Անժելա Սարգսյանի լուսանկարները քննարկվեցին ցանցային լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերում, թերթերում, բայց ոչ հեռուստատեսությունում…
Ինչքան ես եմ հիշում Անժելա Սարգսյանինը հայտնիների (celebrity) հետ կապված երրորդ էրոտիկ/պոռնո սկանդալն էր: Առաջինը Շպրոտն էր, երկրորդը Ռազմիկ Ամյանը:
Այս երկուսի վիդեոները տարածվեցին բջջայիններով, քննարկվեցին ֆորումներում եւ օնլայն, բայց այն ժամանակ դեռ Հայաստանում զարգացած չէին Facebook-յան քննարկումները ու դեռ ամեն վեցերորդը Odnoklassniki-ում չէր:
Իսկ այ հիմա ինտերնետ հասանելությունը պատշաճ մակարդակի վրա է: Անժելա Սարգսյանի լուսանկարների պատմությունը ցնցեց ինտերնետը, տեղափոխվեց տպագիր մամուլ, բայց այդպես էլ կարգին չհասավ հեռուստատեսություն:
Ասում են, որ հեռուստասերիալը, որտեղ նկարահանվում է դերասանուհին, սցենարական փոփոխություններ է կրել: Անժելայի իրական պատմությունը դարձել է հեռուստատեսային:
Մեկ էլ հեռուստամեկնաբաններից մեկը օգտագործեց Անժելա Սարգսյանի արդեն հայտնի պատմությունը Սլովակիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպման մրցավարին հայհոյելու համար:
Ես հեռուստացույց այնքան էլ շատ չեմ դիտում: Հեռուստատեսություն դիտող ծանոթ-ընկեր-հարազատներս ասում են, որ լուրերի թողարկումներում Անժելա Սարգսյանի լուսանկարների մասին չի խոսվել, շոու բիզնեսի, հայտնիների (celebrity) մասին հեռուստահաղորդումներում սյուժեներ չեն ցուցադրվել սկանդալի մասին, հարցազրույցներ ու քննարկումներ չեն եղել:
Նկարների թեման շրջանցեց հեռուստատեսությունը: Ինտերնետ չունեցողն ու տպագիր թերթ չկարդացողը տեղյակ չեղավ լուսանկարների սկանդալի մասին: Այս դեպքում, կարծես, գործ ունենք ինքնագրաքննության մի դրսեւորման հետ:
Հայաստանում հեռուստատեսությունը որոշ իրադարձություններ ֆիլտրում է: Ֆիլտրվել կարող է հանրահավաքը, բողոքի ակցիան, սպանությունը… Այս դեպքում պոռնո սկանդալն էր: Կարեւոր չէ: Կարեւորը մեխանիզմը կա ու այն հուսալիորեն գործում է:
Հայաստանում առաջին անգամ նման կարգի պոռնո սկանդալի ականատես եղանք ու եթե դիտարկենք հասարակությանը այս պատմությունը հետաքրքիր լինել-չլինելու տեսակետից, ապա հեռուստատեսային օրակարգում այն տեղ ունի: Լուսանկարների պատմությունը պետք է քննարկվեր ոչ միայն սոցիալական ցանցերում, բլոգներում եւ ցանցային լրատվամիջոցների մեկնաբանություններում, այլ նաեւ հեռուստատեսային եթերում:
Գուցե խոսքը պոռնոգրաֆիա չտարածելու մասին է, բայց մենք խոսում ենք հայաստանյան հեռուստաալիքների մասին, որտեղ լուրերով ցուցադրում են երեխաներին սպանած մոր պատմությունը: Հեռուստատեսություն, որտեղ հեռարձակում են ավտովթարների սյուժեներ ու այդ ընթացքում էթիկական լրագրողական նորմեր են խախտում: Բայց սրան զուգահեռ շրջանցում են սեքս սկանդալը, սոցիալական ցանցերում ամենաշատը քննարկվող լուսանկարների, ցանցային լրատվամիջոցներին այցելություններ բերող շաբաթվա թեմաներից մեկի մասին լռում են: Ինձ համար անհասկանալի է նման հեռուստատեսությունը:
Ու մի քիչ էլ տերմինաբանության մասին: Ցանցային լրատվամիջոցներն ու տպագիր մամուլն անընդհատ օգտագործում էին «մերկ լուսանկարներ» տերմինը: Իրականում դրանք պոռնոգրաֆիկ լուսանկարներ են: Մեղմացնելով տերմինը՝ լրատվամիջոցները, ըստ էության, մոլորեցնում էին ընթերցողին:
Գեղամ Վարդանյան
Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: