2011.09.26,

Քննադատ

Ախտորոշում․ ՀՀ ԶԼՄ-ներն իրար չեն սիրում

author_posts/samvel-martirosyan
Սամվել Մարտիրոսյան
twiterfacebook

Մեդիա հետազոտող

Վերջերս նկատե՞լ եք, որ բոլորն ամեն ինչ գիտեն, բայց սպասում են, թե երբ մեկն ու մեկը դրսերից կհաստատի մեր իմացածը։ Wikileaks-ը դրա լավագույն օրինակն է։ Քսան տարի է, ինչ հայկական մամուլը, չվախենալով դեղնելուց, հնարավոր եւ անհնարին կոմպրոմատ է տարածում չինվնիկների, կազմակերպությունների եւ ինչի մասին ուզես։ Բայց հենց նույն բաները հայտնվում են Wikileaks-ում, նոր տպավորություն է ստեղծվում, թե այ հիմա ամեն ինչ ապացուցվել է, քանի որ օտարներն են գրում նույն բանը։

Հիմա էլ հայկական մամուլի հատկանիշի մասին լսեցինք հյուրերից։ Վերջերս Երեւանում էին Yandex – Новости ծրագրի ղեկավարները, ովքեր հայկական ԶԼՄ-ներին   ներկայացնում էին այս գլոբալ լրահավաքի աշխատանքը, կանոնները եւ հատկությունները։ Հաշվի առնելով, որ այդ ծրագրից օրական օգտվում է երկու միլիոնից ավել մարդ, պարզ է, որ լրատվամիջոցների համար կարեւոր է հայտնվել  Yandex – Новости-ի բարձր դիրքերում։

Քննարկման ընթացքում, բնականաբար, հարց առաջացավ՝ կապված հարեւան հանրապետության հետ։ Հասկանալի պատճառներով կարեւոր է, որ երրորդ երկների բնակիչները տարածաշրջանի մասին նորությունները կարդան հայկական մամուլից, ոչ թե ադրբեջանական քարոզչական կայքերից։ Ինչպես փորձն է ցույց տալիս, շատ դեպքերում նույնիսկ հենց Հայաստանի ներքին իրադարձությունների մասին  Yandex – Новости-ի թոփ լուրերում հայտնվում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Եվ հարց ծագեց, թե որոնք են այն հիմնական պայմանները, ըստ որոնց այս կամ այն լրատվամիջոցը կամ առանձին նյութը բարձր քաշ է ստանում եւ հայտնվում է  Yandex – Новости-ի ամենաբարձր դիրքերում։ Հիմնական մի քանի կարեւորագույն չափանիշ կա։

Առաջինը՝ գրառումը պետք է լինի «ունիկալ»։ Կարճ ասած՝ ոչ մեկից վերցրած չլինի։
Երկրորդը՝  Yandex-ը ուշադրություն է դարձնում, թե որքանով է տվյալ ԶԼՄ-ն եւ կոնկրետ լուրը մեջբերվում այլ լրատվամիջոցների կոմից։  Yandex-ն ըստ ծանրության դասակարգում է հետեւյալ հղումներն այլ կայքերի կողմից՝

1. Ակտիվ հղում (hyper-link) կոնկրետ նյութին
2. Ակտիվ հղում հիմնական էջին
3. Հասարակ հղում լրատվամիջոցին, առանց ակտիվ հղման

Եվ պարզվում է այն, ինչն առանց այդ էլ պարզ էր, հիմա Yandex-ն էլ է ասում։ Հայկական մամուլում շատ է, այսպես կոչված, ընդօրինակված նյութերի քանակը, որոնք հղում չունեն բնօրինակին: Հայկական ԶԼՄ-ներն իրար հղում չեն անում, ի հակառակ ադրբեջանական կայքերի, որոնք չեն զլանում իրար վրա հղումներ դնել։ Ավելին՝ մի փոքր ուսումնասիրություն, որը կարելի է անել օգտվելով Գուգլից կամ այլ փնտրող համակարգից, կարող է ցույց տալ, որ հայկական շատ օնլայն ԶԼՄ-ներ ավելի մեծ հաճույքով հղումներ են անում ադրբեջանական եւ թուրքական մամուլին, քան իրենց հայ գործընկերներին։ Բա սենց ինքնամեկուսացումից հետո էլ ի՞նչ ենք ուզում։  

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *