2017.04.04,

Նյուսրում

Բորիս Նավասարդյան. «Եթերում շատ էր մեխանիկական լուսաբանումը»

author_posts/gayane-asryan
Գայանե Ասրյան
facebook

Լրագրող

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի վերջին երկու շաբաթներն ակտիվ էին հեռուստաեթերում: Ըստ Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) միջանկյալ հաշվետվության, օրինակ «Արմենիա» հեռուստաընկերությունը, որը քարոզարշավի առաջին երկու շաբաթներին համեմատաբար պասիվ էր,  վերջին շաբաթվա ընթացքում միանգամից հանրապետական երկու քաղաքական գործչի է եթեր հրավիրել: Ստացվել է, որ «Արմենիա»-ի եթերում ՀՀԿ-ին տրամադրված եթերաժամանակը մի քանի անգամ գերազանցել է մնացած քաղաքական ուժերի եթերը: Այսպես, ՀՀԿ-ն ունեցել է երկու անգամ ավելի շատ լուսաբանում «Ծառուկյան» դաշինքից և 6 անգամ ավելի՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից:

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ներկայացրել է քարոզարշավի վերաբերյալ իր գնահատականները, որոնք հիմնված են եթերի մոնիթորինգի վրա:

ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյան.

«Արմենիան» թեև անհավասարաչափ է տրամադրել իր եթերը տարբեր ուժերի միջև, սակայն լուսաբանումների մեջ ամենաշատն է պահպանել չեզոքություն: Մնացած հեռուստաընկերությունները ևս պետք է կարևորեն չեզոք լուսաբանումն իրենց եթերում: Սխալները լինում են միտումնավոր և ոչ միտումնավոր, ընտրության  մասին ընդհանուր տեսքտի մեջ ընտրվում են հատուկ կադրեր, օրինակ խոսվում է հնացած քաղաքական կերպարների մասին և կադրում ցույց տալիս կոնկրետ թեկնածուի:

Լևոն Տեր-Պետրոսյանի երկու հարցազրույցները պատմական իրողություն էին, Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը հեռուստաընկերության տաղավարում՝ աննախադեպ:

Նախկինում առաջին նախագահը երբեք նման ձևաչափով հանդես չէր եկել անգամ իր նախագահության տարիներին: Նույնը կարելի է ասել Ծառուկյանի մասին, նա միշտ հարցազրույց է տվել՝ իր մոտ հյուրընկալելով լրագրողին: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ հեռուստատեսությունը հասարակության 80 տոկոսի տեղեկատվության հիմնական աղբյուրն է:

Տարածքային ցուցակներում ներառված թեկնածուների համար եթերաժամանակի հավասար իրավունքի պահանջը չի կատարվել, քանի որ ոչ օրենքն է այս հարցը կարգավորում, ոչ էլ հեռուստաընկերությունները փորձեցին բացը լրացնել:

Դե պատկերացրեք ընտրողների մոտ ինչ ազդեցություն է եղել, եթե որևէ թեկնածու լուսաբանվել է, մնացածները՝ ոչ: Մենք այս խնդրի կարգավորման հետ կապված մի քանի տարբերակներ ունենք, որոնք մասին կխոսենք ապրիլի 14-ին:

Խնդիր էր նաև բանավեճի բացակայությունը: Կարծում եմ՝ պետք է օրենք սահմանել և բանավեճի մշակույթն ամրապնդել գոնե հանրային հեռուստաընկերության եթերում:

Եթերում շատ էր մեխանիկական լուսաբանումը, հեռուստաընկերություններն օրենքի պահանջը կատարելու համար իրար տեսանյութեր էին տրամադրում: Որոշ դեպքերում նույն էր նաև տեքստը:

Միանշանակ ընդունում եմ, որ եթերային ժամանակի առումով բալանսավորված լուսաբանում է եղել, սակայն խոսքը չպետք է գնա միայն թվային տվյալների, այլև  բովանդակության մասին: Հավասար հնարավորություններ և հավասարակշռված լուսաբանում պետք է ենթադրվի նաև բովանդակությամբ:

Ներկայացրեց՝ Գայանե Ասրյանը


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *