2016.09.12,

vox populi

Քրիստինե Սոլոյան. «Ես եմ մեդիան»

Ես հայաստանցի եմ ու արդեն քսանհինգ տարի է՝ չեմ կարողանում անկախություն ձեռք բերել։ Ես հիվանդացած եմ արդարությամբ ու դրա համար ինձ ոմանք չեն սիրում։ Բարև Ձեզ, ես մեդիան եմ։

Ես տեղեկատվության հոսքի ծնունդ եմ, բայց ողնաշարս տրամաբանությունն է։ Նախընտրում եմ արագությունը բարձրությանը, սիրում եմ ռիսկի դիմել, փորձարկել, վտանգել կյանքս, բայց ոչ սխալվել։ Ես վախենում եմ անգրագիտությունից ու փողից (դրա ցանկացած դրսևորումից)։ Ես կարող եմ վտանգավոր լինել․մի շեշտադրության, մի պատկերի տարբերությամբ կարող եմ մեծարել կամ նվաստացնել։ Բայց դա չէ, որ ինձ հետաքրքրում է։

Հայաստանում ինձ անազատ են համարում, բայց ասում են, իբր էլի լավ ա, «տե՜ս հարևաններիցդ լավ վիճակում ես»։ Մի նրբություն կա՝ եթե ինձ թույլ չեն տալիս ասել մտքինս ամբողջությամբ, ես դառնում եմ ծաղրածու, ու ոչ մի դեպքում ինձ լուրջ ընդունել չի կարելի՝ թե չէ ավելի կծաղրեմ։ Մեծ հաշվով դա էլ անում եմ Հայաստանում։

Պատմում եմ այն, ինչը, ըստ ռազմահայրենասիրության սանդղակի, կարևոր է, դուրս շպրտում ոչ հաճելի նորությունները ու, ինչքան հնարավոր է, տեքստերս համեմում եմ պաթոսով, որ ինֆորմացիայի պակասը չզգացվի։ Շատ մեդիա աշխատակիցներ այդպես էլ չեն իմանա իսկական՝ անկողմնակալ, հետաքննական, հանրության համար կարևոր թեմայով արված նյութի համը։

Ցավոք, շատերը չեն էլ ձգտում դրան։ Մեդիայի իսկական մարդիկ պետք է ներսից հոշոտված լինեն ճիշտը իմանալու ցանկությունից ու այդպիսինները շատ քիչ են, բայց կան։

Ես ունեմ մեդիայի դերը ճիշտ հասկացող խենթեր, որ մտածել գիտեն։ Բայց դե, իմ կաշկանդված լինելու պատճառով նրանց կյանքն էլ դեպրեսիվ է դառնում։ Պրպտում են, գտնում են, հասկանում են, հայտարարում, բայց տարվա լուր է դառնում ոչ մի գաղափար, ջանք իր մեջ չպարունակող, Հրապարակում նկարված տեսանյութը։ Հետաքրքիր է, չէ՞, հասարակությունը իսկական սենսացիաների մասին շշուկով է խոսում, իսկ հեշտ մարսելի ինֆորմացիան տարածում է անխնա։

Այ, որ դպրոցում ուսուցչուհին բացատրեր, որ կարելի է նաև քննադատորեն մտածել, միգուցե մի քայլ առաջ գնայի։ Դպրոցներում հավատքն այնպես հմուտ են կոտրում, կարծես հուսախաբ անելու դասերի են գնացել։ Մարդուն սահմանափակող՝ կյանքի հնարավոր բոլոր օրենքները սովորած ավարտում են դպրոցը, ու ես ստիպված եմ իրենց բացատրել, որ թուրքը ազգություն է, իսկ թշնամին՝ հակառակորդը, որ պետության ապագան իրենց ձեռքերում է։ Պետք է տեսնեք այդ թերահավատ, ցինիկ հայացքները։ Երբեմն կոռուպցիան ավելի հեշտ է բացահայտել, քան բացատրել երիտասարդին, որ նա ու իր սերունդը կարող են կոռուպցիայի մեքենան ջարդել։ Մեդիա գրագիտություն սովորացնելու մասին վաղ է խոսել, քանի չեն ուսանվել տարրական մարդկային արժեքները, ու քանի վերլուծելու ունակությունը ընկալվում է որպես տաղանդ։

Ամեն դեպքում, կրթելը իմ հաճելի պարտականություններից է։ Չնայած՝ դեռ դժվար է ստացվում։ Կարծում եմ՝ կրթելու միջոցներս են թույլ։ Ես գրավիչ չեմ, փայլ չունեմ, հաճելի տեսք չունեմ (ուղիղ իմաստով) դիտողի համար։ Դա է պատճառը, որ ինձ հետևում են միայն նրանք, որոնք տեղեկացված լինելը համարում եմ քաղաքացիական պարտականություն ու գիտակցում են իրենց իրավունքների կարևորությունն ու միասնական որոշումների ուժը։

Մնացածին սկզբից տեսքով է պետք կրթվելու թակարդը գցել։ Օրինակ, լավ թակարդ էր SOS-ի «վերջինը», որին ամեն անգամ բոլորը անհամբեր սպասում էին: Սկզբից սպասում էին, որովհետև հաղորդավարը սիրունիկ տղա է ու հումորներ է անում, իսկ հետո սկսեցին սպասել, որովհետև կարևոր թեմաների մասին էր խոսվում ու ձեռքի հետ էլ մի քանի նոր փաստ էին սովորում։

Ու դա խաբեություն չէ, պարզապես ճիշտ բրենդինգ։ Ո՞վ ասաց, որ ինձ բրենդինգ պետք չէ։ Ավելի լավ օրինակ է Բուն թեմաներով խոսացող իմ տեսակը, որ բռնեց բացարձակապես կրթելու ճանապարհը ու մասնագիտացավ դրանում՝ ճիշտ ձևաչափեր ընտրեց, ճիշտ մարդկանց հրավիրեց ու դարձավ համար մեկ «համալսարանը»։ Այն կրթվել ցանկացողների համար, որ էլ ոչ մի դեպքում չեն նայում կրթական կառույցների կողմը, թարմ օդի նման, կարևոր տեղեկատվության աղբյուր դարձավ։

Այս օրինակները հույս են տալիս, որ ամեն ինչ կորած չէ ու որոշ փոփոխություններ դեռ անհատներից են կախված։ Հետո հիշում եմ, որ իմ մեծ մասը ստրկացված է տարբեր ուժերի կողմից ու հասկանում, որ քանի նյուզրումներս չեն ինքնամաքրվել, իմ հույսը դուք եք՝ անհատ, քաղաքացի լրագրողները։

Շատ խոսեցի ու տարբեր բաներից։ Բայց դե, հենց այսպիսինն եմ ես Հայաստանում։ Ամեն ինչից մի քիչ, ոչ լիարժեք ու էմոցիոնալ։ Ես ձեր արտացոլանքն եմ․ իմ ազատությունը ուղիղ համեմատական է ձեր ազատությանը։ Ինձնից ավելին պահանջեք, ինչպես ինքներդ ձեզնից։ Ու հիշեք իմ լավ դեմքերին, որոնք գծած ուղով չեն շարժվում, բայց հետևում են իրենց ներքին օրենքներին։

Հարգանքով՝
Ձեր Մեդիա

Քրիստինե Սոլոյան
Հայաստանի ամերիկյան համալսարանի
հաղորդակցության ֆակուլտետի ուսանող

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել media.am-ի տեսակետների հետ:


Մեկնաբանել

Media.am-ի ընթերցողների մեկնաբանությունները հրապարակվում են մոդերացիայից հետո: Կոչ ենք անում մեր ընթերցողներին անանուն մեկնաբանություններ չթողնել: Միշտ հաճելի է իմանալ, թե ում հետ ես խոսում:

Media.am-ը չի հրապարակի զրպարտություն, վիրավորանք, սպառնալիք, ատելություն, կանխակալ վերաբերմունք, անպարկեշտ բառեր եւ արտահայտություններ պարունակող մեկնաբանությունները կամ անընդունելի համարվող այլ բովանդակություն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *