Ապրիլի 2-ին նշանակված ԱԺ ընտրությունների քարոզարշավը շուտով կմեկնարկի: Որքան խմբագրությունը բազմակողմանի ու խորությամբ լուսաբանի ընտրությունները, այնքան կօգնի ընտրողներին գիտակցված ընտրություն կատարել:
Դանիացի լրագրող Հենրիկ Քիթ Հանսենն իր «Ընտրությունների անաչառ և հավասարակշռված լուսաբանում» ձեռնարկում հատկապես կարևոր է համարում պլանավորումը: «Ընտրությունների լուսաբանումը ճիշտ պլանավորելու առաջին քայլը հիմնական նպատակների սահմանումն է»,- գրում է Հանսենը:
Օրինակ 2007թ.-ի նոյեմբերին Դանիայում կայացած ընտրությունների համար Դանիական հեռարձակողների կորպորացիայի լրատվական վարչության նպատակներից են՝
- արտացոլել բոլոր ընտրողների շահերը, ներկա լինել ողջ երկրի տարածքում, լսել բոլոր ընտրողների ձայնը,
- ապահովել, որ ընտրողները լիարժեք պատկերացում կազմեն կուսակցությունների և նրանց թեկնածուների մասին,
- ապահովել, որ քաղաքական անցուդարձի մասին հոդվածները չգերակշռեն՝ քաղաքական գաղափարներին վերաբերող նյութերի համեմատ,
- ապահովել, որ առանձին դեպքերն ավելի չշեշտադրվեն, քան ընդհանուր պատկերը,,
- թեկնածուների հանդեպ շիտակ, բայց և հավասարապես քննադատական վերաբերմունք,
- դյուըմբռնելի ոճով լուսաբանել քաղաքական նախաձեռնությունները, առաջարկություններն ու հայտարարությունները:
Իհարկե հայաստանյան իրականության մեջ նպատակներն այլ կարող են լինել: Այլ են նաև Դանիայում ու Հայաստանում լրագրողական նյութերի պահանջարկը: Սակայն Հանսենը նյութերի ընդհանուր գաղափարների ցանկ է ներկայացնում: Ահա այդ ցանկից այն կետերը, որոնք կիրառելի են նաև Հայաստանում:
- Ի՞նչ է խոստացել անել ներկա կառավարությունը մինչև նախորդ ընտրությունները՝ իշխանության գալու դեպքում և ի՞նչ է իրականում արել, իսկ ի՞նչ չի արել:
- Ներկա կառավարության հաջողություններն ու ձախողումները:
- Որո՞նք են ընտրողներին հուզող հիմնախնդիրներն ընտրությունների շրջանում, և որո՞նք են երկրի առջև ծառացած կարևորագույն խնդիրները:
- Ինչպե՞ս են կուսակցությունները ֆինանսավորում իրենց քարոզարշավը, ո՞վ է վճարում դրա համար:
- Կուսակցությունների և թեկնածուների հայտարարություններում հնչած խոստումների ստուգում:
- Ովքե՞ր են լինելու քարոզարշավի ամենահետաքրքիր թեկնածուները:
- Կուսակցական առաջնորդների դիմանկարներ:
- Կուսակցությունների ռազմավարությունն, ինչպե՞ս են պատրաստվում իշխանության գալ:
- Ինչպիսի վարչակազմ կձևավորի ներկա կառավարությունը կամ հիմնական ընդդիմադիր կուսակցությունը, եթե հաղթի առաջիկա ընտրությունների ժամանակ:
- Կարելի է առանձին-առանձին անդրադաձնալ առաջին անգամ ընտրող քաղաքացիներին, թերահավատներին, չքվեարկողներին, մտավորականներին:
- Առաջին անգամ թեկնածու առաջադրված երիտասարդներին, ինչ կարծիք ունեն առանցքային խնդիրների շուրջ, ինչ ռազմավարություն և այլն:
- Տնտեսական կանխատեսում նոր կառավարության գործունեության առաջին տարվա համար:
- Արտաքին քաղաքական կանխատեսում նոր կառավարության գործունեության առաջին տարվա համար:
- Մասնակցությունն ընտրություններին, համեմատություն այլ երկրների հետ:
- Հարցումներ (վոքսպոպ), ու՞մ եք տալու ձեր ձայնը և ինչո՞ւ: Ո՞րն է կարևորագույն խնդիրը նոր կառավարության համար:
Հանսենի ձեռնարկում նաև ամենօրյա փոքր նյութերի գաղափարներ կան, օրինակ, ընտրարշավի «Օրվա նկարը», «Օրվա մեջբերումը»: Նախընտրական շրջանում ձեռնարկի ընթերցումը կամ վերընթերցումը խմբագիրների համար կարող է պրակտիկ տեսակետից օգտակար լինել:
Գայանե Ասրյան
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: