2016.11.30,

Քննադատ

«Հատակին 2-3 օր նստած ձյունը», «Ազատությու՛ն Ռոբերտ դե Նիրոյին» կամ ո՞րն է հեռուստալրագրության նվազագույն շեմը Հայաստանում

author_posts/vahram-martirosyan
Վահրամ Մարտիրոսյան
facebook

Գրող, կինոդրամատուրգ

Հեռուստաընկերությունները Հայաստանում հիմնականում ունեն միանման ժանրային ուղղվածության ծրագրեր, կարծես թե միայն «Շողակաթն» է, որ տարբերվում է մյուսներից կրոնական թեմաներով հաղորդումների գերակշռությամբ։

Վիճակագրական տվյալների բացակայության պատճառով դժվար է ասել, թե ինչ վարկանիշ ունեն առավոտյան հաղորդումները, որ ունեն շատ հեռուստաընկերություններ, բայց ATV-ի «iԱՌԱՎՈՏ» ծրագիրը նայելով՝ տպավորություն ստացա, որ այն եթեր հեռարձակողների համար միևնույն է` իրենք լսարան ունեն, թե ոչ։

Առաջին բանը, որ աչք… ավելի ճիշտ՝ ականջ է ծակում, հաղորդմանը հնչող հայերենի որակն է։ Խոսքը բնավ գրական կամ խոսակցական հայերենի մասին չէ, այլ բառերն ըստ իրենց իմաստի կիրառելու կամ նախադասություններով բովանդակալից միտք արտահայտելու։

Հաղորդավար Հովհաննես Թովմասյանը, դիցուք, հույս ունի, որ այս տարի ձյունը «էսպես գոնե մի քանի օր հատակի վրա դեռևս կմնա և երեխաները կզվարճանան ձնագնդիկ խաղալով»։ Հավանական է, որ հաղորդավարը ռուսական կրթություն ունի կամ ավելի լավ գիտի ռուսերեն, քան հայերեն` նա Մեծ Բրիտանիայի փոխարեն ասում է Վելիկոբրիտանիա, Շվեդիայի փոխարեն Շվեցիա և այլն, բայց արդյոք նրա համար ընդունելի կլիներ, եթե որևէ մեկը ռուսերեն հաղորդում վարելիս ասեր` «снег несколько дней пролежал на полу»։

Հաղորդավարուհին (Անի Խաչիկյան) ամենայն հավանականությամբ տաղավարում է ծանոթանում այն բազմապիսի տեղեկատվությանը, որը փոխանցում է հեռուստադիտողին։ «Միացյալ Նահանգների գործող նախագահ Բարաք Օբաման իր վերջին պաշտոնական… պաշտոնակության օրոք իր վերջին շնորհն է ազատության տվել, շնորհել երգարվեստի, կինոարվեստի և այլ ոլորտների ներկայացուցիչներին։ Դրանց մեջ են Ռոբերտ դե Նիրոն, Ռոբերտ»… Ի՞նչ ազատություն է շնորհել Օբաման դե Նիրոյին այդպես էլ մնում է անհասկանալի։

Եթե այս հաղորդումը միակը լիներ վրիպումներով ու սխալներով, հազիվ թե իմաստ կունենար դրանց անդրադառնալ։ Բայց ամեն անգամ, երբ ալիքները փոխելիս հանդիպել եմ «iԱՌԱՎՈՏ»-ին, պատկերը եղել է նույնը…

Գումարվել են հարցազրույց վարելու արհեստավարժության պակասի օրինակները, երբ հաղորդման հյուրերին տրվում են պարզունակ հարցեր, իսկ հյուրի ասելիքի մեջ չեն տարբերակվում առաջնայինն ու երկրորդականը։ Ինչպես նաև այն, որ հաղորդավարները շարունակաբար կենցաղային իմաստությունների մակարդակով` «պարզապես հարկավոր է թարգել այդ վատ սովորությունը և վերջ» կարգի արտահայտություններով են մեկնաբանում մատուցվող տեղեկատվությունը։

Այսինքն` չի զգացվում, որ հեռուստաընկերությունում աշխատում են հաղորդավարների լեզվական իմացությունը բարելավելու, լրագրողական հմտություններ մշակելու ուղղությամբ։

Ավելացնեմ, որ «iԱՌԱՎՈՏ»-ի հաղորդավարի դիմաց դրված է գինի, ինչը առավոտյան հաղորդմանը հարիր խմիչք չէ, և երկու հաղորդավարների դիմաց նաև անձեռոցիկներ են դրված, որ նույնպես սովորական առարկաներ չեն հեռուստատաղավարում` հավանաբար դրանք կոչված են ծածկելու համակարգիչների մակնիշը։

Թվում է՝ մրցակցությունը պետք է ստիպեր, որ Հայաստանի ոչ սակավաթիվ հեռուստաընկերությունները եթեր հեռարձակեին որակյալ հաղորդումներ։ Բայց ըստ ամենայնի՝ գովազդատուների կախվածությունը իշխանությունից և հեռուստատեսային հաճախականությունները բաշխելիս տարիներ շարունակ թույլ տրվող կամայականությունը հանգեցրել են նրան, որ բոլորին ձեռք է տալիս հավասար սիրողականությունը։

Իսկ ինչ կպատահի հեռուստադիտողի հետ այդ հաղորդումները նայելիս՝ ոչ մեկին չի հետաքրքրում, միևնույն է, նա «թարգում է հեռուստացույց նայելն ու վերջ»։

Վահրամ Մարտիրոսյան

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *