«Internews Network»-ի ավագ մեդիա խորհրդատու, Հետաքննական լրագրության գլոբալ ցանցի (GIJN) տնօրենների խորհրդի անդամ Օլեգ Խոմենոկը «Թվապատում հետաքննություն. մեդիան ընդդեմ կոռուպցիայի» կոնֆերանսի ընթացքում ներկայացրեց ուկրաինական փորձն ու այն օգտակար գործիքները, որոնք անհրաժեշտ են հետաքննող լրագրողներին:
Լրագրողների ներքին ազատության ու էթիկայի մասին հարցերին Օլեգ Խոմենոկը պատասխանում է անեկդոտով. «Մի մարդ մի աղջկա առաջարկում է մեկ միլիոն դոլարի դիմաց գիշերն անցկացնել միասին: Աղջիկը համաձայնում է, տղան հարցնում է՝ իսկ հի՞նգ դոլարով: «Ու՞մ տեղն եք ինձ դրել»,- բարկանում է աղջիկը: «Թե ում տեղն եմ դրել, արդեն պարզեցինք, հիմա եկեք գնի շուրջ պայմանավորվենք»: Սովորաբար լրագրողներին ասում եմ՝ եթե համաձայնել եք սպասարկել օլիգարխներին, հարցը, թե ով եք, արդեն արդիական չէ: Արժե հիշել նաև, որ թե՛ առաջին մասնագիտությունում, թե՛ երկրորդում, տարիքի հետ միայն էժանանում եք»:
Օլեգ Խոմենոկը պատմում է, որ ուկրաինացի շատ լրագրողներ հեռանում են հոսքագծի պես աշխատող տաքուկ աշխատատեղերից ու գերադասում անկախ հետաքննություններ կատարել:
Ուկրաինական լրագրողական համայնքը բավականին համերաշխ է թվում:
Իսկ երբևէ հաշվե՞լ եք, թե որքան լրագրողներ կան Հայաստանում: Ուկրաինայի Ժուռնալիստների միությունն ասում է, որ 15 հազար անդամ ունի (ողջ բնակչությունը 45 միլիոն է): Եվ դա մեդիայի ոլորտում աշխատող մարդկանց մոտավորապես կեսն է: Եվ անիմաստ է խոսել համերաշխության մասին:
Մեր գործում ամենակարևոր տարրը վստահությունն է: Միմյանց վստահող լրագրողներն, օրինակ, համախմբվեցին «ՅանուկովիչԼիքս»-ի շուրջ: Նրանք ուժ գտան և գիտակցաբար հրաժարվեցին սեփական հետաքննություննից հօգուտ ընդհանուր շահի:
Լրագրողներն ընդհանրապես փառասեր մարդիկ են և միշտ մրցակցում են, թե ով կգրի առաջինը: Եվ «ՅանուկովիչԼիքս»-ի դեպքում, երբ հայտնաբերվեցին ահռելի քանակի փաստաթղթեր, առաջացավ պայքար՝ գայաթկղվել ու սկսել հրապարակե՞լ նյութերը, թե՞ սկզբից փրկել դրանք ու հանրայնացնել:
Հաղթեց հանրայնացման ցանկությունը:
Որոշ իմաստով դա նաև անվտանգության երաշխիք էր, քանի որ երբ փաստաթղթերը հրապարակվեցին, կարող էինք վստահ լինել, որ մեզ հետ սարսափելի բան տեղի չի ունենա: Ռիսկը հայտնվում է այն ժամանակ, երբ լրագրողը «նստում» է իր գտած տեղեկության վրա ու փաստաթղթից ազատվելու միակ միջոցը դառնում է լրագրողին վերացնելը:
Վերջերս հրապարակված հետազոտությունը փաստեց՝ Հայաստանի բնակչության մեծամասնությունը իմաստ չի տեսնում կոռուպցիայի դեմ պայքարում: Տպավորություն է, որ Ուկրաինայում իրավիճակն ավելի լավ է՝ հետաքննություն էր կատարվում, դատական գործեր են հարուցվում:
Ուկրաինայում էլ է այդպես: Ճիշտ կլինի ասել, որ կոռուպցիոն դեպքերի բացահայտումները ոչ թե լրագրության խնդիրն են, այլ հասարակության՝ փոփոխություններ անելու ցանկության: Բոլոր դեպքերում փոփոխությունները կատարում է հասարակությունը, իսկ լրագրողները միայն կատալիզատորի դեր են կատարում:
Մարդիկ կոռուպցիան ընկալում են որպես նորմալ երևույթ մինչ այն պահը, երբ այն սկսում է հարվածել ուղիղ նրանց գրպանին: Ընդ որում՝ դրանք կարող են լինել թե՛ կենցաղային կաշառքի դեպքերը, թե՛ պետական մակարդակի չարաշահումները, երբ ակնհայտ է դառնում, թե ինչպես են մի խումբ մարդիկ յուրացնում պետական փողերը:
Եվ այս իրավիճակում մեդիայի գործառույթը ոչ թե կաշառակերի ձեռքից բռնելն ու բանտ ուղարկելն է, այլ նպաստելը, որ փոխվի հանրային գիտակցությունը: Մարդիկ, կարդալով լրագրողական հետաքննությունները, պետք է ընդունեն, որ ամեն ինչ իրենց ձեռքերում է, քանի որ գողացված փողերն իրենց են պատկանում:
Մեր լրագրողներին հուսահատեցնում է, որ իրենց հետաքննություններն արդյունքի չեն հասնում:
Հարկավոր է ուժ գործադրել և շարունակել հետևողականորեն աշխատել: Հայաստանում կա «Հետք»-ը, ինչը քիչ չէ: Մեզ մոտ էլ մի քանի տարի առաջ լուրջ հետաքննական լրագրությամբ զբաղվում էր ընդամենը մեկ լրատվամիջոց:
Լրագրողներն իրականում կանգնած են մի պատի առջև, որը դիմադրում է: Նույնիսկ եթե հետաքննող լրագրողները տեսանելի արդյունքների չեն հասնում, միևնույն է, պետք է շարունակեն անել իրենց գործն ու պատմել այն մասին, թե ինչ է կատարվում իրականում:
Մեր դերը պատմելն է, իսկ թե ում պատժեցին, բանտարկեցին և ում ունեցվածքը բռնագրավեցին, արդեն երկրորդական է: Դա մեր կռիվը չէ:
Լրագրողը պատմում է, որ հետաքննության հերոսին չբանտարկեցին, երկու տարի հետո նորից է պատմում՝ ասելով, որ նրան կրկին չբանկատրկեցին: Այո, դա դժվար ու հաճախ անշնորհակալ աշխատանք է, բայց միայն այդպես՝ կարծր պատի մի կետին անընդհատ հարվածելով, հնարավոր է հասնել արդյունքի:
Լրագրողի մոտիվացիային ոչ թե անձնական, այլ հանրօգուտ գործն է: Փոփոխությունները միշտ էլ սկզբից տեղի են ունենում մարդկանց ուղեղներում և երբեք օդից չեն ընկնում որպես նվեր:
Եվ թող պատրանք չստեղծվի, թե Ուկրաինայում ամեն ինչ շատ լավ է: Մենք ունենք 700 հեռուստաալիք, որոնց շարքում անկախ ալիքներ չկան: Այսինքն՝ բոլորը գործնականորեն բաժին են հասել տարբեր կուսակցություններին, օլիգարխներին, քաղաքական ու ֆինանսական խմբերին:
Իսկ լուրջ հետաքննական լրագրությամբ զբաղվում է մոտավորապես 10-20 լրագրող: Բայց հիմա սկսվել է ինստիտուցիոնալիզացիայի գործընթացը, հիմնվում են հետաքննական կենտրոններ, որոնք հասարակական կազմակերպության կարգավիճակ ունեն ու միավորում են այն մարդկանց, որոնց համար օլիգարխիկ մեդիայում աշխատանքը կոկորդին է հասել:
Շատերը պարզապես զզվել են: Եվ երբ գլխավոր խմբագիրն ասում է, թե ինչի մասին պիտի գրեն, իսկ ինչի մասին՝ ոչ, նրանք ուղղակի թքում են այդ գործի վրա ու հեռանում: Սկզբում հեռացան մի քանի լրագրողներ և մեծ քաղաքներում բացեցին իրենց տեղեկատվական գործակալություններն ու սկսեցին զբաղվել հետաքննությամբ: Ձեր «Հետք»-ի նման հիմա մոտավորապես 10 կենտրոն կա Ուկրաինայում:
Ոչ հաճելի, բայց փող բերող գործից հրաժարվելու համար կամք է հարկավոր:
Իհարկե, հարկավոր է: Բայց ուրիշ ի՞նչ անել: Նստել, սպասել, որ օրերից մի օր լավ կլինի՞: Չի լինի…
Ժողովուրդը սպասում է, որ կառավարությունը փոփոխություններ կանի, լրագրողները նույնպես, բայց որքա՞ն սպասել: Ի վերջո, ուկրաինացի լրագրողներից ոմանք հեռացան՝ հասկանալով, որ կզրկվեն փողից, բայց այլևս չէին կարող մնալ: Պրոֆեսիոնալ և բանիմաց մարդիկ միշտ էլ գործ կգտնեն, չի լինում այնպես, որ լավ լրագրողը երկար ժամանակ գործազուրկ մնա:
Վիճելի է, քանի որ հայաստանցի լրագրողները վախենում են հայտնվել տարբեր լրատվամիջոցների սև ցուցակներում:
Իհարկե, Ուկրաինան ավելի մեծ է, քան Հայաստանը, բայց մի մոռացեք, որ կան միջազգային լրատվամիջոցներ, որոնք հաստատ սև ցուցակներ չունեն: Իսկ եթե խոսքը օլիգարխներին սպասարկող լրատվամիջոցների սև ցուցակների մասին է, ապա լրագրողները միայն պետք է շնորհակալ լինեն: Դա նման է շքանշան ստանալուն: Ես, օրինակ, անցանկալի անձ եմ Ռուսաստանում և Բելառուսում, և իմ մուտքն այդ երկրներ հինգ տարով արգելված է: Ուզում եմ ասել, որ եթե ձեզ չեն վերցնում այն մեդիայի աշխատակազմ, որը ձեզ օգտագործում է, դա իրականում պարգև է:
Կարծում եմ՝ Հայաստանի մեդիա լանդշաֆտը շատ քիչ է տարբերվում ուկրաինականից: Խնդիրները նույնն են:
Իսկ վտանգե՞րը: Մենք, օրինակ, դժգոհ ենք, որ տեղեկատվական աղմուկն է շատ:
Մարդիկ հեռանում եմ հեռուստատեսությունից և դադարում դիտարկել այն որպես տեղեկատվություն ստանալու առաջնային աղբյուր: Մեծ հաշվով՝ հանուն լսարանի ուշադրության ու վերահսկողության մղվող պատերազմը տեղափոխվել է համացանց:
Արդյունքում մեդիայի և լրագրության հանդեպ վստահությունը սասանվել է: Եվ այն տեղեկատվական պատերազմները, որոնց ականատեսն ենք դառնում ողջ աշխարհում, իրականում մեդիան չի նախաձեռնում: Ավելին՝ տեղեկատվական պատերազմների նպատակը հենց մեդիան վարկաբեկելն է, ցույց տալը, որ մեդիան տեղեկատվության պրոֆեսիոնալ կրող չէ:
Այս մեծ տեղեկատվական հոսքի մեջ բարդ է տարբերակել, թե որն է լավը, որը՝ վատ: Այն նման է հսկայական գետի, որի մեջ կողք կողքի լողում են թե՛ թրիքը, թե՛ ծառից ընկած խնձորները: Եվ այն հարցը, թե ինչ կորսաս (թրի՞ք, թե՞ խնձոր) առաջին հերթին կախված է գիտակցումից, թե ինչ ես ուզում որսալ:
Մինչև չգիտակցես, ասելու ես, որ գետում ոչ մի լավ բան չկա: Կամ էլ՝ մեղավորը գետն է:
Հարցազրույցը՝ Նունե Հախվերդյանի
Լուսանկարները՝ Սոնա Քոչարյանի
Մեկնաբանել
Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:
Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն: