2016.09.22,

Նյուսրում

«Էլեկտրիկ Երևանի» լրագրողները. դատավարություն, հայցադիմում ՄԻԵԴ և օրենքի «բացը»

Դատավարություն

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում սեպտեմբերի 24-ին նշանակված է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը պաշտոնեական դիրքն օգտագործելով խոչընդոտելու մեջ մեղադրվող 4 ոստիկանների՝ Տաճատ Նորատունկյանի, Արթուր Այվազյանի, Կոստան Բուդաղյանի և Դավիթ Փերիխանյանի դատավարությունը: Փերիխանյանը մեղադրվում է նաև գույքը դիտավորությամբ վնասելու մեջ. չբացակայելու ստորագրություն է վերցվել նրանից:

Վիճարկվող միջադեպերը լրագրողների դեմ տեղի են ունեցել 2015թ. հունիսի 23-ի գիշերը Երևանում, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի շարունակական ցույցերը («Էլեկտրիկ Երևան») ցրելու՝ ոստիկանական գործողության ժամանակ:

Վիճարկվող միջադեպի ժամանակ Դավիթ Փերիխանյանը եղել է ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասի հրթիռահրետանային սպառազինության ծառայության պետը, փոխգնդապետ Կոստան Բուդաղյանը՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակակետային ծառայության ոստիկանության գնդի ծառայության ավագ տեսուչը, կապիտան Տաճատ Նորատունկյանը և Արթուր Այվազյանը՝ նրա ծառայակիցները: ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի քննիչը դատախազի հաստատմամբ որոշում է կայացրել՝ ոստիկանության այս ծառայողների պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության մարմինը (ՀՔԾ) պնդում է, որ 2015թ. հունիսի 23-ին Երևանի Ազատության հրապարակում նրանք՝ խոչընդոտելով մասնագիտական օրինական աշխատանքը, ապօրինաբար բերման են ենթարկել «Ֆոտոլուրի» թղթակից Հայկ Բադալյանին, խոչընդոտել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության, «Ուտոպիանայի» ACTV առցանց հեռուստաընկերության և «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Խաչատուր Եսայանի, Աշոտ Բոյաջյանի և Արթուր Պապյանի մասնագիտական օրինական գործունեությունը:

Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը պաշտոնեական դիրքն օգտագործելով խոչընդոտելու համար ՀՀ Քրեական օրենսգիրքը նախատեսում է 400 հազ. -700 հազ. դրամի տուգանք կամ մինչև 3 տարվա ազատազրկում: Օրենսգիրքը թույլ է տալիս նաև մինչև 3 տարով պաշտոնազրկել տվյալ անձին:

Ինչ վերաբերում է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելուն, Օրենսգիրքը նախատեսում է 50 հազ.- 100 հազ. դրամի տուգանք կամ մինչև 2 ամսվա կալանք կամ մինչև 2 տարվա ազատազրկում: Ըստ նախաքննության նյութերի, Դավիթ Փերիխանյանը վնասել է Աշոտ Բոյաջյանի մոտ եղած Canon թվային ֆոտոխցիկը (485 հազ. դրամի գույքային վնաս) և Արթուր Պապյանի մոտ եղած Samsung /Galaxy բջջային հեռախոսը (երկու դեպքում էլ սարքը գործատուի սեփականությունն է եղել):

«Ազատություն» ռադիոկայանի ինտերնետային լրագրող Արթուր Պապյանը Media.am-ին փոխանցեց, որ ոստիկանությունը հետագայում վերադարձրել է կոտրված բջջային հեռախոսը, ինչպես նաև փոխհատուցել նույնանման նոր հեռախոսով: Հարցին, թե պատասխանատվության ո՛ր չափը համարժեք կհամարեր իր հետ տեղի ունեցածին, Պապյանը պատասխանեց. «Գնահատականներ չեմ ուզում տալ, որովհետև դա իմ գործը չի, ամեն դեպքում, դրա համար կա դատարան, կա Քրեական օրենսգիրք, իրավասուները թող որոշեն»:

Արդյո՞ք քննչական գործողություններն իր հետ ակտիվացել են միայն մոտ մեկ տարի անց՝ Երևանի Սարի Թաղում լրագրողների դեմ բռնությունների առիթով նախագահ Սերժ Սարգսյանի ներողությունից հետո: Պապյանի փոխանցմամբ, քննչական գործողությունների իրեն հրավիրել են պարբերաբար, թե՛ Սարի Թաղի իրադարձություններից առաջ, թե՛ հետո: Փերիխանյանի հետ ճանաչման գործողությունն, ամեն դեպքում, տեղի է ունեցել այդ միջադեպերից հետո:
 

Հայցադիմում՝ ՄԻԵԴ

«Էլեկտրիկ Երևան» ցույցերին տեղի ունեցած բռնությունների և լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, գույքը վնասելու մայր գործով տուժող ճանաչված լրագրող Հակոբ Կարապետյանը և ևս մեկ լրագրող պատրաստվում են իրենց հանդեպ իրավախախտումները վիճարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, մեկ այլ լրագրող՝ ՄԱԿ-ի դատարանում. «Մենք այդ գործընթացը սկսել ենք անցած տարվա վերջերին, բայց որոշակի տեխնիկական անճշտությունների պատճառով հայցը չի ընդունվել: Այս պահին պատրաստվում ենք երկրորդ անգամ դիմել: Հույս ունեմ, որ սա կանխարգելիչ նախադեպ կդառնա, և լրագրողի նկատմամբ բռնություն գործադրողը կամ նրա աշխատանքը խոչընդոտողը համարժեք պատասխանատվության կենթարկվի, լինի՝ ոստիկան, թե ոչ»:

Կարապետյանը Media.am-ին պատմեց, որ 2015թ. հունիսի 23-ի գիշերը, երբ ֆոտոխցիկով ամրագրում էր «Էլեկտրիկ Երևան» ցույցի մասնակիցների և լրագրողների դեմ բռնությունները, Ազատության հրապարակում ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը կարգադրել է իր խցիկի հիշողության քարտը (չիփը) հանել, խցիկը վերադարձնել: Քարտը հասցրել էր գրպանը դնել, բայց նկատել էին, վերցրին. «Խցիկը վերադարձրին, հեռացա… Նույն երեկոյան, երբ փակված պողոտայում հարցրի՝ ե՞րբ եք վերադարձնելու լրագրողների գույքը և մասնավորապես իմ չիփը, Հունան Պողոսյանն ասաց՝ ձեր չիփը ոչ ոք չի վերցրել, դուք շփոթում եք»:

Կարապետյանն ասում է, որ ծառայողական քննության շրջանակում իրեն հրավիրել են ոստիկանություն, առաջարկել, այսպես ասած՝ ներքին կարգով, վերադարձնել իր քարտը՝ դատական պայքարը չշարունակելու դիմաց. «Բնականաբար, հրաժարվեցի այդ տարբերակից: 2-3 հազար դրամանոց չիփը, իհարկե, հիմա արդեն երկրորդական է, որովհետև վստահ եմ, որ միջի ինֆորմացիան ջնջված է լինելու, ինչպես մյուս լրագրողների դեպքում է եղել»:

 

Օրենքի բացը

Տարբեր ժամանակներում նույնանման իրավիճակներում տուժած լրագրողների պատմածներից մի շատ կարևոր օղակ մենք միշտ աչքաթող ենք անում. լրագրողական արձանագրված նյութի (տեսողական կամ ձայնային փաստի) արժեքը:

Բոլոր նման դեպքերում, ակնհայտ է, որ լրագրողի մասնագիտական օրինական աշխատանքը խոչընդոտում են մեկ նպատակով՝ ամրագրված տեղեկատվությունը խլելու, վերացնելու համար: Թող ներվի, սակայն տվյալ դեպքում արարքի հեղինակի նպատակը ոչ այնքան լրագրողն է, որքան նրա ամրագրածը: Եվ պետք է որ այդ պահին լրագրողի և նրա լրատվամիջոցի համար էլ այդ նյութի արժեքը խիստ բարձր լինի (թե՛ մասնագիտական, թե՛ բիզնես տեսանկյունից): Ավելին, այդ նյութի արժեքը կարող է անգնահատելի լինել ամբողջ հասարակության համար:

Սակայն ՀՀ Քրեական օրենսգիրքն այս պահը չի մասնավորեցնում ո՛չ Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը հոդվածում (հոդված 164), ո՛չ Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը հոդվածում (հոդված 185): Մինչդեռ փորձը ցույց է տալիս, որ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունն ամենահաճախը Հայաստանում խոչընդոտվել է ոչ այնքան լրագրողին ծեծելով, որքան նրա ամրագրած տեղեկության կրիչը խլելով կամ վնասելով: Գուցե ժամանա՞կն է, որ Օրենսգրքում հավասարության նշան չդրվի ցանկացած գույք ոչնչացնելու և լրագրողի վավերացրած տեղեկությունը ոչնչացնելու միջև:

Ռուզան Խաչատրյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *