2016.09.01,

Նյուսրում

Հանրային հեռուստաընկերության արխիվը հանրայնացվում է

author_posts/nune-hakhverdyan
Նունե Հախվերդյան
twiter

Լրագրող, արվեստի քննադատ

Ցանկացած արխիվային նյութ արժեքավոր է, քանի որ օգնում է վերականգնել անցյալն ու անցյալի հետքերը կրող ազգագրությունը: Անգամ եթե որևէ լուսանկար կամ տեսագրություն կարելի է համարել անցողիկ ու ուշադրությանը ոչ արժանի, այն, միևնույն է, իր մեջ պարունակում է այն տարրերն ու դրվագները, որոնք թույլ են տալիս դետալի մեջ տեսնել ամբողջականը:

Ասենք՝ կենցաղի, հագուկապի կամ ֆոնային հարթության շնորհիվ ապահովել անցյալի իսկությունը: Տեսնել մարդուն ու միջավայրը: Ավելի ճիշտ՝ տեսնել տարբեր մարդկանց ու տարբեր միջավայրերը. իրական կամ խմբագրված ու օսլայված (ինչպես ընդունված էր սովետական դարաշրջանում):

Ամենածավալուն ու դեռ ամբողջովին չուսումնասիրված արխիվը այն նյութերն են, որոնք ժամանակին եթեր են հեռարձակվել հայկական միակ հեռուստաալիքով (որի ժառանգն այսօր Հանրային հեռուստաընկերությունն է), իսկ հետո դրվել պահեստային դարակներում՝ առանց օգտագործման ու, մեծ հաշվով, ուշադրության:

Հեռուստատեսությունը օպերատիվ մեդիա է, որը թողարկում է նյութեր ու հենց հաջորդ օրը արխիվացնում դրանք: Այդ նյութերը շատ արագ ու հեշտ կարող են փչանալ, անգործ նիրհել կամ կորել: Մանավանդ, երբ սրընթաց տեխնիկական քայլեր են կատարվում և արագ փոխվուն են կրիչների պահպանման ձևաչափերը՝մաշվելով բարոյապես և ֆիզիկապես:

1990-ականներին, երբ անցում կատարվեց հին համակարգից դեպի նորը, ու կենսական պայմանները դարձան էքստրեմալ (ջեռուցում ու օդափոխություն չկար), արխիվային տեսագրությունները անտեսվեցին: Բացի այդ՝ շատ նյութեր անհետացան:

Հանրային հեռուստաընկերության արխիվի կառավարման ծառայության ղեկավար Սերգեյ Տոնոյանը պատմում է. «Երբ դասակարգման ընթացքում տեսնում ենք, որ արժեքավոր նյութեր են անհետացել, փորձում ենք դրանց հետքը գտնել ու, ի վերջո, ներառել մեր արխիվում»:

Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը media.am-ին տված հարցազրույցում ասել էր. «Շատ բան արխիվից կորել է ոչ թե դավադրությունների, այլ անփույթ մոտեցման պատճառով: Ժապավենները ֆիզիկապես մաշվել են՝ տարիներ շարունակ գտնվելով անհրաժեշտ պայմաններ չունեցող պահեստներում կամ նկուղներում»:

1970-ականներին հեռուստատեսությունն արդեն վիդեո կրիչներ էր օգտագործում, իսկ մինչ այդ սովետահայ իրականությունը վավերացվում էր կինոժապավենների վրա, որոնք հատուկ խնամքի կարիք ունեն: Ժապավենը հզոր, բայց և փխրուն նյութ է:

Եվ հենց կինոժապավեններն էլ պարունակում են ամենաուշագրավ ինֆորմացիան, թեկուզ միայն այն բանի շնորհիվ, որ ամենահեռավորն են տեսագրված ժամանակի շղթայում:

Հանրային հեռուստաընկերության արխիվում պահվող ամենահին նյութերը ֆիլմերն են, որոնք ստեղծվել են դեռ Սովետական կարգերի հաստատման արշալույսին՝ 1920-30թթ: Եվ տարեգրությունները, որոնք ամեն տարի արխիվացվում էին ԽՍՀՄ-ում:

Տասնամյակներ շարունակ հեռուստատեսային արխիվը, մնալով անհասանելի ու անմատչելի որպես ամբողջություն (թե՛ մարդկային որոշումների, թե՛ տեխնիկական պատճառներով), կարծես ինքն իրեն զմռսել էր ու մնացել հին տեխնոլոգիաների ու ժամանակի գերին:

Սերգեյ Տոնոյանը պատմում է, որ Հանրային հեռուստաընկերության արխիվի վերականգնմանն ուղղված աշխատանքները մեկնարկել են շուրջ երկու տարի առաջ գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանի նախաձեռնությամբ: Այժմ գործընթացով զբաղվում է 6-7–հոգանոց թիմ։ Նախատեսվում է կառուցել մեծ համակարգ՝ լաբորատորիայով ու էլեկտրոնային ֆիլմադարանով:

«Մեր վերջնական նպատակը ողջ հեռուստաարխիվը հանրային դարձնելն է, այսինքն անել այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա ինտերնետում որոնել, գտնել ու ի վերջո, ծանոթանալ իր ուզած արխիվային նյութերին»,- ասում է արխիվի կառավարման ծառայության ղեկավարը:

Կանխատեսել, թե երբ նյութերը պատրաստ կլինեն իրենց տեղը գտնելու թվային աշխարհում, բարդ է: «Արխիվային նյութերի վերականգնումը միայն թվայնացումը չէ (որը համեմատաբար կարճ պրոցես է), նախնական ահռելի աշխատանք է պահանջվում անալոգները՝ ժապավենները վերականգելու համար՝ փափկեցնելու, բորբոսը հեռացնելու և այլն»,- ասում է Սերգեյ Տոնոյանը:

Մեկ տարի առաջ Հանրային հեռուստաընկերությունը Ճապոնիայի կառավարության հետ նախաձեռնել է ծրագիր, որը ենթադրում է մասնագետների վերապատրաստում և տեխնիկական աջակցություն:

Արխիվային նյութերը քայլ առ քայլ ինտերնետում չեն հրապարակվի: «Դա հնարավոր չէ, քանի որ սերվերային լուրջ ռեսուրսներ են պահանջվում: Այն նյութերը, որոնք արդեն թվայնացված են, ենթակա չեն հրապարկման իրենց ոչ անհրաժեշտ որակի պատճառով: Հիմա հեռուստատեսությունն անցնում է HD որակի, իսկ արխիվային նյութերն այդ պահանջին չեն բավարարում: Բացի այդ՝ պետք է ստեղծել նյութերի մետատվյալների բազա, այսինքն՝ նկարագրել դրանք ու բանալի-բառեր նշել (վայրը, իրավիճակը, ժամանակը, մարդիկ և այլն), որպեսզի արխիվը որոնելի դառնա»,- ասում է Սերգեյ Տոնոյանը:

Նա նշում է, որ պետք է ստանալ այնպիսի որակ, որպեսզի արխիվային նյութերը պիտանի լինեն եթերում օգտագործման համար: «Արխիվում կարելի է իրական գանձեր գտնել»,- ավելացնում է նա:

Չսրբագրված արխիվն ընդհանրապես ամենահետաքրքիր վայրն է պեղումներ կատարելու համար: Փաստաթուղթը միայն փաստ ու թուղթ չէ, այն նաև այսօրը ճիշտ հասկանալու միջոց է: Ընդ որում՝ հասկանալու թե՛ անդառնալի սխալները, թե՛ բաց թողնված հնարավորությունները, թե՛ առաջ շարժվելու շարժառիթները:

Նունե Հախվերդյան


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *