա գայթակղությանը ու վիպակ կամ վեպ կնվիրեի հնարամիտ կալանավորներին և իրենց հիմարության չափ ստրկահաճ պաշտոնյաներին՝ կոռուպցիոն բուրգի հենասյուներին։
Հակառակ պերճախոս փաստերի այս շարքին, մեդիայի հրապարակումների զգալի մասը իրավապահ մարմինների լրատվական ծառայությունների հաղորդագրություններ են` ՔԿՀ-ը մնում է լրագրողների համար դժվարամատչելի, եթե ոչ փակ ոլորտ։ Ըստ Նիկոլ Փաշինյանի, բանտերի վիճակը լուսաբանելու համար «պետք է լինել ներսում», (իսկ դա չի կարող ինքնակամ արվել), մյուս կողմից, լրագրողները երբևէ չեն փորձել ընդդիմադիր այս գործչի ու ԱԺ պատգամավորի ունեցած տվյալներին ծանոթանալ, դրանք «համակարգել»` ընդհուպ մինչև «Լրատուն» ծրագրի համար արված վերոհիշյալ հարցազրույցը։
Հենց այդ հանգամանքը, որ մեդիան հարկ եղածին չափ հետամուտ չէ առկա սուղ տեղեկատվությունը մշակելուն ու հանրայնացնելուն, հիմնական պատճառն է, որ իրավապահ համակարգի կաշառասունության լուսաբանմանը վերաբերող սույն հոդվածում առանձնացվեցին ՔԿՀ-ները։
Իսկ ամբողջ համակարգի իրավիճակի լուսաբանումը կներկայացնի հոդվածի շարունակությունը։
Հոդվածաշարի սկիզբը՝ Ընտրության պատրանք
Վահրամ Մարտիրոսյան
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Լրատուն» մեդիա թանգարան նախագծի ղեկավար
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: